Լոլիկը բնության տված ամենաօգտակար մթերքներից մեկն է: Այն հարուստ է մի շարք կարևոր վիտամիններով ու միկրոտարրերով, ինչի շնորհիվ ոչ միայն սնուցում է օրգանիզմն անհրաժեշտ օգտակար նյութերով, այլև օգնում է բուժել ու կանխել բազմաթիվ հիվանդություններ:
Դեռ 200 տարի առաջ այս բանջարեղենը թունավոր էր համարվում, մինչդեռ այսօր գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր լոլիկ օգտագործել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 պատճառ՝ ամեն օր լոլիկ ուտելու համար:
Լոլիկի օգտակար հատկությունները
1. Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, A և C վիտամիններ, ինչպես նաև մի շարք հակաօքսիդանտներ, որոնց շարքին են դասվում նաև լիկոպինը, լյուտեինը, բետա-կարոտինը, ալֆա-լիպոյաթթուն և խոլինը: Լիկոպինը պատասխանատու է լոլիկի գույնի համար, ուստի կարմիր լոլիկները շատ ավելի օգտակար են, քան այլ երանգ ունեցողները:
2. Լոլիկի բաղադրության մեջ պարունակվող ալֆա-լիպոյաթթում գլյուկոզան վերածում է էներգիայի, ինչպես նաև օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակն ու պահպանել արյունատար անոթների առաձգականությունը:
3. Խոլինն անփոխարինելի նյութ է, երբ խոսքը վերաբերում է հիշողության ու մտավոր կարողությունների բարելավմանը: Բացի այդ, այն նաև շատ օգտակար է սպորտով զբաղվելու դեպքում:
4. Լոլիկները նաև հարուստ են խնձորաթթվով ու կիտրոնաթթվով, որոնք օգնում են ազատվել սրտանոթային և մարսողական համակարգերի հետ կապված խնդիրներից:
5. A և C վիտամիններն ամրապնդում են իմունային համակարգն ու բարելավում ընդհանուր ինքնազգացողությունը:
6. Լոլիկների բաղադրության մեջ պարունակվող լիկոպինը կանխում է քաղցկեղի ուռուցքների առաջացումը, ինչպես նաև հիանալի կանխարգելիչ միջոց է մակուլադեգեներացիայի դեմ, որը կարող է դառնալ կուրության պատճառ: Ընդ որում՝ ջերմային մշակման դեպքում լիկոպինի քանակությունը միայն ավելանում է, ուստի միայն հում լոլիկ ուտելը պարտադիր չէ: Նաև շատ օգտակար է լոլիկն արևածաղկի կամ ձիթապտղի յուղի հետ օգտագործելը, քանի որ այդ դեպքում օգտակար նյութերն ավելի լավ են յուրացվում:
7. Լոլիկներից բացի շատ օգտակար են նաև բոլոր այն ուտեստները, որոնք լոլիկ են պարունակում: Օրինակ՝ տոմատի հյութն օգնում է ցածր թթվայնությամբ գաստրիտի, անեմիայի (սակավարյունություն) և հիշողության վատացման դեպքում:
8. Այս հյութն օժտված է նաև լուծողական հատկությամբ, ուստի հաճախ նշանակվում է փորկապության դեպքում:
9. Լոլիկն օգնում է բարելավել ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլև հոգեկան: Դրա բաղադրության մեջ պարունակվում է հսկայական քանակությամբ սերոտոնին ու թիամին, որոնք համարվում են երջանկության հորմոն և օգնում են հաղթահարել ընկճախտը (դեպրեսիա) և բարելավել տրամադրությունը: Սա է պատճառը, որ սթրեսի, հոգեկան ծանր ապրումների կամ ճնշվածության դեպքում խորհուրդ է տրվում լոլիկ օգտագործել:
10. Բացի այդ, լոլիկը շատ արժեքավոր դիետիկ մթերք է: Չնայած իր բազմաթիվ օգտակար հատկություններին՝ այն ունի շատ ցածր կալորիականություն և կարող է օգտագործվել ցանկացած սննդակարգի դեպքում: Բանն այն է, որ այս բանջարեղենում պարունակվող քրոմը արգելակում է քաղցի զգացողությունը, ինչի շնորհիվ մարդը շատ արագ հագենում է և այդ զգացոզությունը պահպանվում է բավական երկար ժամանակ:
Սակայն այս մթերքն ունի նաև որոշ հակացուցումներ: Օրինակ՝ լոլիկը խորհուրդ չի տրվում օգտագործել լեղաքարային և միազաքարային հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այն կարող է առաջացնել նաև ալերգիաներ, ուստի նման ռեակցիաների դեքում նույնպես հարկավոր է բացառել լոլիկը:
Նաև հարկավոր է բացառել կամ գոնե հնարավորինս նվազեցնել մարինացված կամ պահածոյացված լոլիկների կիրառությունը, քանի որ դրանք կարող են նպաստել սրտանոթային հիվանդությունների և խոցային հիվանդության սրմանը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ամռանն օգտագործել թարմ լոլիկ, իսկ ձմռանը՝ սառեցրած: