Երեկ կառավարությունը հավանություն է տվել «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկում է համաներում հայտարարել մինչեւ 2020թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
Մասնավորապես, առաջարկվում է, համաներում հայտարարելով, պատժից ազատել այն անձանց,
l որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,
l որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
l որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
Առաջարկվում է նաեւ, համաներում հայտարարելով, դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Նախատեսվել է նաեւ դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
Նախագծով նախատեսվել են այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում: Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, նշել է, որ թեման շատ վիճահարույց է, բայց, այնուամենայնիվ, իրենք կայացրել են քաղաքական որոշում: «Նախկինում երբեք այս հոդվածը համաներման տակ չի ընկել հասկանալի պատճառներով: Թվում է, թե այս իմաստով ամենաանպատեհ ժամանակաշրջանն է պատերազմից հետո 44-օրյա ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառել համաներում: Բայց այս որոշումը մենք կայացրել ենք նաեւ հետեւյալ նկատառումով՝ մեր բանակը հիմա թեւակոխում է խորը եւ բովանդակային բարեփոխումների փուլ: Ըստ էության, սա բոլորիս համար հնարավորություն է ինչ-որ մի կետ ֆիքսել եւ այդ կետից գնալ առաջ: Շատ կարեւոր է արձանագրել նաեւ մի շատ տխուր վիճակագրություն, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը՝ 90 եւ ավելի տոկոս, հետախուզվում են հենց այս հոդվածով: Բայց տվյալ դեպքում ուզում եմ ընդգծել, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա քաղաքական որոշում է, որն ուղված է նոր փուլ, նոր էջ բացելուն, այդ թվում՝ Սփյուռքի հետ հարաբերություններում. «Մենք կայացնում ենք այսպիսի քաղաքական որոշում, եւ դրա պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա: Համոզված եմ՝ սա ճիշտ որոշում է, որովհետեւ այս ցիկլից դուրս գալու որեւէ ուրիշ տարբերակ չկա»,- ասել է կառավարության ղեկավարը:
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՒՄ
Հայաստանի ավտոշուկայում առաջիկայում կկիրառվի «Trade-in» համակարգը: Ավտոմեքենաների «Trade-in» համակարգը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում: Վերջին տարիներին այն հաջողությամբ ներդրվել է նաեւ ԵՏՄ անդամ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի եւ Ղազախստանի Հանրապետություններում: Այս համակարգով քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց օգտագործած ավտոմեքենաները վաճառել տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնել նորը` վճարելով գնային տարբերությունը։ Իսկ ներկայացուցիչն իր հերթին հետագայում այն վերանորոգում է ու վերավաճառում` շահավետ պայմաններով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նվազեցնել ավտովաճառողներից գանձվող հարկերը։ Այս ճանապարհով նախարարությունը մտադիր է թեթեւացնել դեռեւս 2019 թվականին ՀՀ բերած մեծ թվով ավտոմեքենաների պարկը: Բացի այս, նախարարությունում հույս են հայտնում, որ այս համակարգի ներդրմամբ ավտոմեքենաների մեծ մասը կփոխարինվի նորով: Բացի այս, քաղաքացիներից գնված հին, օգտագործված ավտոմեքենաները պաշտոնական ներկայացուցչի կողմից մինչեւ վաճառքի հանվելը կենթարկվեն զննման, կվերանորոգվեն, կվերացվեն դրանց տեխնիկական խնդիրները: Բայց, մյուս կողմից, ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող քաղաքացիւները չեն հավատում, որ այս համակարգը Հայաստանում լիրաժեք կգործի, քանի որ վստահ չեն, որ պաշտոնական ներկայացուցիչները օգտագործված մեքենայի համար խելամիտ գին կառաջարկեն:
Ի դեպ, տեղեկացենք, որ գործող օրենքով օգտագործված ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում ավտոսրահը դրա դիմաց մի քանի անգամ է հարկվում. վճարում է հին ավտոմեքենայի գնման արժեքի 20 տոկոսի չափով, վերավաճառելիս` վաճառքի գնի տարբերության 20 տոկոսի չափով, եւ 10 տոկոսի չափով` որպես ԱԱՀ, քանի որ հանդես է գալիս քաղաքացու անունից` որպես հարկային գործակալ: Այս դեպքում էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թեթեւացնել Trade-in համակարգով կատարվող գործարքների հարկերը։ Իսկ նոր ավտոմեքենաների հետ փոխանակված հին ավտոմեքենաների վաճառքի դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին առաջարկվում է ԱԱՀ-ով հարկել ոչ թե ավտոմեքենայի վաճառքի ամբողջ գնի, այլ միայն դրա ձեռքբերման եւ օտարման արժեքների տարբերության 20 տոկոսի չափով։ Իսկ ավտոմեքենան գնող քաղաքացիների նկատմամբ կիրառվող եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափն ընդհանրապես առաջարկվում է չեղարկել։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին որոշում է ընդունել Հայկ Ղալումյանին ազատել Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակել Արթուր Ճաղարյանին: Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը, որը 2010-2019 թվականներին որպես կառավարիչ աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Իջեւանի մասնաճյուղում, Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար էր նշանակվել 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ այն բանից հետո, երբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք առաջադրվելուց հետո քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց 2011 թվականի նոյեմբերից Իջեւան քաղաքը ղեկավարող Վարդան Ղալումյանը: Ի դեպ, այդ քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, գործը դատարան չի ուղարկվել։ Հայկ Ղալումյանը ապրիլի 8-ին նշանակվել է Տավուշի մարզպետ։ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, 1973թ. ծնված Արթուր Ճաղարյանը Իջեւանի քաղաքապետի տեղակալ էր աշխատում դեռ Վարդան Ղալումյանի քաղաքապետ պաշտոնավարելու ժամանակ՝ 2015 թվականից: Նա անկուսակցական է, ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի Տեխնոլոգիական ֆակուլտետը։
ԽԱՆԴԻՑ ԿՆՈՋԸ ԾԵԾԵԼ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդ համայնքի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ Հովիկ Բաղդասարյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Վերին Ծաղկավան բնակավայրում գտնվող իր բնակարանում խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքերով, ոտքերով եւ փայտե աթոռով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր կնոջ՝ Լիլիթ Հակոբյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության միջին ծանրության վնաս։ Հ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ»)։ Սույն հոդվածով որակվող արարք կատարածը պատժվում է 1-3 ամիս ժամկետով կալանքով կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ