«ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՃՆՇԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ». ԱՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: ArmLur.am-ը Սարուշեն համայնքի առկա իրավիճակի եւ միջադեպի մասին զրուցել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

 

-Տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները Սարուշեն համայնքի ուղղությամբ կրակոցներ են արձակել, մասնավորապես՝ այգիներում աշխատող բնակիչների ուղղությամբ: Ի՞նչ իրավիճակ է եղել, արդյոք տուժածներ կա՞ն, թե՞ ոչ:

-Նոյեմբերի 10-ից՝ կապիտուլյացիայի թուղթը ստորագրելուց հետո, այնպես չէ, որ Արցախում խաղաղություն է հաստատվել: Միշտ էլ լարվածություն եղել է այս ամիսների ընթացքում, որովհետեւ եթե մենք առաջ ասում էինք Արցախի սահման, մենք այդ սահմանը շատ հեռեւ էինք պատկերացնում: Ամեն դեպքում, արցախցիներից շատ քչերն են եղել սահմանամերձ գյուղերում, քանի որ սահմանը հեռու էր քաղաքից ու նույնիսկ քաղաքին մոտ գյուղերից, իսկ հիմա սահմանը եկել, հասել է գրեթե Ստեփանակերտին: Այսինքն՝ մոտ 30 կմ-ի վրա արդեն սահման է համարվում, եւ արդեն Ստեփանակերտը նույնպես սահմանամերձ է համարվում: Սարուշեն գյուղը հասմանամերձ է եւս: Ստեփանակերտից դուրս եկող մի ճանապարհը տանում է  դեպի Շուի, մյուս ճանապարհը տանում է Մարտունի: Առաջին գյուղը Շոշն է, այնուհետեւ Խիթարաշենն է, որը ադրբեջանցիների վերահսկողության տակ է, որից հետո Սարուշենն է, ապա՝ Կարմիր Շուկան, Թաղավարտ եւ այդպես մինչեւ Մարտունի: Այսինքն՝ Սարուշենը Սարգսաշեն գյուղից, որը հիմա թշնամու կողմից օկուպացված է, կարելի է ասել, թշնամու բռի մեջ է Սարուշենը գտնվում: Եվ այնտեղից, համայնքի բնակիչների խոսքով, անընդհատ կրակոցների ձայներ լսվում են, ուղղակի թիրախավորված կրակոցներ չեն եղել: Նույնը պնդում են նաեւ Թաղավարտի, Կարմիր Շուկայի բնակիչները:

-Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչ վնասներ են կրել համայնքի բնակիչները:    

-Բնակիչները եղել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, տրակտոր է աշխատել դաշտում: Գնդացրով կրակահերթ է եղել՝ հենց տրակտորի ուղղությամբ թիրախավորված: Բայց նաեւ իրենք հատուկ այնպես են արել, որ վիրավոր ու զոհ չլինի, քանի որ գիտեն, որ պատասխան են տալու նաեւ ռուս խաղաղապահների առջեւ: Հասկանալի է, որ անվտանգության համար պատասխանատու են նաեւ ռուս խաղաղապահները: Իրենք փորձել են խուճապ առաջացնել: Սարուշենը շատ հետաքրքիր համայնք է, տիպիկ արցախյան: Համայնքապետն էլ երիտասարդ, քաջ տղա է: Երբ մենք զրուցում էինք իրենց հետ, նրանք պնդում էին, որ իրենք հույսը դրել են միայն իրենց վրա: Ամբողջ գյուղի բնակիչները պատերազմից հետո վերադարձել ու բնակվում է իրենց տներում: Չկա մի ընտանիք, որ վերադարձած չլինի, նույնիսկ 4 ընտանիքի էլ գյուղը հյուրընկալել է: Այսինքն՝ միհամուռ, կազմակերպված  ապրում են, փորձում են  ոտքի կանգնել, անցնել իրենց բնականոն կյանքին ու այսպիսի խուճապ…

Երբ համադրում եմ վերջին օրերին կատարված դեպքերը, հասկանում եմ, որ սա պատահականություն չէ: Հայկական եւ ադրբեջանական իշխանությունները միահամուռ կերպով ճնշում են գործադրում, որպեսզի ստանան նաեւ այդ բոլոր լուծումները, ինչն ուզում էին հենց այդ ճանապարհի վերաբերյալ: Իրենք ասում են՝ տվե՛ք այդ ճանապարհը մեր վերահսկողության տակ,  եւ, բնականաբար, Արցախի նախագահը, ինչքան էլ իրեն կոտորի եւ փաստի, որ շուտով 150 բնակարան է կառուցելու, ոչ մեկի չի կարղ համոզել, երբ ճանապարհը ադրբեջանցու վերահսկողության տակ է անցնում: Տեղեկացա, որ ոստիկանական ուժերը պարեկային ծառայություն են ուզում իրականացնել:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ

«Ես չեմ պատկերացնում Հայաստանն առանց ատոմակայանի, որովհետեւ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը նշանակում է նաեւ տնտեսական եւ այլ անվտանգություն, դա շաղկապված են այդ կայանի իրողության հետ»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդարադառնալով Հայաստանում ՌԴ-ի կողմից նոր ատոմակայանի կառուցմանը:

 

Մելքումյանի խոսքով՝ 2013-2014 թվականին ջանքեր էին գործադրվում, որպեսզի Հայաստանում նոր ատոմակայան կառուցվի, սակայն չի հաջողվել, ֆինանսավորում չի գտնվել. «Արդյունքում եկել են եզրակացության՝ դիմել «Ռուսատոմ Սերվիս» կազմակերպությանը, որպեսզի տրամադրի 270 մլն դոլար միջպետական վարկ եւ 30 մլն դրամ դրամաշնորհ, որպեսզի էլեկտրաբլոկի ռեսուրսը 10 տարով երկարացվի, սակայն այդ աշխատանքներում առաջացել են խնդիրներ, մոտ 195 մլն դոլարը լրացնելուց հետո այն կարեւորագույն ծախսերը, որ պետք է արվեին 80-90 մլն դոլարով, չի ստացվել ստանալ»:

ԲՀԿ-ական պատգամավորը նշել է, որ բանակցություններում խնդիրներ են առաջացել, եւ հայերը հրաժարվել են ու որոշել մեր բյուջեից ֆինանսավորել: «Այսինքն՝ այդ ոլորտում ոչ արդյունավետ կառավարման արդյունքում մենք պրոբլեմներ ունեցանք: Հիմա նոր ատոմակայանի գաղափար է առաջանում, որովհետեւ մինչեւ 2016-2026 թվականն է ժամանակը, հիմա հարցական է 2026-2031 թվականը կտա՞ն լիցենզիա, թե ոչ: Այսինքն՝ եթե 2026 թվականին լրանա, չգիտենք՝ մինչեւ 2031 թվականը ինչ կլինի, օրախնդիր է լինելու: Մենք որոշ ժամանակ հետո կանգնելու ենք նոր ատոմակայանի կառուցման խնդրի հետ»:

Անդրադառնալով գերիների խնդրին՝ Մելքումյանը նշել է, որ իրենց պատվիրակությունն ուրբաթ օրը մեկնում է Ստրասբուրգ, եւ այնտեղ պետք է այդ հարցը բարձրացնեն:

Անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ ռուսական խաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությանն՝ առ այն, որ գերիների վերադարձի մասին կառավարության հայտարարությունով հայ պաշտոնյանները մոլորության մեջ են գցել մարդկանց՝ Մելքումյանը նշել է. «Եթե ինքնաթիռը թռել է, մեր հատուկ ծառայությունները պարտավոր էին ինֆորմացիա ունենալ՝ այդ ինքնաթիռ մարդիկ մտան, թե ոչ. բարդ բան չէ, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս: Ինքնաթիռը Բաքվից թռել է, հատուկ ծառայությունները ինչի՞ ինֆորմացիա չեն տվել կառավարությանը կամ քաղաքական ղեկավարությանը, որ այն դատարկ է գալիս»:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՍԴ Է ԴԻՄԵԼ

Հանրապետության նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի աշխատակազմից` նշելով, որ օրենքն առերեւույթ հակասում է Սահմանադրությանը: Օրենքները Ազգային ժողովը նախագահի ստորագրմանն էր ներկայացրել մարտի 22-ին: «Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են եւ առերեւույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության, սահմանադրական սկզբունքներին եւ պահանջներին համապատասխանելու տեսանկյունից», – կարծում է նախագահի աշխատակազմը: Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանն էլ հայտնել է, որ օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ եւ 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը մուտքագրվել է: Առաջարկվող փոփոխություններով՝ քաղաքացին, օրինակ, կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բողոքելով իր գործը քննող դատավորից։ Նախագծով սահմանափակումներ կդրվեն կողմերի՝ միջնորդություններ ներկայացնելու, բացարկներ հայտնելու իրավունքի վրա։

 

 

ԱՅԼ ԻՐԱՎԻՃԱԿ

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բնակչության շրջանում սկսել է աջակցություն վայելել: Սպասվող ընտրություններում նրա հաղթանակի դեպքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրավիճակը կփոխվի, բայց, ամեն դեպքում, դրանում դրական դեր կխաղան ռուս միջնորդներն ու խաղաղապահները: Նման տեսակետ է հայտնել «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Եթե մի քանի ամիս առաջ Փաշինյանը միանշանակ հաղթում էր, ապա այժմ ակնհայտ է դառնում, որ աջակցություն ունի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, որ ամեն ինչ կպարզվի քվեարկության արդյունքում, սակայն նա ունի հնարավորություններ: Եվ այդ ժամանակ կլինի լիովին այլ իրավիճակ նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցում: Սակայն, ամեն դեպքում, ռուսական միջնորդությունն ու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դրական դեր կխաղան, քանի որ կա դրությունը պահպանելու հարցում հետաքրքրվածություն»,- շեշտել է Պրիտչինը:

 




Լրահոս