ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Свободная Пресса»-ն հրատարակությունը հոդված է հրապարակել, որում Նիկոլ Փաշինյանի երեկվա մոսկովյան այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համատեքստում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին:

 

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Նման եզրակացություն կարելի է անել ապրիլի 7-ին Մոսկվայում  տեղի ունեցած  Պուտին-Փաշինյան բանակցություններից:  Բանակցությունների թեմաներն էին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին վերաբերող հարցերը, ինչն առանցքային է տարածաշրջանի անվտանգության համար, ինչպես նաեւ ռազմագերիների խնդիրը:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Մոսկվայից նախատեսվում է քաղտեխնոլոգների թիմ ուղարկել Հայաստան: Այժմ ստեղծվում է մեդիա մասնագետների թիմ, որը աշխատելու է Հայաստանում հունիսին կայանալիք ընտրությունների ուղղությամբ: Թե ում համար,  դեռեւս անհայտ է: Մի՞թե Քոչարյանի: Գագիկ Ծառուկյանը նույնպես ամուր քաղաքական դիրք ունի հանրապետությունում եւ, որպես երրորդ ուժ, կարող է կշեռքի նժարը թեքել դեպի այս կամ այն ֆավորիտի կողմը:

Քոչարյանի հարցազրույցը Պոզներին, ինչպես նաեւ Պեսկովի կողմից Պուտինի եւ Քոչարյանի բանակցությունների փաստի հաստատումը՝ թեկուզ հեռակա,  ոչ անձնական ձեւաչափով, ցույց են տալիս, որ Մոսկվան որոշակի համակրանքով է վերաբերվում նրան: Վերջին տարիներին՝ նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդման ընթացքում, Կրեմլը դա չէր էլ թաքցնում: Կաշառքի դեպքի առթիվ Քոչարյանի նկատմամբ շարունակվող քրեական հետապնդումը դժվար ապացուցելի է եւ լուրջ սպառնալիք չի ներկայացնում նախկին նախագահի համար: Դատարանում դա անկասկած կձախողվի, եւ դա չի փակի ընտրությունների ճանապարհը Քոչարյանի համար:

Փաշինյանը ընտրություններում կարող է առավելագույնը ձայների մեկ երրորդի հույս ունենալ: Հետեւաբար, նա ամեն ինչ կանի, որպեսզի, որքան հնարավոր է, քիչ ընտրողներ մասնակցեն: Կան շատ մարդիկ, որոնք դեմ են կառավարությանը, բայց դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում: Նվազագույն մասնակցությունը եւ գործող ընտրական օրենսդրությունը կարող են Փաշինյանին մեծամասնություն ապահովել խորհրդարանում՝ նույնիսկ ձայների մեկ երրորդով: Հետեւաբար, շատ բան կախված է ընդդիմությունից. կարո՞ղ է արդյոք այն միավորվել, արդյոք ընդդիմադիր կուսակցությունները միմյանցից ձայներ չե՞ն խլի, կկարողանա՞ն ապահովել ընտրողների չկողմնորոշված մասի ձայները:

Արդյոք ընտրություններին Մոսկվան խաղադրույք կանի Պուտինի անձնական ընկեր Ռոբերտ Քոչարյանի կամ Հայաստանի այլ քաղաքական գործիչների օգտին, որոնց թիվը շատ է, այլ հարց է, բայց Փաշինյանի վրա խաղադրույք չի անի, հատկապես՝ «Իսկանդերի» մասին նրա վերջին հայտարարություններից հետո: Սա թույլ տված սխալ չէր, այլ նրա դիրքորոշումը: Նա ոչ միայն ցանկանում է դուրս բերել Հայաստանը ռուսական ինտեգրացիոն բլոկից, այլեւ Լեռնային Ղարաբաղում պարտության մեղքը գցել Ռուսաստանի վրա: Փաշինյանը հանուն հաղթանակի  չի օգտագործել այն հնարավորությունները, որոնք նրան տալիս էին ռուսական զենքը եւ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը:

Նա հրաժարվել էր ՀԱՊԿ-ից օգնություն խնդրել նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարվածում էր ՀՀ տարածքում գտնվող հրթիռային համակարգերի վրա, եւ դա խոստովանել է: Դա առիթ էր, որից հրաժարվելը հիմարություն էր: Ուղղակի հարձակումը Հայաստանի վրա ՀԱՊԿ-ին կստիպեր այս կամ այն կերպ արձագանքել, ինչը կամրապնդեր Երեւանի դիրքերը գոնե քաղաքական առումով:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ

Մարդասիրական արձագանքման կենտրոնը կազմակերպել է օգնության առաքում Ասկերանի շրջանի Խնածախ բնակավայր: Ռուսաստանյան խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, տեղահանվածներին եւ փախստականներին տրամադրել են սննդի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ, ծածկոցներ, բարձեր եւ այլն: Ընտանիքներին օգնելուց բացի, խաղաղապահները բուժկետին եւ հիվանդանոցին են փոխանցել առաջնային ախտորոշման սարքավորումներ:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի՝ 2021 թվականի ապրիլի 5-ի ԲԴԽ-20-Ո-25 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Նարեկ Գաբրիելյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրի մեջ:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

 

 

 

ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ

Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Այս մասին հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ «Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը», – գրել է ընդդիմադիր պատգամավորը։

 

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ներկայացված հայցով պահանջ է ներկայացվում հաստատել հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները եւ հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը։ Ներկայացվել է 4 մլն դրամի փոխհատուցման պահանջ՝ զրպարտության եւ անմեղության կանխավարկածի համար։

 

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, այլ ոչ թե կարգավորել այն: Նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված առցանց սեմինարի շրջանակում՝ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը: «Ես ադրբեջանական իշխանությունների շրջանում դժգոհության աճ եմ ակնկալում այն կապակցությամբ, որ ռուս խաղաղապահները, ինչպես երեւում է, երկարաժամկետ հեռանկարում են պատրաստվում մնալ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Քենթը:

 

 

ՊԼԱՆԱՎՈՐԱԾ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին  գողության դեպքեր են տեղի ունեցել Երեւանում գործող «Նոր Զովք» սուպերմարկետներից։ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնում Բաբաջանյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի տագնապային ազդանշանը միացել է: Պարզվել է, որ նույն օրը անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի շերտավարագույրները բացել են եւ այնտեղից գողացել «Իզի Փեյ» վճարային տերմինալը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված վճարային տերմինալը վնասված եւ թալանված վիճակում հայտնաբերել են Արգավանդ գյուղի կենտրոնական 2-րդ փողոցում։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։  Երեկ՝ ապրիլի 7-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երեւանի բնակիչ Դերենիկ Հունանյանը եւ հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով Արշակունյաց պողոտա 54/49 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից գողացել են «Իզի Փեյ»-ի հաշվարկային տերմինալը։ Նշված գողության փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է

Պատերազմի հետեւանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին, 2020թ. նոյեմբեր ամսից սկսած, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի եւ Արցախի Հանրապետության շրջանների հյուրանոցներում եւ հյուրատներում: Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում եւ հյուրատներում բնակեցվել են մոտ 1200 քաղաքացի: Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են՝ ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ): Նշենք, որ այս պահին քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ հյուրանոցներում ազատ սենյակներ չկան:

 

 




Լրահոս