ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անշարժ գույքի շուկայի վրա բացասաբար է անդրադարձել ոչ միայն Covid-19 վարակը, այլեւ պատերազմական դրությունը. սրան գումարվել է նաեւ դոլարի փոխարժեքի բարձրացումը: Մասնագետների խոսքերով՝ քաղաքացիները չեն շտապում բնակարան գնել, բացի այդ, մարդկանց գնողունակության անկման պատճառով բավականին նվազել է է անշարժ գույքի գործարքների քանակը:

 

Պարզվում է՝անշարժ գույքի երկրորդային շուկայում է պասիվ ժամանակաշրջան սկսվել, իսկ մինչ այդ երկրորդային շուկայից օգտվում էին արտերկրում ապրող մեր հայրենակիցները: Կորոնավիրուս վարակի պատճառով դրսում ապրող հայերի գերակշիռ մասը չկարողացավ Հայաստան գալ:

Բայց, մյուս կողմից, անշարժ գույքի շուկայի վրա իր բացասական հետեւանքներն է թողել դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ։ Չէ՞ որ մեր հանրապետությունում անշարժ գույքի գները սովորաբար որոշվում են դոլարով, բայց բնակարանների առքուվաճառքը կատարվում է դրամով՝ տվյալ պահին դոլարին համարժեք գնով: Դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով բազմաթիվ քաղաքացիներ դանդաղում են բնակարան, տուն գնելու հարցում, սպասում են, թե երբ է այն նվազելու: Իսկ օրավարձով բնակարանների շուկան շարունակում է մնալ ճգնաժամային վիճակում: Չէ՞ որ սահմանները փակ են, եւ զբոսաշրջիկներ մուտք չեն գործում Հայաստան, իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները:

Ի դեպ, այս ամենի արդյունքում Երեւանում բնակարանների գները փոքր-ինչ նվազել են: ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը 3300 դրամով էժանացել է: Այսինքն՝ այս տարվա հունվարին բնակարանի մեկ քմ-ի գինը կազմել է 608 հազար 500 դրամ, իսկ փետրվարին՝ 605 հազար 200 դրամ: Բայց նախորդ տարվա փետրվարին Փոքր կենտրոնում բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը կազմել է 665 հազար դրամ: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում կենտրոնում անշարժ գույքի գինը 59 հազար 800 դրամով նվազել է:

Երեւանի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիր վարչական շրջանում, բնակարանի մեկ քմ-ի գինը 436 հազար 500 դրամից նվազել է՝ հասնելով 435 հազար դրամի: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի գինն էժանացել է 1500 դրամով. այստեղ բնակարանի մկ քմ-ի գինը 315 հազար դրամից իջել է՝ դառնալով 313 հազար 500 դրամ:

Էրեբունի վարչական շրջանում ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին բնակարանի մեկ քմ գինը կազմել է 280 հազար 500 դրամ, իսկ Նուբարաշենում այն կազմել է 174 հազար 500 դրամ: Բացի այս, ըստ մասնագետների՝ վերջին ամիսներին բնակարանների սեփականատերերը ցանկանում են արագ վաճառել իրենց անշարժ գույքը, բայց գնորդ չունենալու պատճառով նրանք սկսում են աստիճանաբար նվազեցնել իրենց գույքի գինը:

Թե ինչ կլինի առաջիկայում անշարժ գույքի շուկայում, դժվար է կանխատեսել, բայց անշարժ գույքի շուկան կկարողանա շնչել միայն այն ժամանակ, երբ տնտեսությունն ակտիվանա: Մյուս կողմից, տնտեսության, այդ թվում՝ անշարժ գույքի շուկայի վրա բացասաբար անդրադառնում է նաեւ երկրում ստեղծված քաղաքական անկայուն վիճակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՇՆԵՐ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է մաքսային ծառայողներին հնարավորություն տալ ծառայողական շներ օգտագործել նաեւ մաքսային հսկողության իրականացման շրջանակներում ապօրինի ներմուծվող կամ արտահանվող թմրամիջոցների, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ: ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով՝ օրենքով սահմանված են մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառումը, որոնցում ներառված է նաեւ ծառայողական շների օգտագործումը: Օրենքով նախատեսված է ծառայողական շների օգտագործման հնարավորությունը, սակայն սահմանված չէ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ծառայողական շների օգտագործումը մաքսային հսկողության շրջանակում: «Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են օգտագործել նաեւ մաքսային հսկողության իրականացման շրջանակում ՀՀ ապօրինի ներմուծվող կամ ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ծառայողական շների օգտագործումն արգելվում է որոշակի դեպքերում»,- ասել է Հովհաննիսյանը:

2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց քանակը: Այսպես, 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 42 801 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ նախորդ տարվա 36 198-ի փոխարեն: Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մշակել է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկներ:

 

 

 

ՏՈՒՖՈՎ ԿՍԱԼԻԿԱՊԱՏՎԻ

Կառավարության 2020թ. սուբվենցիոն ծրագրով՝ Բերդի համայնքապետարանի եւ ռուսաստանաբնակ այգեձորցիների համաֆինանսավորմամբ Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրում իրականացվում են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Ապրիլի 5-ին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն այցելել է Այգեձոր` ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը 162 միլիոն դրամ է, որից 65 միլիոն դրամը կազմում է խոշորացված Բերդ համայնքի ներդրումը։ Բերդ համայնքի ղեկավար Հարոււթյուն Մանուչարյանը հայտնեց, որ այդ 65 միլիոն դրամից 20 միլիոնը ռուսաստանաբնակ այգեձորցիների ներդրումն է։ Այգեձորում ակտիվորեն  ընթանում են շինարարական աշխատանքները։ Համայնքի ղեկավարը հայտնեց, որ թեք, նեղ հատվածներում, որտեղ  գրեյդերը չի կարող մտնել, կատարվում են տուֆով սալիկապատման աշխատանքներ:  Տուֆով սալիկապատման աշխատանքները կատարվում  են Այգեձորի  մի քանի հատվածներում, ընդհանուր առմամբ կիրականացվի մոտ 2 կմ երկարությամբ ճանապարհների տուֆով սալիկապատում։ Այգեձորի ճանապարհների կառուցապատման աշխատանքները կավարտվեն մի քանի ամսից։ Բերդ համայնքի մաս կազմող սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում մեկնարկել է «Մայրիկ» մանկական պուրակի կառուցապատման աշխատանքները։  Պուրակի կառուցապատման համար անհրաժեշտ հողը կուտակվել է, իրականացվել են պուրակի տարածքի հարթեցման աշխատանքներ։

 

 

 

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 1-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից եւ նշանակվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Մեկ շաբաթ Տավուշի մարզպետի պաշտոնը  թափուր է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Տավուշի նոր մարզպետ չի նշանակում։ Մամուլում շրջանառվեց այն լուրը, թե Տավուշի մարզպետ է նշանակվելու  տնտեսական մրցակցության պաշտպանության  պետական հանձնաժողովի նախկին անդամ Էդգար Ճաղարյանը։ Նա արմատներով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից է։ Սակայն Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրը հերքեց այդ լուրը։ Ավելի իրատեսական է  մարզպետի պաշտոնում Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի նշանակումը։ Նա Իջեւան քաղաքի բնակիչ է։ Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրը հայտնում է, որ  Տավուշի մարզպետ նշանակելու հարցում Նիկոլ Փաշինյանի իջեւանցի մտերիմների մեջ կան տարաձայնություններ, այդ պատճառով էլ  նոր մարզպետի նշանակումը ձգձգվում է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս