Այսօր մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը անդրադարձավ Շուշին թշնամուն հանձնելու հարցին։
«Ես վերջին օպերացիան նախաձեռնել եմ Շուշիի Չանախչի-Սղնախ գյուղում, որպեսզի չկարողանա անցնել Շուշի, սակայն այդ երեկո տվյալ զորամասերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են մասնակցել օպերացիային։ Դա էլ եմ ներկայացրել, վիդեոն էլ եմ ներկայացրել՝ ինչ խորհրդակցություն ենք արել, ովքեր են մասնակցել։ Բոլորդ հարց եք տալիս՝ Շուշին ոնց հանձնեցինք, դրա համար ուզում եմ, որ բոլորդ անկեղծանաք ու խոստովանեք, թե 1992 թվականին ինչպե՞ս եք ազատագրել Շուշին, նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել։ Քանի որ ճիշտը չեք ասում, ասում եք՝ այ, տեսեք, Շուշիի հերոսներին դատում են մարդիկ, որոնք կապ էլ չունեն Շուշիի հետ։
Նույն Չանախչի-Սղնախ գյուղում մենք դրել էինք բազա, այնտեղից բարձրացել ենք Քիրս սարը, որը կախվում է դեպի Լիսագոր ու ճանապարհը փակում է։ Իրենք նույն գյուղերը վերցրել, բազա են դրել և մտել են Զառսլու՝ Լիսագորից մի 5 կմ ցածր։ Ուրիշ բան պետք չէր, այդ ուղիով պետք է քայլեին։ 44 օրում մի հատ օպերացիա չեք մշակել, որ հակադրեիք հակառակորդին, թելադրեք ձեր կամքը»,- ընդգծեց Սամվել Բաբայանը։