
Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքի տնտեսական դատարանը վճռել է առգրավել Ever Given բեռնանավը: Նավը, որը արգելափակել էր Սուեզի ջրանցքը, կվերադարձվի, երբ սեփականատերը վճարի 900 միլիոն դոլար՝ հայտնում է Shorouk-ը:
«Դատարանի որոշման համաձայն՝ նավը առգրավվելու է և գտնվելու է դատարանի հսկողության տակ, իսկ շահագործողին արգելվում է այն տնօրինել մինչև Սուեզի ջրանցքի վարչակազմին փոխհատուցում չվճարվի 900 միլիոն դոլարի չափով», – ասել են իրազեկ աղբյուրները:
Փոխհատուցման չափը ներառում է նավը ծանծաղուտից հանելու համար ջրանցքի վարչակազմի ծախսերը: Դատական գործընթացում Սուեզի ջրանցքի վարչակազմը մատնանշել է Եգիպտոսի ծովային առևտրի մասին օրենքի համապատասխան հոդվածը: Այս հոդվածի համաձայն՝ ծովային նավի առգրավումը թույլատրվում է մինչև վնասի փոխհատուցումը: