ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՎԻ ԱՎԱՐՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ Ընտրական բարեփոխումների գործընթացը պետք է հասցվի ավարտին. «2021 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով ամրագրվեց պարզ համամասնական ընտրակարգի դրույթը, որի պահանջը տարիներ շարունակ արտահայտվել էր քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, եւ որը համահունչ է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին եւ ՏԻՄ ընտրակարգի՝ արդեն իսկ ընդունված փոփոխություններին։

 

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթից այս դրույթի առանձնացումը եւ ավելի վաղ ընդունումն արդարացված է նրանով, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քաղաքական համաձայնության մասին հայտարարվել էր փաթեթի շրջանառությունից հետո, եւ հրատապ էր նախատեսվող ընտրություններից օր առաջ վերահաստատել համամասնական ընտրակարգի ընդունման հանձնառությունը՝ հաշվի առնելով, որ այս փոփոխությունը տարիներ շարունակ քննարկվել էր եւ հավանության էր արժանացել թե՛ քաղաքական, թե՛ միջազգային եւ թե՛ քաղաքացիական լայն հանրույթի կողմից։

Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կստեղծի այնպիսի մրցակցային միջավայր, որը կօգնի կայացնել եւ զարգացնել կուսակցական համակարգը Հայաստանում՝ վերջապես խթանելով քաղաքացիների կամարտահայտման հնարավորությունը նախընտրելի քաղաքական գաղափարախոսությունների ու ծրագրերի օգտին՝ ընտրողին հնարավորինս զերծ պահելով օլիգարխների, լոկալ ֆեոդալների եւ քրեական հեղինակությունների ազդեցությունից ու վերահսկողությունից։

Այս համատեքստում հատկապես կարեւորում ենք արդեն ընդունված փաթեթի՝ հնարավորինս սեղմ ժամկետում վավերացումը Հանրապետության նախագահի կողմից:

Միաժամանակ կարեւորում ենք, որ ընտրական բարեփոխումների գործընթացն ամբողջությամբ ավարտին հասցվի մինչեւ նախատեսվող խորհրդարանական ընտրությունները՝ ներառյալ վարչական ու քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթները՝ հնարավորինս կանխարգելելու վարչական ռեսուրսի օգտագործումը եւ նախընտրական ծախսերի ապօրինի ֆինանսավորումը, առավել թափանցիկ եւ հաշվետու դարձնելու ընտրարշավի ֆինանսավորումը, ապահովելու կանանց ներկայացվածությունը, բացառելու նախընտրական հավաքներին ու քարոզչական միջոցառումներին մասնակցելու պարտադրանքը, երաշխավորելու նախընտրական ծրագրերի առկայությունը, բանավեճերի կայացումը, նվազեցնելու ընտրական գրավը, իջեցնելու կուսակցությունների անցողիկ շեմը՝ հնարավորություն տալով նորաստեղծ կուսակցություններին խորհրդարանում հայտնվելու, հանելու մանդատների բաշխման բոնուսային համակարգը եւ վերացնելու կոալիցիաների ձեւավորման սահմանափակումները։ Նշված դրույթները միտված են ավելի ազնիվ ու հավասար դարձնելու ընտրական գործընթացները։

Ըստ այդմ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու եւ կյանքի կոչելու գործում դերակատարում ունեցող բոլոր իրավասու կառույցներին եւ պաշտոնյաներին կոչ ենք անում առավելագույն ջանք գործադրել՝ օր առաջ նպաստելու վարկաբեկված քաղաքական դաշտի կայացման, մաքրման ու զարգացման հիմքերի ձեւավորմանը, ինչը կարեւորագույն խնդիր է հատկապես ներկայիս ճգնաժամային իրավիճակում։ Հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունների կարեւորությունը եւ հրատապությունը, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից նախատեսվող առաջարկությունների քննարկման անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ շահագրգիռ կողմերի կարծիքները լսելի դարձնելու եւ հնարավորինս կյանքի կոչելու համար»։

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱԶԱՏՎԻ «ԴՐՍԻ» ԿԱԴՐԵՐԻՑ

2021թ. ապրիլի 1-ին  Հայկ Չոբանյանն ազատվեց  Տավուշի մարզպետի պաշտոնից եւ նշանակվեց  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Ապրիլի 8-ին, վարչապետ  Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ,  Տավուշի մարզպետ նշանակվեց Հայկ  Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, նրա մանկության ընկերը, դասընկերը։

 

Հայկ Ղալումյանը  Նիկոլ Փաշինյանի  կողմից Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար է  նշանակվել 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ այն բանից հետո, երբ պաշտոնեական  լիազորությունները  չարաշահելու հոդվածով մեղադրանք  առաջադրվելուց   հետո քաղաքապետի  պաշտոնից  հրաժարական տվեց 2011 թվականից Իջեւանի քաղաքապետ պաշտոնավարած Վարդան Ղալումյանը։

Հայկ  Չոբանյանի՝  Տավուշի  մարզպետ  պաշտոնավարելու  ժամանակ  Տավուշի մարզպետարանում  բարձր  պաշտոններ  էին  ստացել Երեւանի, հանրապետության այլ վայրերի բնակիչ  մի շարք անձինք։  Դրանց թվում է  մարզպետի խորհրդական, փրկարարական  ծառայության  գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։ Վերջինս, զբաղեցնելով  մարզպետի  խորհրդականի պաշտոնը, անվտանգության հետ կախված խնդիրներից  զատ, զբաղվում  էր  նաեւ տեղեկատվական հարցերով. նա ստեղծել է մարզային  «Տավուշ» հեռուստաընկերությունը, որի տնօրենը իր  որդին է։   Հայկ Չոբանյանի մյուս խորհրդականը  երեւանաբնակ Արբակ  Գրիգորյանն է, որը համակարգում  է  մարզպետարանի առողջապահական համակարգը։ Հայկ Չոբանյանի նշանակած, Տավուշի մարզի բնակիչ  չհանդիսացող կադրերից է նաեւ մարզպետի  օգնական  Սերգեյ  Հարությունյանը։ Մարզպետ  Հ. Չոբանյանը Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության  պետի պաշտոնակատար է նշանակել  երեւանաբնակ  Տիգրան Մուշեղյանին։ Սպասվում է, որ  Հայկ Ղալումյանի՝ որպես  մարզպետ  պաշտոնավարման  ժամանակ  Տավուշի  մարզի բնակիչ չհանդիսացող, Հայկ Չոբանյանի նշանակած  այս պաշտոնյաները  կազատվեն  իրենց պաշտոններից։

 

 

Կենտրոնը՝ կմախքների հավաքատեղի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանում տնտեսական հեղափոխության մասին, դրա  բաղադրիչներից մեկը համարեց   Հայաստանի բնակավայրերը  ավտոմեքենաների կմախքներից ազատելը։ Նիկոլ Փաշինյանի հարազատ Իջեւան քաղաքում՝ Արցախյան  փողոցում՝ ՀՀ  ճանապարհային ոստիկանության  հաշվառման-քննական  Տավուշի  ստորաբաժանման  շենքի դիմաց, արդեն բազում տարիներ ավտոմեքենաների  կմախքների  մեծ հավաքատեղի է։ Այդ տարածքը  քաղաքի  կենտրոնական հատվածներից է։ Ավտոմեքենաների  կմախքների գերեզմանոցն  ակնհայտորեն  աղավաղում է  Իջեւան քաղաքի արտաքին տեսքը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

«Մատիլդա», «Մոսո», «Հայ զինվոր», «Վերադարձ ռեստորան». սրանք այն անվանումներն են, որոնք քարերով գրված են սարերի վրա: Երեւան-Սեւան մայրուղու վրա՝ հանրությանն ավելի հայտնի «Չայնիի» ոլորանանների մոտ գտնվող սարերի վրա, տարիներ շարունակ անհայտ անձինք սպիտակ քարերով գրառումներ են անում: Ի դեպ, այդ սարերից մեկի վրա արդեն մի քանի տարի է, ինչ պահպանվում է «Բարգավաճ Հայաստան» գրությունը:

Բայց ուշագրավն այն է, որ այս գրությունները ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի եւ իր աշխատակազմի աչքից, չգիտես, թե ինչու, միշտ վրիպում է: Բայց, չնայած սրան, այս խնդրի շուրջ ArmLur.am-ը դիմեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն եւ հետաքրքրվեց՝ արդյոք ունեն վերահսկողություն այդ գրառումների հետ կապված, եւ եթե այո, ապա ինչու չեն հրահանգում դրանք մաքրել: Պարզվեց՝ չունեն վերահսկողություն:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը խոստացավ հարցը քննարկել մասնագետի հետ, ապա կապ հաստատել մեզ հետ, սակայն այդպես էլ նրանից պատասխան չստացանք: Այնուամենայնիվ, դիմեցինք ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, որտեղից Կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանը փոխանցեց, որ իրենք եւս այս խնդրի շուրջ ահազանգ են ստացել: Տեսչական մարմնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց տեսուչները բարձրացել են սարեր եւ պարզել, որ Կարմիր գրքում գրանցված բույս չեն նկատել այդ հատվածում: Պաշտոնյայի խոսքով՝ տհաճ է, բայց այլ տարբերակ չկա. «Բնությանը վնաս չեն պատճառում»: Եթե բնությանը վնաս պատճառվեր, ապա իրենք ընդամենը կարող էին արձանագրել եւ ուղարկել ՀՀ ոստիկանություն, բայց այս դեպքում բնությունը չի տուժել:

Մյուս կողմից՝ պարզվում է՝ այս՝ սարերին գրելու ավանդույթը գալիս է խորհրդային տարիներից. դեռ այդ տարիներին սարին ծառերով անմահացրել են Լենին անունը: Բայց եթե մեր օրերում անհայտ գրողները նախընտրեին քարերը՝ ծառերի փոխարեն, ապա կնպաստեին անտառածածկ տարածքների ընդլայնմանը:

 

 

 




Լրահոս