Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2020թ. տարեկան հաղոդման համաձայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները եւ ոչ պատշաճ հաղորդակցումը խախտում է մարդու իրավունքները: Արձանագրվել են հետեւյալ հիմնական խնդիրները՝
- բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում լիարժեք հաշվի չեն առնվում փորձաքննվողների կենսագործունեության իրական հնարավորությունները եւ կյանքի որակի փաստացի փոփոխությունները,
- բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման գործող կարգն արդյունավետ չէ, եւ որոշումները սովորաբար մնում են անփոփոխ: Խնդիրն է՛լ ավելի է խորանում բողոքը քննող իրավասու մարմնի նկատմամբ հանրային անվստահության պատճառով,
- փորձաքննվողի ընտրած բժիշկ-ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը թեեւ նախատեսված է օրենսդրությամբ, սակայն դրա արդյունավետությունը գործնականում խնդրահարույց է,
- ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով մարդիկ նոր հետազոտություններ չեն անում՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը,
- շարունակվում է չլուծված մնալ զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հսկողական կարգով վերափորձաքննության ենթարկելու եւ մի խումբ անձանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման հարցը: Մասնավորապես, նշանակված փորձաքննություններն ամիսներ շարունակ չեն իրականացվել, եւ մարդիկ զրկվել են հաշմանդամության թոշակից եւ արտոնություններից՝ հայտնվելով է՛լ ավելի դժվարին իրավիճակում:
Մասնավորապես, Պաշտպանն առաջարկում է՝
- վերանայել բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման գործող ընթացակարգերն այնպես, որ երաշխավորվի անկախ եւ օբյեկտիվ բողոքների քննարկումը,
- փորձաքննվող անձի ընտրած բուժող բժշկի համար սահմանել անկախ փորձագետի կարգավիճակ՝ հստակեցնելով վերջինիս գործառույթներն ու լիազորությունները,
- հաշմանդամություն ունեցող անձանց եւ հանրային պաշտոն զբաղեցնողների համար իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ իրավունքների մասին գիտելիքների բարձրացման նպատակով,
- իրականացնել նշանակված փորձաքննությունները եւ ապահովել զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության թոշակի վճարումը մինչեւ հակառակ հիմքերի հաստատումը։