Իշխանություններն ուզում են փոխել իրենց նախընտրական միավորի անվանումը․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կլինի արտահերթ ընտրություն, թե ոչ, դեռեւս հստակ չէ՝ անկախ նրանից, որ այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այդուամենայնիվ, քաղաքական սեկտորի հիմնական խաղացողները նախապատրաստվում են դրանց։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավականին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում իշխող քաղաքական ուժի նախընտրական շտաբում, որն արդեն ձեւավորված է, ճիշտ է՝ ոչ պաշտոնապես։ Ավելին, մեր տեղեկություններով, նշանակված են նաեւ մարզային պատասխանատուները:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մտադրություն ունեն փոխել իրենց նախընտրական միավորի անվանումը, եթե, իհարկե, ընտրություններ լինեն։ Մենք տեղեկություն ունենք, որ այս առիթով արդեն մի քանի քննարկումներ են եղել որոշ PR մասնագետների հետ: Ասում են, թիմում այս հարցում կարծես թե առկա է կոնսենսուս։

Բանն այն է, որ Փաշինյանը փորձում է հանրության շրջանում առկա ծայրահեղ բացասական դիրքորոշումը մեղմելու քայլեր գտնել, որոնցից մեկն էլ անունը փոխելն է, քանի որ «Իմ քայլը» եւ «Քաղաքացիական պայմանագիր» անուններն ինքնին հակակրանք են առաջացնում հասարակության շրջանում։

Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մեկն ասաց, թե ինքը տեղյակ չէ նման մտադրությունների մասին, սակայն կոսմետիկ քայլերը չեն կարող վիճակ փոխել: «Հակակրանքն անվան հետ կապ չունի, այլ իրենց»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմի պատասխանատուներին պարտադրել է նույն այս կոնտեքստում նախընտրական ծրագրում գոնե որոշ շեշտադրումներ անել ազգային արժեքների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս