Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները շուրջ 13 ժամ փակ պահելուց հետո երեկ բացել են Շիրակի մարզի ճանապարհները: Հարազատները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հստակ պատասխան, թե երբ կվերադարձնեն գերիներին։
Միջպետական ճանապարհներից բացի գերեվարված զինվորների հարազատները արգելափակել էին նաև երկաթգիծը՝ Իսահակյան գյուղի հատվածում:
Հավելենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի հատվածից գերեվարվեց 64 պահեստազորային, որոնցից անցած ամիսներին հայրենիք է վերադարձվել 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից է։
Բաց են նաեւ Պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը: Պատերազմում անհայտ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները երկու օր մեքենաներով փակ էին պահում Պաշտպանության նախարարության համալիրի բոլոր մուտքերը։
Ավելի ուշ 54 ծնող ներս մտավ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպման։ Հանդիպումից հետո ասացին, որ իրենց բավարարող պատասխան են ստացել եւ մուտքերը բաց են: