Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Երեկ այդ մասին խոսել է նաեւ Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ»-ին տված ծավալուն հարցազրույցում, որտեղ կա անդրադարձ նաեւ Արցախին։
«Կարծում եմ, որ նրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարող են օգտակար դեր խաղալ։ Այս «եռյակն» ունի փորձ եւ պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա»,- «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Կարասինը։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պատերազմից հետո դեռ չեն հանդիպել, բոլորովին վերջերս նրանք մասնակցել են Մոսկվայում կայացած ԱՊՀ հերթական հավաքին եւ նույնիսկ առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, սակայն երկկողմ բանակցություններ չեն ունեցել։
Ռուսաստանցի բոլոր պաշտոնյաները Ղարաբաղում եւ Ղարաբաղի շուրջ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին խոսելիս նախ ընդգծում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Կարասինը նույնպես նախ այդ մասին է խոսում. «Առաջին հերթին ընդգծեմ, որ Ռուսաստանի նախագահի պատասխանատու եւ եռանդուն դիրքորոշումը հանգեցրել է արյունահեղության դադարեցմանը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ պայմանավորվածության ձեռքբերմանը»:
Նախկին դիվանագետը զգալի արդյունք է համարում այն, որ այսօր տարածաշրջանում հրադադարը վերահսկում են ռուս խաղաղապահները։ Նրա խոսքով՝ այսօր հարցերի հիմնական բլոկը կապված է հումանիտար խնդիրների լուծման հետ՝ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների, փախստականների վերադարձի եւ նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Կարասինն ընդգծում է, որ սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի եւ դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։
Հավելենք՝ հայկական կողմի համար այսօր ամենաարդիական հարցը հայ ռազմագերիների վերադարձն է։ Բաքուն, սակայն, հայտարարում է, թե հարցը փակված է, եւ հայ ռազմագերիներ Ադրբեջանում այսօր չկան։ Մոսկվան էլ պարբերաբար հայտարարում է, որ ռազմագերիների հարցը պետք է վերջանակապես կարգավորել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Ռուսաստանի առաջնահերթություններից է. լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Սերգեյ Կոպիրկինի պնդմամբ՝ այդ ուղղությամբ համառ աշխատանք է իրականացվում։
«Գիտեք, այդ մասին խոսում է մեր ղեկավարությունը։ Հարցը մեր առաջնահերթություններից է՝ եւ՛ Ռուսաստանի ղեկավարության, եւ՛ խաղաղապահ կոնտինգենտի։ Համառ աշխատանք է տարվում, կան որոշակի առաջխաղացումներ, դուք գիտեք։ Մի քանի անգամ գերիներ վերադարձվեցին։ Աշխատանքը շարունակվում է», – ասել է դեսպանը:
ՌԴ դեսպանն այսօր պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին չարձագանքեց. «Ինձ դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը։ Ինչքանով ինձ հայտնի է, աշխատանքը շարունակվում է»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնում են՝ հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել 250 անձի վերաբերյալ դիմումներ: Նրանցից 230-ի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանը կիրառել է միջանկյալ միջոց, եւ հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ ՄԻԵԴ-ի ուշադրության ներքո է 183 անձի գործ։ Սրանցից միայն 72-ի մասին է, որ Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել Ստրասբուրգ՝ պարզաբանելով, որ այդ անձինք գտնվում են իր տարածքում։
Հայ գերիների անհապաղ ազատ արձակման եւ վերադարձի հարցերով նախօրեին Եվրոպական խորհրդարանում քննարկում է տեղի ունեցել։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւս զեկույցով է հանդես եկել: Ընդհանուր առմամբ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլեւ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը։
Ն.Հ.
ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԻ
«Այս պահին կառավարության ասածին ավելացնելու բան չունեմ»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ խոսելով գերիներին վերադարձնելու հայտարարության մասին, որը, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, կեղծ էր: Բաղդասարյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին եւ հորդորեց դիտել իր ավելի վաղ տված հարցազրույցը, քանի որ ինքն արդեն բոլոր հարցերին պատասխանել է: Այն դիտարկմանը, թե հարցազրույցի ժամանակ նաեւ հստակ ասվել է, թե գերիների խումբ է վերադառնալու, պատգամավորը ոչինչ չի պատասխանել:
ԿԱՐՈՂ ԷԻՆ ԴԵՐ ՈՒՆԵՆԱԼ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դեր ունենալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այս մասին ասել է Ֆեդերացիայի խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը: «Կարծում եմ, որ նրանք կարող էին օգտակար դեր ունենալ այս գործում: Այս եռյակն ունի փորձ եւ արտաքին ամուր աջակցություն: Թվում է, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների ռեգուլյար հանդիպումների պրակտիկան կարող է վերսկսվել, ինչը միջազգային շոշափելի ռեզոնանս կստանար»,- ասել է Կարասինը: Նա հավելել է, որ այժմ հարցերի հիմնական մասը կապված է մարդասիրական խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակման ավարտ, զոհվածների մարմինների, փախստականների վերադարձ եւ նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծում:
ԿՔՆՆԱՐԿՎԻ
Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի Վրաստանի խորհրդարանում: Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում. հայտնում է վրացական Առաջին ալիքը: Օրակարգում նշված է, որ քննարկումն ընթանալու է «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմայի շուրջ: Կոմիտեի շրջանակներում պատգամավորները կլսեն հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին: Հանձնաժողովի նիստը ենթադրաբար դռնփակ կլինի:
ԸՆԿԵԼ Է 4-ՐԴ ՀԱՐԿԻՑ
Ապրիլի 12-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է 4-րդ հարկից։
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ
Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով: Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 64-ամյա նախկին նախագահը, որ նաեւ Երեւանի նախկին քաղաքապետն է եղել, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ իրավապահների՝ 2011 թվականի Ռոբերտ Նազարյանն այնպես է արել, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող, Լոռիում գտնվող «Ձորագետ Հիդրո» ընկերության համար արտոնություններ սահմանվեն, սրա հետեւանքով այդ ընկերությունը հավելյալ շատ գումարներ է ստացել։ Նույն արարքի համար մեղադրվում են նաեւ Նազարյանի նախկին ենթակաները՝ հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանը եւ Մուշեղ Կոշեցյանը։ Մեզ հետ զրույցում Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը հայտնեց, որ անհիմն, ապօրինի գործ են ուղարկում դատարան, որտեղ միանշանակ Ռոբերտ Նազարյանն արդարացվելու է:
ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները դատարան են ուղարկում այն ժամկետային զինծառայողների քրեական գործերը, որոնք պատերազմի ժամանակ լքել են զորամասը: Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Էրիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասի ժամկետային զինծառայող եւ զբաղվելով ուսումնական գումարտակի կապի դասակի հեռախոսային ջոկի հեռախոսավարի պաշտոնը, կոչումով շարքային, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի, երեք օր քսաներկու ժամ տեւողությամբ ինքնակամ թողել է ծառայության վայրը, իսկ 25.01.2021 թվականին ինքնակամ ներկայացել է զորամաս։ Զինվորը հանձնվել է հրամանատարության հսկողության, քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան: