Փետրվարի 22-ից մինչ օրս Իրանի տարածքում հայտնված ինքնաթիռը Հայաստան այդպես էլ չի վերադարձվել: Ավելին, պատկան մարմիններից այդպես էլ չի հաջողվում որեւէ պարզաբանում ստանալ՝ ինչու ինքնաթիռը մինչեւ օրս Հայաստան չի վերադարձվել: Երեկ՝ վաղ առավոտից, ArmLur.am-ը փորձում էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեից պարզել ինքնաթիռի ճակատագիրը, սակայն կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի օգնական Ժենյան առաջարկեց այդ հարցով զանգահարել նրա մեկ այլ օգնականին՝ Լիլիթ Աղաբեկյանին, սակայն վերջինս այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել. ըստ «Բոինգ B737-300» օդանավը 5 տարով վարձակալած «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային անձնակազմի եւ Իրանի ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջք կատարելու պատճառը եղել է տեխնիկական բնույթի, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։
Եվ քանի դեռ Հայաստանում փորձում էին պարզել, անմասն չմնաց ԱՄՆ-ն եւ հորդորեց այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում:
Սովորաբար ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառում է կոնկրետ անձանց կամ կազմակերպությունների, բացառիկ դեպքերում՝ նաեւ պետությունների նկատմամբ։
Ավելի վաղ «Fly Armenia Airways» ավիաընկերությունը պարզաբանել էր, որ վարձակալած B737-300 օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, ինչից հետո՝ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում, այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը, սակայն փետրվարի 20-ին օդանավը թռել եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Իրանում։
Ի դեպ, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ օդանավը եղել է առանց ուղեւորների, եւ օդաչուները այլազգի էին։
Հավելենք, որ դեպքի առթիվ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն։
Հայկական ինքնաթիռի վայրէջքը Թեհրանում կարող է նվազագույնը տհաճ հետեւանքներ ունենալ դրա շահագործող «Fly Armenia Airways» ավիաընկերության համար: Խոսքը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս ընկերության գործունեության սահմանափակումների մասին է: Թույլատրված երթուղուց դուրս հայկական օդանավի թռիչքը բազմաթիվ հարցեր է առաջացրել, մասնավորապես՝ ինչպես է ինքնաթիռը փետրվարի 19-ին Ուկրաինայում վայրէջք կատարելու փոխարեն տարանցել այդ երկրի օդային տարածքը, այնուհետ մտել Ռումինիայի երկինք, դա էլ տարանցել ու վայրէջք կատարել բուլղարական Վառնայում, իսկ ամսի 20-ին Վառնայից Թուրքիայի տարածքով մտել Իրան:
Քաղավիացիայի կոմիտեն ծանր դրության մեջ է հայտնվել, չի կարողացել վերահսկել ու կանխել իր իսկ կողմից գրանցված օդանավի անօրինական թռիչքը, շահագործող ավիաընկերությունը լռում է, ասելիք էլ կարծես չկա, իրանցիները, ավելի կոնկրետ՝ «Caspian Airlines»-ը, որը, ըստ տեղեկությունների, դեռ 8 ամիս առաջ է գնել այս «Boeing 737-300»-ը, կարծես փորձում են ամեն կերպ իրենց մոտ պահել օդանավը, ԱՄՆ-ն զայրացած է՝ ամերիկյան արտադրության ինքնաթիռը զարտուղի ճանապարհով հայտնվել է պատժամիջոցների տակ գտնվող Իրանում:
Ստեղծված իրավիճակում ՔԱԿ-ն իր դեմքը կարող է փրկել՝ օդանավը Հայաստան վերադարձնելով, չնայած մարտի 4-ին կոմիտեն հայտարարեց, որ Թեհրանում «Fly Armenia Airways»-ի տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ, եւ համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը՝ օդանավի թռիչք իրականացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ: Այդուհանդերձ, սա այն դեպքն է, որ ժամանակի ձգձգումը չի կարող խնդրի լուծում դառնալ:
Ն.Հ.
ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ
Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված՝ 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար:
ՄԻՊ-ից ArmLur.am-ին հայտնել են, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր մերժումների արատավոր պրակտիկան՝ ի սկզբանե անապահովության միավորի չբավարարելու համոզմունքի դրսեւորմամբ: Արդյունքում մարդիկ դուրս են մնում անապահովության համակարգից, զրկվում նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքից:
Բացի դրանից, չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունները գնահատելու պատշաճ վերահսկման մեխանիզմներ, այդ պատճառով չարաշահումներ հայտնաբերելիս պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նպաստառուի վրա։
Թեեւ սոցիալական աջակցության տարածքային բաժիններին տրամադրվել են պլանշետներ՝ տնայցերի եւ դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար, սակայն դա ինքնին չի կարող դառնալ չարաշահումների կանխարգելման եւ հավանականության կանոնակարգման լծակ: Միայն մեխանիկական մոտեցումներով բավարարվելն անթույլատրելի է:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի՝ տարիներ շարունակ արձանագրվող խնդիրներից է սոցիալական կամ ընտանեկան նպաստի իրավունքից զրկվելը սոցիալական ապահովության տրամադրվող միջոցների անհամաչափ փոփոխության պատճառով: Այս հարցը նույնպես արտացոլված է Պաշտպանի 2020 թվականի հաղորդման մեջ:
Օրինակ՝ դիմում-բողոքներից մեկով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով: Այս պատճառով նշված ընտանիքները կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ՀՀ կառավարության հաստատված տասներեքերորդ միջոցառման շահառու եւս չեն ճանաչվել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ առաջարկել է՝
- ներդնել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ սոցիալական աջակցության մարմինների նկատմամբ պատշաճ վարչարարություն իրականացնելու, վատ վերաբերմունքի բացառման, խորհրդատվական օգնության համընդգրկուն տրամադրման նպատակով,
- բարձրացնել համակարգի հասցեականությունը եւ թափանցիկությունը՝ ներդնելով օրենսդրական եւ գործնական լիարժեք մեխանիզմներ եւ այլն:
ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՎՈ՞ՒՄ Է
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վերահսկում է ձվի շուկայում հետտոնական վիճակը: Այս մասին ասել է Հյաաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: «Մենք վերահսկում ենք նաեւ հրապարակումները, ինչպես նաեւ այն, որ Զատիկից հետո ձվի գնի էական անկում եղավ: Այս պահին կարող եմ միայն հստակ ասել, որ չկա տեղեկատվություն, որը մենք չենք հավաքագրում։ Մանրամասն վերլուծության արդյունքում ՏՄՊՊՀ-ն իր ֆունկցիան կիրականացնի»,- նշել է նա: Ըստ նրա՝ ձվի շուկայում դեֆիցիտի ու գների բարձրացման հարցով հանձնաժողովը վարույթ է հարուցել, որն այս պահին դեռ ընթացքի մեջ է։ «2019թ. վերջին ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության ենթարկեց ձվի շուկայում հակամրցակցային համաձայնության կայացման համար: Դա նաեւ աննախադեպ էր իրավախախտման որակման առումով: Հանձնաժողովն արդեն տուգանքի որոշումներ է կայացրել ձվի արտադրողների նկատմամբ: Այժմ տնտեսվարողները վիճարկում են դրանք դատարանում»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահն ու հավելել, որ դատարանը կորոշի գործի ելքը: Նա նաեւ խոսել է կաթնամթերքի գների տատանումներից: Ըստ պաշտոնյայի՝ գնի էական բարձրացում չի նկատվում, ինչպես նաեւ ոլորտում գերիշխող ընկերություն չկա: «Կաթնամթերքի շուկայում մշտադիտարկման մոնիթորինգ ենք իրականացնում, այնտեղ գնի էական բարձրացում այս պահին չկա: Կաթնամթերք արտադրողների քանակը բավականաչափ է, այսինքն՝ կենտրոնացվածության շեմը նվազ է, եւ այստեղ տեղի է ունենում իրական մրցակցություն: Կան տասնյակ ընկերություններ, եւ չկա մեկը, որը գերիշխող լինի շուկայում»,- նշել է Գեւորգյանը:
ԱՐԳԵԼՔ
Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի իրացման արգելք է սահմանվել: Այնուամենայնիվ, Իրանից ներկրումն իրականացվում է: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար: Պատգամավորների խոսքով՝ ջերմոցների սեփականատերերի մոտ լուրջ խնդիրներ են առաջացել Իրանից եւ Թուրքիայից ներկրված լոլիկի եւ պղպեղի հետ: Ի պատասխան՝ փոխնախարարը նկատեց, որ այս տարի ձմեռը բավականին խստաշունչ էր: Արդյունքում երկրում գյուղմթերքի գինը բարձրացել է: «ՊԵԿ համապատասխան հաշվարկների համաձայն՝ Իրանի հետ սահմանին մաքսային ձեւակերպումն իրականացվում է այնպես եւ այնպիսի գներով, որ տեղական արտադրությունը չտուժի եւ գտնվի բարենպաստ պայմաններում: Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները»,-վստահեցրել է Սիմոնյանը: