ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ վարչապետի կեցավայր ներխուժած անձանց գործով: Գործով անցնող մեղադրյալներից ոմանք դատարանում հայտարարություն են արել:
Ինչպես հայտնի է, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել եւ իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ, հնչեցվել են սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչպես նաեւ տեղ են գտել ՀՀ Ազգային ժողովին եւ Կառավարությանը որոշակի գործողություններ պարտադրելու, բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի ու փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների դեպքեր:
Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցել է քրեական գործ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ:
Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի եւ փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ 14 անձի նկատմամբ անջատվել է 4 քրեական գործ, որոնցով նախաքննությունն ավարտվել է:
Նկատենք, որ դատարան էր ուղարկվել կառավարական ամառանոց ներխուժած անձանց մասով հարուցված քրեական գործը, եւ մեղադրյալի աթոռին էին հայտնվել Սարգիս Օհանյանը, Կարո Ղազարյանը, Վանուշ Ղազարյանը, Արամ Թաթոյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին բնակարան ապօրինի մուտք գործելով՝ կատարել են ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն: Այսպիսով, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գործով անցնող երիտասարդներից երկուսը դատարանում հայտարարել են, որ արագացված քննություն են ցանկանում իրականացվի: Մեզ հասած լուրերի համաձայն՝ մեղադրյալներին համոզել են խոստովանել իրենց արարքը, որ մտել են վարչապետի կեցավայր եւ այնտեղից գողություն են կատարել, ինչի համար նրանց կազատազրկեն, բայց պայմանականորեն պատիժը չեն կիրառի: Մասնավորապես, ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ արագացված դատաքննություն է ցանկացել մեղադրյալ Արամ Թաթոյանը:
ՀԱՅՀՈՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ
Արդարադատության նախարարությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագիծ է ներկայացրել: Նախագիծը հանրային քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից, ներկայացրել է Արդարադատության նախարարությունը:
Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության՝ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել: Սահմանվել են հայհոյանքի դրսեւորման ձեւերը՝ խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով՝ նպատակ ունենալով հնարավորինս համապարփակ կերպով ամրագրել հիմնական ձեւերը՝ չբացառելով դրսեւորման այլ ձեւերի հնարավորությունը:
«Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձեւով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով: Այդ արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելnւ դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունմեկապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով»,- ասվում է նախագծում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) կարելի է ականատեսը լինել հայհոյանքի, որն իր բնույթով հրապարակային է: Հաշվի առնելով հայհոյանքի դրսեւորման բնույթը՝ այն է՝ հրապարակայնությունը, առկա է այդպիսի վարքագիծը պետության կողմից համարժեք իրավական գնահատականի արժանացնելու խնդիր, քանզի հրապարակային հայհոյանքով խաթարվում են սոցիալական բնական հարաբերությունը, հասարակական համերաշխությունը:
ՎՐԵԺ Է ԼՈՒԾԵԼ
Եղեգնաձոր քաղաքում կատարված սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք եղբայրներ են՝ Գետափ գյուղի բնակիչներ:
Պարզվել է, որ դեպքն առնչություն եւ պատճառահետեւանքային կապ ունի նախկինում կատարված մեկ այլ հանցագործության հետ, որն անզգուշությամբ առաջացրել էր տուժողի մահը:
Մասնավորապես, դեռեւս 2021թ. մարտի 1-ին տեղեկացրել էինք, որ Գետափ գյուղի 62-ամյա բնակչի եւ Եղեգնաձոր քաղաքի 44-ամյա բնակչի միջեւ անձնական հարցի շուրջ պարզաբանման ընթացքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս աջ ձեռքի ափով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել էր 62-ամյա տղամարդու ձախ քունքային հատվածին՝ դիտավորությամբ նրան պատճառելով ծանր մարմնական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել էր տուժողի մահը: 44-ամյա տղամարդը կալանավորվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով:
Դեպքից որոշ ժամանակ անց՝ 2021թ. ապրիլի 5-ին, 62-ամյա տղամարդու որդիները իրենց հոր մահվան առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան խճուղում գործող ավտոտեխսպասարկման կետում հանդիպել են վերոհիշյալ գործով մեղադրյալ, 44-ամյա տղամարդու եղբորը՝ Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչին: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 62-ամյա տղամարդու որդիներից մեկը, գտնվելով ոչ սթափ վիճակում, հոր մահվան վրեժը լուծելու շարժառիթով, 43-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի, մեջքի եւ պարանոցի շրջաններին, որոնցից մեկը դիպել է նաեւ միջադեպին ներկա գտնվող եւ կռիվը բաժանող իր հորեղբոր որդուն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 62-ամյա տղամարդու որդիներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: