ՈՎ ՈՒՄ Է ԽԱԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը շարունակում է բուռն քննարկման թեմա մնալ: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի հարցին, թե «Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված է արդյոք, Հայաստանի վարչապետը դրական պատասխան էր տվել։ Սակայն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հերքեց Փաշինյանին՝ ասելով, թե այս պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում: Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը բացատրեց. «Այս պահին պատվաստանյութերի գրանցվում չի իրականացվում, բայց «Սպուտնիկ-V» պատվաստանյութին արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն տրված է։ Օրենքը մի քանի մեխանիզմ ունի: Այդ մեխանիզմներից մեկն էլ թույլտվությունն է, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի»: Ըստ Ավանեսյանի՝ այս փուլում գրանցված, թե օգտագործման թույլտվություն ստացած, նույն բանն է։ Իհարկե, հասկանալի է, որ այս բառախաղով փորձեց նախարարն արդարացնել Փաշինյանին, բայց փաստ է, որ վարչապետը ՌԴ նախագահի հարցին անտեղյակ պատասխան է տվել եւ ասել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում: Հետաքրքիր է՝ ՌԴ գնալուց առաջ վարչապետին չեն բացատրել արդյոք, որ կորոնավիրուսի պատվաստանյութերը չեն գրանցվում. ինչո՞ւ էր նա վստահ պնդում, որ գրանցված է: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վարչապետին սխալ են զեկուցել հերթական անգամ։ Եթե այդպես է, ապա ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն վարչապետին նորից մոլորեցնելու համար: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ուղղակի անհետացել է, չի պատասխանում հեռախոսազանգերի եւ անգամ չի պատասխանում դեմ առ դեմ տրված հարցերին, առողջապահության նախարարը եւս չպատասխանեց մեր զանգերին: Ամեն դեպքում, արձանագրենք, որ իրավիճակն ավելի տհաճ դարձավ, երբ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ապրիլի 9-ին հայտարարեց, որ «Սպուտնիկ V»-ն արդեն գրանցված է 60 երկրում։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ցանկը, պարզեց, որ այդ երկրների թվում են Բելառուսը, Իրանը, Արգենտինան, Սերբիան:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի եւ բանակցությունների մեջ է իշխանությունների հետ: Մասնավորապես, նա, կարծես թե, չի ցանկանում հեշտությամբ հրաժեշտ տալ նախագահի իր աթոռին եւ մտադիր է երկարաձգել իր պաշտոնավարումը: Նկատենք, սակայն, որ դա հնարավոր կլինի միայն սահմանադրական փոփոխությունների պարագայում: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածն ասում է. «Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ»: Այսինքն՝ որպեսզի Արմեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել 2023 թվականից հետո,  սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն սրանով ամեն ինչ չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իշխանությունների հետ բանակցությունների մեջ է եւ իշխանական վերնախավից պահանջել է սահմանադրական փոփոխությունների միջոցով իր լիազորությունները ընդլայնել՝ նշելով, որ այս պահին ինքը որեւէ ձեւով չի կարողանում խառնվել ինչ-որ մի պրոցեսի, ինչի համար էլ իրեն լիազորություններ են պետք: Ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի՝ Սարգսյանն ասել է, որ եթե իր լիազորությունների ընդլայնման գործընթաց սկսվի, տարբեր օրենքների հարցով այլեւս Սահմանադրական դատարան չի դիմելու: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել նախագահի մամուլի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը տեղյակ չէ, պետք է գրավոր հարցում ուղարկենք:

 

 

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է Սահմանադրական դատարան դիմել՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս նախագիծը հրատապ կարգով խորհրդարանում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ: Բանն այն է, որ այս նախագծով ավելանալու էին Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, դատավորները կախված են լինելու 100 տոկոսով ԲԴԽ-ից: Առաջարկվող փոփոխություններով՝ քաղաքացին, օրինակ, կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բողոքելով իր գործը քննող դատավորից։ Նախագծով սահմանափակումներ կդրվեն կողմերի՝ միջնորդություններ ներկայացնելու, բացարկներ հայտնելու իրավունքի վրա։ Հավելենք, որ օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ եւ 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը երեկ արդեն մուտքագրվել է:

 

 

 

Այս տարվա ապրիլի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2020թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջել են շուրջ 2.8 %-ով կամ 10.4 մլրդ դրամով: Այն ապրիլի դրությամբ կազմել է 2021թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 53.4 %-ը: Միեւնույն ժամանակ այս տարի արդեն հաստատված ցուցանիշը  2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցել է 10.2 %-ով կամ 32.8 մլրդ դրամով, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 40.7%-ով կամ 102.7 մլրդ դրամով: Ապրիլի  տասի դրությամբ հարկերի անցումային գերավճարը կազմել է 28.9 մլն դրամ՝ 2020 թվականի 136.0 մլն դրամի, 2019 թվականի 136.0 մլրդ դրամի եւ 2018 թվականի 54.7 մլրդ դրամի դիմաց։ Եվ չնայած այս տարվա տվյալներն այնքան էլ հուսադրող չեն, նախորդ հինգշաբթի տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել էր. «Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով, եւ առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով»: Սակայն  հաշվի առնելով իրողությունները՝ կառավարությունը թերեւս մի փոքր շտապել է:

 

 

 




Լրահոս