2021 մարտի 31-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցրեց ընդամենը 5 օր եւ նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա անձի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Պարզվում է` Սիմոնյանը ԱԱԾ պետ նշանակվելուց հետո դատական համակարգում մի որոշում է կայացրել, ինչը քրեորեն պատժելի արարք է, եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունը Անդրանիկ Սիմոնյանի գործողության մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն:
Իսկ ո՞րն է թեման: 2017 թվականին քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով, որը խստացվել է 2018 թվականի մայիսի 10-ին: 2018 թվականի մայիսի 31-ին քրեական գործը՝ վերջնական մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մինչ օրս գործը տարբեր դատավորներ քննել են ու փոխանցել մեկը մյուսին: Եւ, ահա, Աբգարյանի պաշտպանը, երբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, գործը քննել է նախկին դատավոր, այսօր արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը (նա 2020 սեպտեմբերից է ստանձնել գործի քննությունը): Ուշագրավն այն է, որ թեեւ դատավոր Սիմոնյանը 2021 թվականի փետրվարի 5-ին առանձին դատական ակտի ձեւով որոշում է կայացրել` ներկայացված միջնորդությունը մերժելու մասին, սակայն կողմերը մինչ օրս չեն ստացել որոշումը. այն չի ուղարկվել: Եւ հիմա իրավապաշտպանները ԱԱԾ-ի ուշադրությունն են հրավիրել այն իրողության վրա, որ Անդրանիկ Սիմոնյանը պետք է հետին թվով ստորագրի այս որոշումը արդեն իսկ դատավորի կարգավիճակում չգտնվելու եւ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ լինելու ժամանակահատվածում: Այս արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված է. «Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը…»:
Սույն հանցագործությունը ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում: Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է մի կողմից պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու եւ, մյուս կողմից, դատարան եւ իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելու միջոցով: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այսպիսով, եթե Անդրանիկ Սիմոնյանը դատավորի կարգավիճակում կայացրած դատական ակտը պետք է ստորագրի 2 ամիս անց, ստացվում է պաշտոնական կեղծիքի հանցակազմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտը կայացվում է այն ստորագրելու միջոցով, եւ դրա հետաձգված ստորագրությունը պաշտոնական փաստաթղթում կեղծիք մտցնելու հանցակազմ է պարունակում: Մեզ մնում է սպասել ԱԱԾ քննիչների գործողություններին եւ հիշեցնել, որ Սիմոնյանին ԱԱԾ պետի պաշտոնում փաստացի նշանակել է տվել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս նախաքննական մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեն, Հայկ Հարությունյանի հարազատներին տեղեկացրել է, որ որոշում է կայացնելու կարճել քրգործը: Սակայն նախկին ոստիկանապետի հարազատները, մասնավորապես՝ Հայկ Հարությունյանի եղբոր որդին, այդ որոշման հետ համամիտ չէ եւ հայտնել է, որ կան բացեր, որոնք նախաքննական մարմինը քննության առարկա չի դարձրել, ուստի պետք է լրացնել դրանք: Նա, մասնավորապես, միջնորդություններ է ներկայացրել Քննչական կոմիտե` ասելով, որ պետք է Հայկ Հարությունյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները լինեն քրեական գործում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հարությունյանի եղբորորդու ներկայացրած խոսակցությունների վերծանումները կարվեն, նախաքննական մարմինը դրանք կներգրավի քրեական գործի մեջ եւ ընթացքը կլուծի: Ասել է թե՝ առաջիկայում ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը կկարճվի: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանը իր իրավունքների համար Եվրադատարանում կռիվ տալուց հետո հաղթել է: Պետությունը նրան բավականին կլորիկ գումար է տվել` որպես ոտնահարված ու խախտված իրավունքների փոխհատուցում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գագիկ Ջհանգիրյանը պետությունից ստացված գումարները երեկ վերցրել է ու գնացել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին անձամբ տվել է երկու միլիոն դրամ գումար` խոստանալով, որ օրերս էլի է նվիրաբերելու որոշ գումարներ՝ արդեն անհատապես վերականգնողական կենտրոնում բուժվողների համար, նրանց անունով: Այսպիսով, մի շարք դատավորների, քննիչների ու դատախազների պատճառով մեր երկիրը պարտվել է Եվրադատարանում: Եւ, բացի ամոթալի պարտությունից, ՀՀ կառավարությունը հարկատուների միջոցներով գոյացած գումարներով ձեւավորված պետական բյուջեից ստիպված է եղել փոխհատուցել Ջհանգիրյանի խախտված իրավունքների համար: Ու լավ է, որ գոնե այդ գումարները բաժին են հասել վիրավոր, անդամահատված զինվորներին:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեցին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Հիշեցնենք, որ կառավարությունն իր նախորդ նիստերից մեկում հավանություն էր տվել օրենքի նախագծին, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ինքն այդ նախագիծը համարում է խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում եւ ուղղված է այն սահմանափակելուն: Գաղտնիք չէ, որ կառավարությունում Թաթոյանի դեմ արշավ էր սկսել Արսեն Թորոսյանը, իսկ խորհրդարանում էլ՝ պատգամավորների այն հատվածը, որոնք գտնվում են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազդեցության տակ։ Բայց այս հաղթանակը չի նշանակում, որ առաջիկայում կրկին հարձակումներ չեն լինի Արման Թաթոյանի ուղղությամբ: Բանն այն է, որ Արսեն Թորոսյանը դեռ առողջապահության նախարար եղած ժամանակից է թիրախավորել Թաթոյանին, քանի որ ՄԻՊ-ը քննադատել էր Առողջապահության նախարարության գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարի առումով: Ու պարզվում է` հենց Թորոսյանն էր առաջարկել այլեւս Թաթոյանին չկանչել կառավարության նիստերին։