ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ ՈՎ ԻՆՉՊԵՍ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՏՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին Հայաստանում տոնում եւ ամփոփում են կանանց միամսյակը եւ մայրության ու գեղեցկության օրը: Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը նաեւ Սուրբ Աստվածածնի ավետման օրն է։

 

Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե հայ հայտնիներից ով ինչպես է շնորհավորել ապրիլի 7-ը:

Երգչուհի Սիլվա Հակոբյանը լուսանկար է հրապարակել՝ դստեր՝ Միլայի հետ, գրառում կատարել. «Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ: Շնորհավոր ձեր տոնը: Միշտ լինեք գնահատված ու սիրված, ու ձեր սրտում թող միշտ գարուն լինի»:

Իսկ դերասանուհի Մերի Մակարյանը, ով ապրում է Միացյալ Նահանգներում, տոնը շնորհավորել է Նժդեհի խոսքերով. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը. շնորհավո՛ր ապրիլի 7»:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, անդրադառնալով տոնին, գրել է, որ մայրերի լույսով պիտի բուժվենք, նրանց ուժով արիանանք ու նրանց համբերությամբ տարրալուծենք խավարը:

«Իսկ կարոտը պարանոցին փաթաթված օձի պես շարունակում է խեղդել՝ հիշեցնելով՝ քանի դեռ խեղդվում ես, ուրեմն կաս, ԴԵՌ շարունակում ես ապրել:

Կարոտը՝ չապրածների ու չհասցրածների, ափսոսանքների ու հուսահատությունների խաչմերուկում մոլորված ու գլխիկոր կարոտը… Կարոտը, որը չի թողնում հանգիստ ապրենք, բայց առանց որի առհասարակ չեն էլ գոյում… Կարոտը, որը կամրջում է սրտեր, իսկ ինքը հավերժ մնում միայնակ, ու էլի էն նույն կարոտը, որը ստիպում է ծնվածդ վայրկյանից մինչեւ մահ կարոտել սիրելի մարդկանց կամ արեւածագն ու ծովը, կարոտը, որով մարդ ենք դառնում կամ մարդ մնում… Վանվում, փախչում, մերժում կարոտը, բայց վերջում միշտ էլ մնում նրա հետ՝ դեմ հանդիման, ԿԱՐՈՏՈՎ:

Հ.Գ. Ես էստեղ մորս եմ նման… Այսօր արդեն ապրիլի 7- ն է…

Մայրերի լույսով պիտի բուժվենք, նրանց ուժով արիանանք, ու նրանց համբերությամբ տարրալուծենք խավարը…

Ասելու եք շնորհավո՞ր… Չգիտեմ…

Ավելի լավ է ուղղակի կարոտով մի թողեք Կանանց…Կարոտը հավերժ է, մենք՝ անցողիկ»:

Հայտնի դիմահարդար Ագա Քանաքանյանը, հրապարակելով տոնական լուսանկարներ,  նշել է. «Ի՛մ գեղեցկուհիներ, բոլորիս համար այս տոնը թող լիաթոք վայելքի տոն լինի։ Մարդը գեղեցիկ է, երբ երջանիկ է։ Շնորհավորում եմ մեզ»:

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, ցուցադրելով որդու հետ լուսանկարը, իր մայրիկի գլխավորությամբ շնորհավորել է բոլոր մայրերին.

«Աստծո ամենագեղեցիկ պարգեւը մայրանալն է՝ ՄԱՅՐ լինելը: Մայրությունը վեր է ամեն կոչումներից… Շնորհավորում եմ բոլոր մայրերին՝ իմ մայրիկի գլխավորությամբ»:

Դերասանուհի Յուլիա Ֆինկը լուսանկար է հրապարակել որդիների հետ  եւ մայրության սպասող կանանց մաղթել համբերություն եւ հավատ. «Ամեն ինչ լավ է լինելու, իսկ մեզ՝ մայրերիս՝ մի քիչ շատ քնենք, որ առողջ եւ գեղեցիկ լինենք: Շնորհավո՛ր ապրիլի 7»:

Իսկ, ահա, երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, շնորհավորելով մայրության եւ գեղեցկության տոնը, մեկնաբանել է. «Կանայք աստվածային էակներ են միայն նրա համար, որ կարող են նոր կյանք պարգեւել։

Մորից ուժեղ ու հզոր կերպար գոյություն չունի։ Մայր լինելուց ավելի կարեւոր ու մեծ առաքելություն աշխարհում չկա։ Շնորհավո՛ր Մայրության տոնը»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ

Բոլորիս հայտնի «Չէին սպասում» սիրված հաղորդաշարի նոր եթերաշրջանն, ի զարմանս հեռուստադիտողի, սկսել է հեռարձակվել է «Շանթ» հեռուստաընկերությամբ, այլ ոչ թե «Հ2» հեռուստաընկերությամբ: ArmLur.am-ը սիրված հաղորդաշարի հավատարիմ հետեւորդների խնդրանքով փորձել է հաղորդման վարող Սուրեն Շահվերդյանից պարզել, թե ինչ պատճառով է «Չէին սպասում» հաղորդաշարը տեղափոխվել «Շանթ» հեռուստաընկերություն:

«Ամեն ինչ շատ պարզ է. «Հայկական 2-րդ» հեռուստաալիքը քանի որ այլեւս հաճախականություն չունի,  չի սփռվում Հայաստանում եւ Արցախում, այդ իսկ պատճառով որոշվեց հաղորդումը  տեղափոխել «Շանթ» հեռուստաընկերություն, որպեսզի բոլորը կարողանան դիտել այն: Եթե «Հ2» հեռուստաալիքի լիցենզիան շարունակեր գործել ամբողջ Հայաստանով մեկ, մենք մեր սիրելի հեռուստաընկերությունից չէինք տեղափոխվի»,-նշեց Սուրեն Շահվերդյանը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է «Բավարիայի» նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։ Մբապեն դարձել է դուբլի հեղինակ։ «Առաջին հերթին պետք է նշել գերազանց թիմային աշխատանքը։ Ես կարողացա իրացնել այն, ինչ ստեղծեցին թիմակիցներս։ Բայց պետք չէ մոռանալ, որ դեռ մեկ հանդիպում էլ կա այս դիմակայությունում։ Մենք տրամադրված էինք շատ լուրջ, ստույգ գիտեինք մեր ուժեղ կողմերը։ Երկրորդ խաղում կգրոհենք նույն վճռականությամբ։ Ես սիրում եմ այսպիսի հանդիպումներ։ Չեմպիոնների լիգայում չեմ խաղում, որպեսզի թաքնվեմ։ Ես սիրում եմ ստանձնել պատասխանատվություն։ Մարզիչը ցանկանում էր, որ ես «Բավարիայի» խաղացողներին ստիպեմ շատ վազել, քանի որ նրանք դա չեն սիրում։ Հիմա մտածում ենք Ֆրանսիայի առաջնությունում մեր հաջորդ խաղին եւ կպատրաստվենք «Բավարիայի» հետ պատասխան հանդիպմանը։ Մեզ բաժին է հասել գերազանց թիմ։ Սա Չեմպիոնների լիգան է, այստեղ կան միայն ուժեղ մրցակիցներ։  ՊՍԺ-«Բավարիա» պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա ապրիլի 13-ին:

 

 

ԿԻՍՎԵԼ Է

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» հետ անցկացրած առաջին խաղում (3-2), կիսվել է տպավորություններով.«Ես սիրում եմ դաշտ դուրս գալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների դեմ, իսկ Մանուել Նոյերը պատմության լավագույն դարպասապահներից մեկն է։ Ես ճնշում չէի զգում։ Ես չկարողացա նրան գոլ խփել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, բայց հույս ունեմ՝ կկարողանամ պատասխան խաղում եւս աչքի ընկնել։ Մենք խաղում էինք այս պահին Եվրոպայի լավագույն թիմի դեմ։ Բարդ հանդիպում էր։ Մենք լավ էինք գործում եւ միասին էինք հաղթահարում դժվարությունները։ Բայց սա միայն հիանալի դիմակայության առաջին մասն էր։ Պետք է շատ վստահ խաղանք ու թիմային ֆուտբոլ ցուցադրենք»,- ասել է Մբապեն։

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Պորտուի» նկատմամբ տարած հաղթանակը։ Հանդիպումը կայացել է Սեւիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում եւ ավարտվել է լոնդոնցիների՝ 2-0 հաշվով հաղթանակով: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը «Չելսիի» եւ «Պորտուի» միջեւ կկայանա ապրիլի 13-ին դարձյալ Սեւիլիայում։ Հանդիպման մեկնարկը 23։00-ին է։

 

 




Լրահոս