ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական մամուլն անդրադարձել է Հայաստանի վարչապետի այցին Մոսկվա: Մի շարք հեղինակավոր պարբերականներ ծավալուն հոդվածներ են հրապարակել:

 

Հղում անելով Փաշինյանի երեկվա խոսքին հայ իրավաբանների հետ մոսկովյան հավաքի ժամանակ՝ ռուսական մամուլը գրել է, որ Հայաստանի վարչապետը գոհ է մնացել Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից, թեեւ որեւէ փաստաթուղթ այդ բանակցությունների արդյունքում չի ստորագրվել:

Սրա հետ մեկտեղ ռուսական մամուլը նկատում է, որ հայ գերիների վերադարձի հարցում լուրջ առաջխաղացում չկա այս պահին, փոխարենը Մոսկվան խոստացել է Հայաստանին տրամադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն այն քանակով, ինչքան որ անհրաժեշտ է Հայաստանին:

Ակնհայտ է մեկ բան՝ Մոսկվան մեծ ուշադրությամբ հետեւում է ոչ միայն Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներին, այլ նաեւ հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: «Կոմերսանտ»-ը, արձանագրելով, որ վերջին օրերին Պուտինը շփվել է ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է. «Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանում ներքաղաքական պայքարի առանցքային մասնակիցների եւ ոչ միայն նրանց հետ խոսում են Ռուսաստանի Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ մեծ ուշադրության մասին: Կրեմլի համար կարեւոր է ոչ միայն պահպանել խաղաղությունը եւ ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում, այլեւ սկսել հակամարտության տարածաշրջանի տնտեսական վերակենդանացման գործընթացը: Խոսքը տրանսպորտային հաղորդակցություն, ապաշրջափակման եւ տնտեսական կապերի մասին է»: Ռուսական պարբերականը պատահական չի համարում այն, որ մինչեւ Փաշինյան-Պուտին մոսկովյան բանակցությունները կարճվել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործը:

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ «Կրեմլը մի քանի անգամ պարոն Փաշինյանին հասկացրել է, որ չարժե հետապնդել նախկին նախագահին, բայց մինչ անցած շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին»:

Մեկ այլ ռուսական հեղինակավոր պարբերական՝ «Վեդոմոստի»-ն նույնպես անդրադարձել է Պուտին-Փաշինյան բանակցություններին եւ առանձնացրել բանակցություններին Փաշինյանի առաջարկը՝ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Պարբերականը նշում է, որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է 1977-ին եւ նախատեսված է, որ այն կարող է աշխատել մինչեւ 2026 թվականը:

«Վերջին տարիներին կայանում անցկացվել են 300 միլիոն դոլար արժողությամբ արդիականացման աշխատանքներ, ինչը թույլ կտա, որ Մեծամորի ատոմակայանն աշխատի մինչեւ նախատեսված ժամկետը, ինչպես նաեւ կավելացնի ատոմակայանի հզորությունն ու անվտանգությունը», – գրում է «Վեդոմստի»-ն՝ հավելելով, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը կարժենա 5 միլիարդ դոլար:

Հավելենք, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը կրկին բարձրացրել է գերիների հարցը եւ ընդգծել՝ այս խնդիրը մինչ օրս չի կարգավորվել։ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հիշատակել է նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված հայտարարության 8-րդ կետը, որով կողմերը պայմանավորվել են կատարել ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:

«Նաեւ ցանկանում եմ ընդգծել, որ այս համատեքստում կա շատ կարեւոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել, ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց խնդիրն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության, բոլոր պատանդները, ռազմագերիները եւ պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց, ցավոք, մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որեւէ տարակարծություն», – նշել է վարչապետը:

 

 

 

ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի եւ Ուզբեկստանի իր գործընկերների հետ: Նրա խոսքով՝ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի եւ Ուզբեկստանի խորհրդարանի Սենատի նախագահ Թանզիլա Նարբաեւայի հետ երկկողմ հանդիպումների ժամանակ շարունակվելու է երկխոսությունը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Նշվում է, որ Միրզոյանի հետ հանդիպումը կայանալու է ապրիլի 13-ին, իսկ Նարբաեւայի հետ՝ ապրիլի 14-ին:

 

 

 

ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ

Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարել է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի տարածվում Ադրբեջանում պահվող հայ զինծառայողների վրա, քանի որ նրանք ձերբակալվել են համաձայնությունից շաբաթներ անց։ «Դա տեղի է ունեցել սադրանքների եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներում հայ զինծառայողների տեղակայելուց հետո, որի հետեւանքով զոհվել է 4 ադրբեջանցի զինծառայող, քաղաքացիական մեկ անձ էլ՝ վիրավորվել», – երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Նա պնդել է՝ ըստ եռակողմ հայտարարության՝ հայ զինծառայողները պարտավոր էին առանց որեւէ պայմանի դուրս գալ Ադրբեջանի տարածքից։

«Մինչդեռ մենք, ինչպես եւ նախկինում, տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է իր զորքերը տեղակայել ադրբեջանական հողերում», -հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով՝ Բաքուն այս մասին տեղեկացրել է միջազգային կազմակերպություններին եւ ընդգծել, որ անհրաժեշտ է այս հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրել։

 

 

 

ՊԻՏԻ ԽՈՍԵՆՔ

«Թուրքիայի հետ պիտի խոսենք. եթե մենք չխոսենք, մեր փոխարեն ուրիշը կխոսի»,- ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիքի է այն մոտեցման մասին, որ գուցե հիմա է ճիշտ ժամանակը, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի։ «Թուրքիայի հետ պետք է խոսել։ Առաջին պատերազմի ընթացքում էլ Թուրքիան խոսում էր  Հայաստանի իշխանությունների հետ։ Նույնիսկ Տեր-Պետրոսյանը գնաց Օզալի թաղմանը, ես, լինելով Մեղրիի պարետ, խոսում էի Նախիջեւանի ներքին գործերի նախարարի հետ, պատերազմում էինք եւ խոսում։ Բա պիտի խոսենք, բա ո՞ւմ հետ խոսենք, Թուրքիայի հետ պիտի խոսենք. եթե մենք չխոսենք, մեր փոխարեն ուրիշը կխոսի։ Ինչ-որ պահերի խոսակցություն եղել է, նույնիսկ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ էր խաղում, դա էլ է  նորմալ, պետք է խոսել, խոսելն ավելի լավ է, քան կրակելը»,-ասել է Ա. Քոչարյանը։

 

 

 

ԳԵԼԽԵՂԴՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

«Ճիշտ չէ մտածել, որ եղածները վատն են, բայց եթե նրանք գնան, կարող է ավելի վատերը գան. այդպես ոչ մի տեղ չենք հասնի»,- նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իրենք վատն են, նրանք էլ են վատը, դրա համար ընտրեք մեզ: Ի՞նչ կա էդտեղ: Անընդհատ ասել՝ դու ընտրություն չունես, սեւ ու սպիտակի մեջ դնել, ասել՝ նրանցից մեկին ընտրիր…  այս երկրում արդեն սեւ ու սպիտակ է՛լ չկա, արդեն սեւ ու սեւ է: Սպիտակը վաղուց սեւացել է»,-ասել է նա: Ինչ վերաբերում է մոտեցմանը, թե այս անգամ լինելու է գելխեղդների հաղթանակը գելերի նկատմամբ, Մարուքյանն ասաց. «Այս ընտրությունը լինելու է շատ մեծ անակնկալ, գելխեղդներն ու գայլերը իրար հետ հեռանալու են, նախ՝ գելխեղդները «ֆեյք» են, իրենց մեջ գելխեղդ չկա, գայլերն էլ մի նենց գայլեր էլ չեն, երկուսն էլ հեռանալու են, եւ գալու են նորմալ մարդիկ, որոնք երկիրն այս իրավիճակից հանելու են, օրինակ՝ իմ նման մարդիկ»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պայմանավորվածությունը խախտելու հնարավորությանը, Էդմոն Մարուքյանն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, Փաշինյանից ամեն ինչ կարելի է սպասել: Ճգնաժամը կլուծվի, եթե այս իշխանությունը հեռանա, ոչ թե հեռանա, որ նախկին իշխանությունը գա, այլ հեռանան բոլորով»,-հավելել է նա:

 

 

 

ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱԴԱՐՁ

Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե: «Ներկայացված հատուկ հաղորդումը կապված է այն փաստի հետ, որ 2021 թվականի մարտի 9-ին ՄԻԵԴ-ը հրապարակային ծանուցում է ուղարկել Նախարարների կոմիտե՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում գերիների հարցով դատարանի սահմանած ժամկետները, դատարանին տրամադրում է ընդհանրական ու սահմանափակ տեղեկություններ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման մեջ ցույց է տրված, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ», – նշված է հաղորդագրությունում:

 

 

 




Լրահոս