ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Եվ այս տարի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ներկայացրել է մարտի 30-ին՝ պահպանելով ժամկետները: Եվ չնայած «ԱԺ կանոնակարգ» օրենքում հաղորդում ներկայացնելու ժամկետները սահմանված են, սակայն այն ներկայացնելունը սահմանված չէ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հաղորդումը խորհրդարանում քննարկելու ժամկետները դեռ հայտնի չեն, եւ չի բացառվում, որ առաջիկա նստաշրջանում այն դեռ չընդգրկվի օրակարգում, սակայն, ամենայն հավանականությամբ, մինչեւ արտահերթ ընտրությունների օրն այն կհասցնեն քննարկել: Օրինակ՝ 2019 թվականի տարեկան հաղորդագրությունը նախորդ տարի քննարկվել էր հունիսի 1-ին: Դատախազության 2020 թվականի հաշվետվությունը տարբերվում է հատկապես արցախյան պատերազմի մասին հիշատակումներով,  թե ինչ է կատարվել զինվորական դատախազության ոլորտում:

 

2020թ. ընթացքում ՀՀ ԶՈւ-ի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 5601 դեպք՝ նախորդ տարվա 3495-ի դիմաց: Աճ է արձանագրվել 2106 դեպքով կամ 60.2%-ով: Արձանագրված դեպքերից 2557-ը կամ 45.7%-ը եղել են պատահարներ, 3016-ը կամ 53.8%-ը՝ հանցագործություններ, այդ թվում՝ 2429-ը կամ 80.5%-ը` զինվորական, 587-ը կամ 19.5%-ը` այլ ընդհանուր բնույթի։ Ընդ որում, զինվորական հանցագործություններն աճել են 1873-ով կամ 336%-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործությունները` 214-ով կամ 57.4%-ով: Հարկ է նշել, որ հանցագործությունների դեպքերի կտրուկ աճը պայմանավորված է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմով։ Մասնավորապես, հանցագործությունների դեպքերից 1501-ը կամ 49.8%-ը արձանագրվել են ռազմական դրության ընթացքում։  Եթե 2019թ. ընթացքում արձանագրված 929 հանցագործությունից 141-ը կամ 15,2% են եղել ծանր եւ առանձնապես ծանր, որոնցից 110-ը` ծանր, իսկ 31-ը` առանձնապես ծանր, ապա 2020թ. արձանագրված 3016 հանցագործությունից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ են եղել 1659-ը կամ 55%-ը, որոնցից 1019-ը` ծանր, 640-ը` առանձնապես ծանր:

Նախորդ տարվա համեմատ՝ ծանր հանցագործություններն աճել են 909 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 609 դեպքով։ Այսինքն՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են համապատասխանաբար 826-ով եւ 1964 %-ով: Սակայն այստեղ եւս պետք է նշել, որ առանձնապես ծանր հանցագործություններից 538-ը կամ 84,1 %-ը պայմանավորված են եղել ռազմական դրությամբ։ 2020թ. արձանագրված 640 առանձնապես ծանր հանցագործություններից 9-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության, 1-ը՝ զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության, 1-ը՝ պահեստազորայինի կողմից պահեստազորայինի սպանության, 1-ը՝ պահեստազորայինի կողմից սպայի սպանության, 84-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի, 1-ը՝ պայմանագրային զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության փորձի, 1-ը՝ խոշտանգման, 2-ը՝ կաշառք ստանալու, 5-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ բռնություն գործադրելու, 18-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, իշխանության անգործության, 374-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 3-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 2-ը՝ ռազմական դրության ժամանակ հրամանը չկատարելու, 103-ը՝ ռազմական դրության ժամանակ դասալքության, 2-ը՝ ռազմական դրության ժամանակ անդամախեղման, 1-ը՝ մարտ վարելու միջոցները հակառակորդին թողնելու, 10-ը՝ ագրեսիվ պատերազմի, 14-ը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարման ժամանակ, 1-ը՝ միջազգային ահաբեկչության, 1-ը՝ ահաբեկչության, 1-ը՝ պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելու, 1-ը՝ ահաբեկչության ֆինանսավորման դեպքեր են:

2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 46 զինծառայող, որոնցից 8-ը՝ հակառակորդի կողմից սպանության, 4-ը՝ սպանության, 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 13-ը՝ ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու, 5-ը՝ հիվանդության, 7-ը՝ ավտովթարի, 1-ը՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու, 1-ը՝ ականի պայթյունի, 4-ը՝ դժբախտ պատահարի հետեւանքով: 2019թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 20 զինծառայող, այդ թվում՝ 4-ը՝ հակառակորդի կողմից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 2020թ. ընթացքում արձանագրվել է 87 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 21-ը՝ ժամկետային զինծառայող, 30-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա, 23-ը՝ սպա, եւ 8-ը՝ պահեստազորային:

Ն.Հ.

 

 

ԾԱՆՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խանութի սեփականատիրոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում գործող խանութում վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձորի բնակիչ, 30-ամյա տղամարդու, քննությամբ դեռեւս չպարզված անձանց եւ խանութի սեփականատիրոջ միջեւ առանց դիմակի խանութ մուտք գործելու շուրջ, ինչը շարունակվել է նաեւ խանութից դուրս՝ շենքի կողային հատվածում: Քննությամբ պարզվել է, որ 30-ամյա վանաձորցին ընկերների հետ դիտավորությամբ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, խմբով, ձեռքերով ու ոտքերով, իսկ 30-ամյա տղամարդը՝ նաեւ քարի գործադրմամբ, անկանոն հարվածներ են հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո տուժողին թողնելով դեպքի վայրում՝ վերջինիս կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը: Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Միջադեպին մասնակից մյուս անձանց մասով քրեական գործի վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՓՈՐՁԵԼ ՆԵՐԿՐԵԼ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Արեւմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Վաշինգտոն-Դոհա-Երեւան չվերթով Հայաստան ժամանած Հաայստանի Հանրապետության քաղաքացի Ա.Պ.-ի ուղեբեռը: Զննման արդյունքում, բացի անձնական օգտագործման իրերից, ուղեբեռում հայտնաբերվել են սուր հոտով, հաշիշի յուղի նմանվող դեղնականաչավուն զանգվածով տարբեր չափի 56 սրվակ եւ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով պլաստամասե 5 սրվակ ու տուփ:

 

 

 

ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

Անցել է շուրջ 6 ամիս, եւ մինչ օրս Ազգային անվտանգության ծառայությունը չի կարողացել հայտնաբերել, թե ինչ եղավ նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ կառավարության շենքից հափշտակված ՀՀ զինանշանը:

2020 թվականի նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը: Իսկ, ահա, ավելի ուշ վերջիններս մտել էին Ազգային ժողով եւ կառավարական առանձնատուն եւ այնտեղից նույնպես հափշտակություն իրականացրել:

Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: Հովհաննես Կարապետյանը եւս պատերազմի մասնակից է եղել եւ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից զայրացած՝ գնացել էր ՀՀ կառավարության շենք՝ իշխանություններից պարզաբանում ստանալու: Կառավարության շենք մուտք գործելով՝ նա իր հետ վերցնում է Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ դուրս բերում ՀՀ կառավարությունից: Վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը հայտնեց, որ Հովհաննես Կարապետյանը ՀՀ կառավարությունից հափշտակած ՀՀ զինանշանը տալիս է կառավարության շենքի դիմաց լաց լինող մեկ աղջկա, որը հայտարարում է, թե ինչի համար իր եղբայրը գնացել կռվի, հետ բերեն իր եղբորը: Ըստ փաստաբանի՝ Հովհաննես Կարապետյանը, տեսնելով լացող աղջկան, զինանշանը տալիս է նրան եւ ասում. «Եղբայրդ սրա համար գնաց կռվեց»:

Ինչեւէ, փաստ է մեկ բան, որ կառավությունից հափշտակված ՀՀ զինանշանը մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ Հովհանես Կարապետյանի մասով Ազգային անվտանգության ծառայությունում քննությունը շարունակվում է: Armlur.am-ը փաստաբան Մարինե Ֆարմանյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչու էր Հովհաննես Կարապետյանը զինանշանը վերցրել ՀՀ կառավարությունից , եթե նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ կառավարության շենք է մտել մեկ նպատակով՝ իշխանություններից պարզաբանում ստանալու համար:

 

 

 




Լրահոս