Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում
Արդեն տեւական ժամանակ է` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ստեղծվել է մոտ 40 հեկտար տարածությամբ աղբանոց։
Երկար ժամանակ է, ինչ Վարդենիսում նման հակասանիտարական վիճակ է տիրում: Հեկտարներով աղբը թափված է: Ո՛չ մարզպետը, ո՛չ Վարդենիսի քաղաքապետը չեն փորձում անգամ գոնե մեկ անգամ այցելել եւ տեղում ծանոթանալ իրավիճակին:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որտեղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար:
Իրինա Պողոսյան (55 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնենք, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ է բնականոն գնաճը:
Գրիշա Սամսոնյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնականոն գնաճը այն ցուցանիշն է, որը զերծ է գների շոկային տատանումներ ունեցող ապրանքների եւ ծառայությունների գնաճից: Օգտվելով ԱՎԾ կողմից հաշվարկված գնաճի ցուցանիշի հիմքում ընկած տեղեկատվությունից եւ կիրառելով հաշվարկման նույն սկզբունքը՝ ԿԲ-ում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է բնականոն գնաճի ցուցանիշը: Այն բացառում է շոկերի ազդեցությունը. օրինակ՝ մրգերի եւ բանջարեղենի գների կտրուկ աճը կամ նվազումը՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով, կամ, օրինակ, միջազգային շուկայում որեւէ ապրանքի գնի աճը կամ նվազումը, որը ՀՀ ներմուծման եւ ՀՀ-ում սպառման արդյունքում հանգեցնում է գնաճի կամ գնանկման:
Օրինակ՝ 2009 ընդհանուր գնաճը կազմել է 6.5%, բնականոն գնաճը՝ 5.3%: Տարբերությունը՝ 1.2 տոկոսային կետը, կոմունալ ծառայությունների սակագների աճով էր պայմանավորված: 2010 թվականի ընթացքում ընդհանուր գնաճը կազմել է 9.4%, իսկ բնականոն գնաճը՝ 6.3%: Տարբերությունը՝ 3.1 տոկոսային կետը, պայմանավորված է եղել ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի գների աճով, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների աճով, որը ներմուծվող ապրանքների գների միջոցով ազդեցություն է թողել ՀՀ գնաճի ցուցանիշի վրա:
Ստացվում է, որ ԿԲ կողմից հաշվարկվող բնականոն գնաճն ընդհանուր գնաճի այն մասն է, որը զերծ է առաջարկի շոկերից:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայումս ԿԲ-ն նպատակադրում է ընդհանուր գնաճի 12-ամսյա ցուցանիշը եւ հետեւում է բնականոն գնաճի ցուցանիշին գնաճի վրա համախառն պահանջարկի զարգացումների ազդեցությունը գնահատելու նպատակով: