ArmLur.am-ը զրուցել է «Հայահավաք» նախաձեռնության անդամ Արագած Ախոյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք իրենք որոշում ունեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իրենք քննարկումների մեջ են, ու խնդիրը նաեւ այն է, որ իրենք որեւէ ձեւով չեն ցանկանում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազմակերպի այդ ընտրությունները: Ըստ Ախոյանի՝ իշխանությունները կօգտագործեն իրենց ռեսուրսները եւ կկեղծեն այն:
-Հայտնի է, որ հունիսի 20-ին իշխանությունը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այս պահին քաղաքական ուժերը նախապատրաստվում են, ցուցակներ են գրում, նախապատրաստում են քարոզարշավներ եւ այլն: Դուք արդյոք պատրաստվո՞ւմ եք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
-Ես՝ որպես «Հայահավաք» նախաձեռնության անդամ, մենք ունենք կոլեգիալ որոշում, նախ՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ ընտրությունները տեղի չունենան, այսինքն՝ մենք կողմնակից ենք ժամանակավոր կառավարությանը, որպեսզի պատրաստվեն: Այս վարչապետի ղեկավարած իշխանության ներքո մենք խիստ կասկածում ենք ընտրությունների արդյունքների վրա, քանի որ գիտենք բոլոր չգրված մեթոդները՝ պետական լծակներ եւ այլ ռեսուրսներ, որոնց կօգտագործվեն իրենց ձայները պահպանելու համար:
-Այսինքն՝ իշխանությունը կկեղծի՞ ընտրությունները:
-Անպայման, բացի այն, որ կկեղծի, այլ նաեւ կօգտագործի իր պետական ռեսուրսը: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ թիվ է կազմում ոստիկանությունը, պետական համակարգը, նախարարությունները, կառավարության ենթակայության տակ գտնվող բոլոր անդամները:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում խոչընդոտելու պրոցեսը: Ի՞նչ պետք է անեք, որպեսզի իշխանությունը չգնա ընտրությունների:
-Մենք դեմ ենք արտահայտվում, բայց եթե գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, բնականաբար, ձեռքներս ծալած չենք նստելու:
-Այսինքն՝ այդ դեպքում «Հայահավաք»-ը կմասնակցի՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
-Անպայման:
-Ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու:
-Ձեւաչափն ասել չեմ կարող, դեռ քննարկումների փուլում է: Երբ վերջնական տեսքի եկավ, մենք կհայտարարենք, բայց առայժմ մենք դեմ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մի հանգամանք էլ նշեմ. որպես երկրի գերագույն ստախոս, խիստ կասկածում եմ, որ նա մինչեւ վերջ իր դիրքորոշմանը, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարող է քնեն, արթնանան, կամ նախորդ օրվա խմած օղու խտությունից կախված լինի նրա որոշումների փոփոխությունը:
-Պարո՛ն Ախոյան, ինչպե՞ս եք պատկերացնում ընտրությունների գնալը: Դաշինքո՞վ, թե՞ միանյակ եք մտադիր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
-Մենք հիմա այս ամեն ինչը ծանր ու թեթեւ ենք անում, դեռ կորոշենք: Հիմա որոշում չունենք:
-Կա՞ մի քաղաքական ուժ, որն այս պահին վայելում է հանրության վստահությունը, ավելի ուժեղ է, կարելի է իր հետ ճանապարհ գնալ:
-Իհարկե, կան այդպիսի քաղաքական ուժեր, բայց չեմ կարող ասել, թե որոնք են: Հիմա սխալ կլինի որեւէ անուն տալը, հետո ինչ-որ բան փոխվելու դեպքում ավելի լավ է դրա մասին չխոսել: Դա հաստատ իշխանական թեւը կամ դրանց հարող ուժերը չեն:
– Տեսակետ կա, որ ներկայիս իշխանությունը, դեռեւս վայելում է հանրության վստահությունը: Հատկապես մարզերում, ասում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր, քան, օրինակ, Ռոբերտ Քոչարյանինը, Արթուր Վանեցյանինը կամ Սերժ Սարգսյանինը: Կարծո՞ւմ եք, որ Ն. Փաշինյանի վարկանիշն ամենաբարձրն է:
-Նիկոլ Փաշինայնն ինքն իրեն կերակրում է իր ստեղծած կերակուրով, համայնքներ գնում է ամենաէժանագին բեմադրություններով: Այնպես որ, մենք այս էժանագին ձեւերը, էժանագին մանիպուլիացիաները գիտենք, որոնք արհեստական տպավորություն են ստեղծում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԲԱՎԱՐԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԿԱՆ
«Այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը չի հրապարակվել, իշխող խմբակցության նախաձեռնությունն է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որովհետեւ այդտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016թ. եւ չէին շտկվել մինչեւ 2020թ. պատերազմը»,- ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը:
«Իրենց ձախողումները եւ կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016 թվականի պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստացի չկարողացանք: Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ, դա Սերժ Սարգսյանի պարտված, ձախողված առաջնորդ կերպարի ստեղծումն էր, փաստորեն չեն կարողանալու, որովհետեւ իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս, եւ, հետեւաբար, զեկույցը չի հրապարակվում քաղաքական նկատառումներից ելնելով»,- նշել է նա:
Պատգամավորի խոսքով՝ իրենց խմբակցությունն առաջարկել է, որ զեկույցը բաղկացած լինի մի քանի մասից՝ ուղղված Պաշտպանության նախարարությանը, իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին եւ ԱԺ-ին, իսկ մի մասը՝ հանրությանը, որպեսզի փարատի բոլոր այն կասկածները եւ թունավոր նյութերը, որոնք ժամանակին սփռվեցին դաշտ՝ բարոյազրկելու եւ արժեզրկելու մեր բանակը:
Այն հարցին, թե իշխող ուժից քննադատում էին ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ինչու նրան վերանշանակեցին այդ պաշտոնում, Գորգիսյանն ասել է. «Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում, կարծում եմ, կա բավարար նյութ, որ նրա դեմ քրեական գործ հարուցվի, եւ նա ստիպված լինի պարզաբանումներ տալ՝ ինչու է ինքը մեղավոր, նույնը կա նաեւ վերջին պատերազմի ընթացում: Մերժեցին մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետեւ բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու համար: Երբ նա ԳՇ պետ էր, այդ շրջանում մենք գնել ենք զենքեր, որ մենք որեւէ կերպ չէինք կարողանալու օգտագործել, եւ շարքից հանել ենք զենքեր, որոնք մենք կարող էինք օգտագործել, եւ մեզ պետք էին լինելու: Կրճատել ենք զինվորական ստորաբաժանումներ, պատրաստել ենք Հայաստանը պարտության, դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ: Ինչո՞ւ. այդ հարցին քրեական գործի շրջանակներում պետք է տրվեն պատասխաններ»:
Գեւորգ Գորգիսյանի համոզմամբ՝ ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու արդյունքում կլինեն պատշաճ նյութեր՝ ուղարկելու իրավապահ մարմիններ, որպեսզի հարուցվեն քրեական գործեր:
ԿՅԱՆՔԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակները, իրար հերթ չտալով, թանկանում են. հավկիթին, ձեթին ու կարագին հաջորդել են նաեւ ալյուրն ու հացը: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն այս շղթայական թանկացումների հետ կապված չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ալյուրի գինը զգալի բարձրացել է. օրինակ 10 կգ ալյուրի գինը 2400 դրամից բարձրացել է՝ դառնալով 2800 դրամ, իսկ ցորենի բարձր որակի ալյուրի 50 կգ արժե 12400-13500 դրամ, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր մոտ 12 հազար դրամով: Իսկ, ահա, առաջին սորտի ալյուրն այժմ վաճառվում է 11 800-12000 դրամ, այն նախկինում ավելի էժան էր: Միայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ալյուրի գինը այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, բարձրացել է 1.6 տոկոսով, իսկ հացը թանկացել է 0.2 տոկոսով: Ի դեպ, ալյուրը այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է 14.4 տոկոսով, իսկ հացը՝ 8.6 տոկոսով։
ՍԵՓԱԿԱՆ ՌԵԿՏՈՐՆԵՐ
ԲՈՒՀ-երն իրենց ձեռքը վերցնելու գործելաոճը հեղափոխական իշխանությունը չի փոխում: ԵՊՀ-ում եռամյա տապալումից հետո կառավարությունը որոշել է իր վստահելի մարդկանց դարձնել տարբեր բուհերի հոգաբարձուների խոհրդի անդամներ եւ նախագահ, որպեսզի ունենա կառավարելի ռեկտորներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը եւս իրենցով են արել: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, որ Ավինյանի հովանավորյալն է, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել, ընդ որում՝ բավականին մեծ դժվարություններով. հոգաբարձուների խորհրդի անդամների՝ ՀՀ իշխանության վստահելի թեւի ջանքերով մի կերպ դարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործող իշխանությունների գերնպատակը համալսարանները հատկապես ընտրություններից առաջ յուրայիններով հագեցնելն է: