ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծանրորդները վերադարձան Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը վերադարձավ Եվրոպայի առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում մարզիկներին դիմավորելու էին եկել ծանրորդների հարազատները և մարզասերները: Մոսկվայից հավաքական թիմի հետ Երևան ժամանեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինս գոհ է մարզիկների ելույթներից: «Երկու երեք տարի անց այս հավաքականը կլինի աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը: Նրանք հիմա երիտասարդ են, փորձառություն հավաքելուց հետո մենք կպայքարենք միայն թիմային հաղթանակի համար»,-ասաց Գիլոյանը:

Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չկարողացավ 215 կգ-ն: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում «զրո» ստացավ: Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե:




Լրահոս