Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի ընտանիքին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով ընդունեցի ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, հասարակական գործիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանի մահվան բոթը:

Հրայր Հովնանյանն արժանիորեն դասվում է հայ ժողովրդի երախտավորների, նրա մեծանուն զավակների շարքին, ովքեր անսահման սիրով ու հավատով լցված իրենց պատմական հայրենիքի հանդեպ, փայփայում էին մայր Հայաստանը աշխարհի հզոր ու զարգացած երկրների կողքին տեսնելու երազանքը և ամեն ինչ անում էին այն իրականություն դարձնելու համար:

Հովնանյանի անմիջական հովանավորությամբ ու գործուն մասնակցությամբ Արցախում իրականացվել են կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր, որոնց շնորհիվ լուծվել են կարևորագույն խնդիրներ կրթության, գիտության, առողջապահության և այլ ոլորտներում: Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում:

Արցախի Հանրապետության բարօրությանն ուղղված բացառիկ ծառայությունների համար Հրայր Հովնանյանն արժանացել է պետական բարձր պարգևների:

Անդառնալի կորստի այս ծանր պահին Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով:

Հրայր Հովնանյանի կյանքն ու գործը հայրենասիրության վառ օրինակ է, որը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»:




Լրահոս