«Ժողովուրդ» օրաթերթը երկրում տիրող իրավիճակի եւ առաջիկա զարգացումների մասին զրուցել է ՀՀ վաստակավոր դերասան Գուժ Մանուկյանի հետ:
«Ես, ավելի լավ է, այս մասին չխոսեմ, քանի որ հիմա լրիվ գտնվում եմ ապացիայի մեջ: Այն, ինչ տեսնում եւ լսում եմ հեռուստացույցով, բավական է զայրանալու, ընդվզելու համար: Ես այս պահին չեմ գտնում որեւէ հարմար բան ասելու, առաջարկելու: Այսքան մարդիկ, քաղաքագետներ կան, պաշտոնյաներ կան, ես չեմ գտնում որեւէ հարմար բան ասելու, որ կարող է իմ խոսքն իսկապես տեղ հասնել կամ ազդել ինչ-որ մի որոշման վրա: Անկեղծ ասած, որպես արվեստագետ, որպես մարդ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ոչինչ չեմ հասկանում, չենք կարող հասկանալ, թե վաղն ինչ կարող է պատահել մեզ հետ, մեր երկրի հետ, ոչինչ չենք կարող սպասել այս երկրի ղեկավարությունից: Անորոշությունը շատ մեծ է, անընդհատ իրար գլուխ են ուտում: Իմ կարծիքով՝ ամեն բան հնարավոր է այսպիսի ղեկավարություն ունենալու դեպքում: Հնարավոր է ե՛ւ պատերազմ, ե՛ւ չգիտեմ ինչ: Այս պայմաններում մտել ենք խխունջի մեջ եւ սպասում ենք, թե ինչ է լինելու, ոչ մի դեղատոմս ես անձամբ չունեմ երկիրն այս իրավիճակից դուրս հանելու համար»,- նշում է դերասանը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այս իշխանությունն ուժ չունի երկրի համար լավ բան անելու, լիահույս է, որ ղեկավարությունը կփոխվի եւ նոր ուժեր ի հայտ կգան. «Պետք չէ ամեն ձախողում գցել անցյալի ղեկավարության վրա, դա ես ճիշտ չեմ համարում, ամեն բանի մեջ հո նախորդները մեղավոր չե՞ն: Ենթադրենք՝ կերել են գումարներ, բայց հո իմ գրպանից չեն կարել, եւ հետո դուք էլ եք ուտում, բայց այնպես եք ուտում, որ ժողովուրդը չիմանա: Ես սպասողական վիճակում եմ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի: Իրականում չեմ կարծում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն իսկապես տեղի կունենան: Տարբեր քաղաքական խմբեր տարբեր մեկնաբանություններ են անում, եւ ես չգիտեմ՝ որին հավատամ, որին՝ չէ, որն է ճիշտ, որը՝ սխալ: Հավատը կորել է այլեւս: Ինձ միայն մտատանջում է, թե ինչ է լինելու մեր ժողովրդի վիճակը, ինչ է լիելու մեր հայրենիքի վիճակը: Ես ցավ եմ ապրում, որ մեր ժողովուրդը թողած է բախտի քմահաճույքին»:
Գուժ Մանուկյանի խոսքով՝ եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նա կմասնակցի, իսկ թե ում կտա իր ձայնը, դեռ չի որոշել:
«Մեզ հարկավոր է հայրենասեր եւ ազգասեր ղեկավար, որ իր անձնական շահը մի կողմ թողնի եւ մտածի միայն երկրի բարօրության մասին: Նայում եմ այդ հազարավոր զոհված երեխաներին, ողբում եւ հայհոյում եմ նման լույս երեխեքի կործանման համար, նման սպանդ իրականացնողներին, բոլոր մեղավորներին»,-հավելում է նա:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՆՎԱՆԱՓՈԽԵԼ
Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիո Կաստրոն հրաժարվել է լեգենդար «Մարականա» ստադիոնը Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի (Էդսոն Արանտիս Դու Նասիմենտու) անունով անվանափոխելու գաղափարից: Պատճառը տեղի բնակչության կողմից դժգոհությունն է: Տեղացիները դեմ են, որ ստադիոնն անվանակոչվի խաղացողի պատվին, որը երբեք չի ապրել այդ նահանգում: Այդ գաղափարին դեմ է արտահայտվել նաեւ նախկին ֆուտբոլիստ Գերսոնը, որը Պելեի հետ Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 1970թ. աշխարհի առաջնությանը: 80-ամյա Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում բազմիցս խաղացել է «Մարականայում»: Հենց այդ ստադիոնում է լեգենդար բրազիլացին խփել կարիերայի 1000-րդ գոլը՝ 1967 թվականին «Սանթոսի» կազմում գրավելով «Վասկո դա Գամայի» դարպասը: «Մարականա» ստադիոնը բացվել է 1950 թվականին: Մինչեւ վերակառուցումը (1999թ.) այն աշխարհի ամենամեծ աստադիոնն էր եւ հյուրընկալում է 155 250 հանդիսական:
ՊԱՐՏՎԵԼ Է
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսն» առանց թիմի առաջատար Լեբրոն Ջեյմսի հյուրընկալվելիս 104:110 հաշվով պարտվել է «Մայամիին»: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Մայամիի» խաղացող Վիկտոր Օլադիպոյի հզոր դանքը:
2-ՐԴ ՏԵՂԸ
Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երկրորդ տեղն է գրավել Եգիպտոսում անցկացված լրատվամիջոցների եւ լրագրողների 8-րդ միջազգային մրցաշարում, որին մասնակցել են 6 թիմեր Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Մոլդովայից, Ղազախստանից: Շարմ էլ Շեյխ քաղաքում 3 օրում տեղի ունեցած մրցաշարում հայ լրագրողները 5 խաղում տարել են 4 հաղթանակ, կրել մեկ պարտություն ու 12 միավորով գրավել երկրորդ տեղը: Նույնքան միավոր է հավաքել նաեւ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած Մոլդովայի հավաքականը, որը Հայաստանի թիմին գերազանցել է միայն իրար միջեւ խաղերի ցուցանիշով: Հայաստանի հավաքականը մրցաշարում ամենաշատ գոլ խփած թիմն է: Մրցաշարին Հայաստանի թիմի մասնակցությունը հնարավոր է դարձել «TotoGaming» բուքմեյքերական ընկերության աջակցության շնորհիվ։ 2019թ. հայկական թիմը դարձյալ երկրորդ տեղն էր գրավել այս մրցաշարում՝ զիջելով միայն Եգիպտոսի հավաքականին։
Հիշեցնենք, որ լրագրողների Հայաստանի հավաքականը, որտեղ ընդգրկված են հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից եւ մեդալակիր է։