ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Որոշման նախագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության 105 մասնագիտությամբ: Նախնական մասնագիտական կրթական ծրագրով առաջարկվել է հատկացնել 3512 տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 5784:

 

Ընդունելության տեղերը հաստատվում են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

Փաստաթղթի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները եւ պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաեւ ուսումնական հաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկներով պայմանավորված մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաեւ հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը՝ ըստ մասնագիտությունների: Հաշվի առնելով վերոգրյալը եւ այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում սոցիալական խնդիրներն առավել ակնհայտ են՝ անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Նշենք, որ ներկայում մարզերի ուսանողների շուրջ 95%-ը սովորում է անվճար ուսուցման համակարգում:

Հավելենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու, ինչպես նաեւ ընդունելության կարգով առնվազն վճարովի համակարգի համար անցումային միավոր հավաքելու դեպքում առնվազն ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2021/2022 ուսումնական տարվա համար նախատեսվել է 160 պահուստային տեղ: Գործերի ընդունելության ավարտից հետո այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների եւ արտոնություն ունեցող դիմորդների:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել փորձարարական կարգով ներդրվող նոր մասնագիտություններին, մասնավորապես՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում եւ սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների եւ սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» եւ «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում եւ շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման եւ շահագործման» որակավորմամբ, եւ «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում եւ նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման» որակավորմամբ: Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր կհատկացվեն նաեւ պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններին, որոնցով առկա են հատկացված տեղերից ավելի դիմորդներ, որոնք մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

Քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ ապրիլի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

 

 

 

ԶԵՆՔ Է ԳՈՐԾԱԴՐՎԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Կատալինա» գիշերային ակումբում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: 2021թ. մարտի 21-ին Չարենցավան քաղաքի բնակիչն ընկերների հետ այցելել է «Կատալինա» գիշերային ակումբ, որտեղ ժամը 05:00-ի սահմաններում վիճաբանություն է առաջացել նրա եւ ակումբի տնօրենի միջեւ, ինչին միջամտել է նաեւ վերջինիս ազգականը: Քննության տվյալներով՝ երիտասարդը վիճաբանության ընթացքում ցանկացել է դանակով հարվածել տնօրենին, սակայն ծեծի է ենթարկվել վերջինիս եւ նրա ազգականի կողմից: Չարենցավանի բնակիչը, չհանդուրժելով տեղի ունեցածը, 2021թ. մարտի 24-ին իր շուրջ 30 ընկերների հետ, սեփական անձի առավելությունն ընդգծելու, հասարակության համընդհանուր ճանաչում ստացած բարոյականության նորմերին հակադրվելու մոլուցքով տարված, ցուցադրական կերպով անտեսելով հասարակական վայրում վարքագծի եւ մարդկային համակեցության կանոնները, որսորդական հրացանով, ատրճանակով, փայտե մահակներով զինված, մտել են նշված գիշերային ակումբ եւ խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ակումբում գտնվող անձնակազմի ու հաճախորդների նկատմամբ`  կոտրել եւ վնասել են ակումբի դռները, որսորդական հրացանով ու գազային ատրճանակով կրակել ակումբի պատերին, բռնություն գործադրել ակումբի հաճախորդներից մեկի նկատմամբ` ծեծի ենթարկելով եւ մարմնական վնասվածքներ պատճառելով նրան՝ այդկերպ ակումբի աշխատակիցների ու հաճախորդների մոտ առաջացնելով սեփական անձի անձեռնմխելիության հանդեպ տագնապի եւ վախի զգացում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ ակումբի պատերին հայտնաբերվել են կրակոցի հետքեր, փշրված ապակիներ, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, միջադեպին մասնակիցներից չորսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի ժամանակ գործադրված հրազենի ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը եւ ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 

 

 

1025 ՆՈՐ ԴԵՊՔ

Ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 198.898 դեպք, որոնցից 178 227-ը` առողջացած, 3647-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 884 929 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 4639 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1025 նոր դեպք: Ունենք 626 առողջացած եւ 20 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 936 է:

 

 

 

ՆՈՐ ԳՆԱՃԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐ

Հայաստանը, ամենայն հավանականությամբ, պետք է բենզինի գների հետ կապված վատ լուրերի սպասի: Այս մասին  ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը: Նա հիշեցրել է, որ ավարտվում է պայմանագրի ժամկետը, համաձայն որի՝ Հայաստանը սահմանին գազ է ստանում 165 դոլարով 1000 խմ-ի դիմաց: «Եթե լավ լուրեր լինեին, իշխանությունները կփողահարեին այդ մասին»,- նշել է փորձագետը: Բենզինի գների բարձրացումը, ինչպես պարզաբանել է Ավետիսյանը, նոր գնաճային ճնշումների կհանգեցնի: Հիշեցնենք, որ գազի գինը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին 2019-ի հունվարի 1-ից 165 դոլար է՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:

 

 




Լրահոս