ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2020թ. ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ 2019թ. հետ համեմատությամբ: Այս մասին հայտնում է Դատախազությունը:
2020 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, որոնցից 1232-ով հարուցվել են քրեական գործեր: Այսինքն՝ 2019թ. համեմատ՝ 2020թ. 11.9%-ով կամ 167-ով նվազել է կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը:
Այս նվազումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով: Նախ՝ մինչեւ ՀՀ քրեական օրենսգրքում 2020թ. մարտի 25-ի փոփոխությունը կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանվել էր ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով, համաձայն որոնց՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություն է համարվել 70 հանցակազմ: Ներառյալ 2019թ. տվյալներն ամփոփվել են հենց նշված քանակի հանցակազմերի շրջանակներում, մինչդեռ 2020թ. կատարված օրենսդրական փոփոխությամբ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքով, որում ընդգրկված է 28 հանցակազմ, եւ 2020թ. արդյունքներն ամփոփվել են՝ հենց այդ հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների հիման վրա։
Երկրորդ հիմնական պատճառը իրավապահ մարմինների համար 2020թ. ընթացքում կորոնավիրուսային համավարակի, դրանով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված սահմանափակումների, ինչպես նաեւ արցախյան պատերազմ հարուցած խնդիրներն էին:
Այսուհանդերձ, նման առանձնահատուկ պայմանների առկայության եւ քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության պայմաններում հաջողվել է 2020թ. ավարտել կոռուպցիոն բնույթի 716 քրեական գործի վարույթ, որից 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Տարվա ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2535 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1356 անձ, ինչը, 2019թ. համեմատ, ավելի է 7.3-ով։
204 անձի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը դադարեցվել է, որոնցից 61 տոկոսը՝ ոչ արդարացման հիմքերով:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շարժընթացի՝ թվարկված օբյեկտիվ գործոններով պայմանավորված միտումների պայմաններում լուրջ աշխատանք է կատարվել հատկապես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասների վերականգնման ոլորտում: Իսկ, ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործեր են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 227 մլրդ ՀՀ դրամ՝ 2019թ. արձանագրված շուրջ 105.7մլրդ ՀՀ դրամի դիմաց: 2020թ. ընթացքում քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ ՀՀ դրամի վնաս կամ, 2019թ. համեմատ, շուրջ 12.6%-ով ավելի:
Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով արգելանք է դրվել 84.5մլն ՀՀ դրամի, շուրջ 5.9մլրդ ՀՀ դրամ հաշիվների, 87 անուն շարժական եւ 149 անշարժ գույքի ու 22 հողատարածքի վրա:
2020թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 671-ը պաշտոնատար անձինք եւ հանրային ծառայողներ են, ընդ որում՝ նրանց թիվը, 2019թ.ի համեմատ (530), ավելի է 26.6%-ով: Նրանց թվում են ՀՀ պաշտոնաթող նախագահ, ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր, նախարարներ, նախարարի տեղակալներ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Սնանկության դատարանի դատավորներ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ԲՈՀ-ի նախկին նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, Պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀ նախկին դեսպան, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարներ, բուժհաստատությունների տնօրեններ, բուհերի ռեկտորներ եւ պրոռեկտորներ, ՊՈԱԿ-ների տնօրեններ, դպրոցների տասնյակ ներկա ու նախկին տնօրեններ, փոխտնօրեններ, սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ, տարածքային բաժնի պետեր, սոցիալական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ՀՀ ԶՈւ շուրջ մեկուկես հարյուր պաշտոնատար անձինք, այդ թվում՝ զորամասերի հրամանատարներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, Երեւան քաղաքի վարչական շրջանի ներկա ու նախկին ղեկավարներ, տեղակալներ, համայնքների 100-ից ավելի ներկա ու նախկին ղեկավարներ, առանձին պետական ընկերությունների տնօրեններ եւ այլն:
ԶԵՆՔ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի 6 ծառայողներ կամովին ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն են հանձնել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում իրենց կողմից Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, հրազեն հանդիսացող «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 միավոր ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաեւ ռազմամթերք հանդիսացող 5,45մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների եւ դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 միավոր բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, մարտական շեղբավոր սառը զենք հանդիսացող, «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 միավոր սվին-դանակ, ինչպես նաեւ տարբեր տեսակի այլ ռազմամթերք: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ՝ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխված հնարավոր այլ զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ:
ՄԻՋԱԴԵՊԵՐ՝ ՍԱՀՄԱՆԻՆ
Արցախի ՆԳ նախարարության փոխանցմամբ՝ ապրիլի 7-ին՝ առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի եւ 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետեւանքով ջարդվել է Վ. Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին: ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ. Սարգսյանից եւ Վ. Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը եւ տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: Բացի այդ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կավելացվեն հենակետերը: Նշենք, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջեւ գրանցված 2-րդ միջադեպն է:
ԱԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԿԻՆ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտի դստեր ինքնասպանության դեպքից: Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները հարցաքննել են Ժաննա Օգաննիսյանի հարազատներին: Մեզ հայտնի դարձավ՝ գեներալ լեյտենանտի հարազատները իրավապահներին պատմել են, որ մեկ տարի է, ինչ Ժաննան առողջական խնդիրներ ուներ: Ընտանիքի անդամները ամեն ինչ արել են նրա առողջական խնդիրները լուծելու համար, սակայն մեկ տարի առաջ նրա մոտ հայտնաբերված առողջական խնդիրները այդպես էլ չեն լուծվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահները, լսելով ընտանիքի անդամներին եւ իրականացնելով մի շարք քննչական գործողություններ, եկել են այն եզրակացության, որ 40-ամյա կնոջ ընտանիքը բավականին պարկեշտ ընտանիք է, եւ Ժաննան, ըստ էության, առողջական խնդիրների պատճառով է գնացել այդ քայլին:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ինքնասպան եղած կնոջ ամուսինը Ազգային անվտանգության ծառայության «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ զորքերի հրամանատարն է: Նշենք, որ 2021թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:05-ին, ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։
ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երեւան քաղաքի Դ. Անհաղթի շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981 թվականի ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով։
Դիակի կողքին հայտնաբերվել է նրա հորը պարգեւատրված «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։ Ի դեպ, կինը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր, սակայն ապրում էր Հայաստանում:
Դեպքի վայրից վերցվել է հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը եւ գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է։