
Արցախի Հանրապետության՝ Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստը՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ապրիլի 9-ին:
Նիստի ժամանակ քննարկվել են մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն առնչվող նախագծեր: Մասնավորապես, առանձնահատուկ քննարկում է եղել ռազմական դրության իրավական ռեժիմում տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության հետ կապված լուծումների շուրջ՝ առաջարկելով նախատեսել տեղահանվածների համար բնակֆոնդի վարձակալման պայմանների խախտման դիմաց պատասխանատվության, ինչպես նաև պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի հարկադիր օգտագործման միջոցներ:
Շահագրգիռ քննարկումներ են ծավալվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու, տեղահանվածների աշխատանքային ստաժի վերականգնման, քաղաքացիական զոհերի ու բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակների հարցերի շուրջ:
Խորհրդի հավանությանն արժանացած նախագծերը օրենքով սահմանված կարգով ընթացքավորվելու են: