Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով կամ, ինչպես առավել հայտնի է, «Մարտի 1-ի քրեական գործով» նախկին մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունի Հարությունյանն այսօր` 09.04.2021թ.-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել:
Տեղեկությունը Միքայել Հարությունյանի խնդրանքով իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է փաստաբան Կարեն Սարդարյանն ու հայտնել է նաև, որ «հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը` հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ 26.03.2021 թ.-ի ՍԴՈ- 1586 որոշումը, ըստ որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով պաշտպանական կողմի համոզմամբ կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն»: