«ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ». ՆԱԽԱՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեկվա դրությամբ գրանցված դրական թեստերի թիվը 510 է, վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում ունենք կայուն լարված իրավիճակ: Հիվանդացության նվազում չունենք, պահպանվում են այն թվերը, որոնք գրանցվել են նախորդ շաբաթների ընթացքում»,- այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մանրամասն ներկայացնելով իրավիճակը՝ նախարարը նշել է, որ դրական թեստերի արդյունքների մեջ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների համամասնությունը բավականին մեծ է:

 

«Պայմանավորված մի շարք հանգամանքներով՝ անձինք ավելի ծանր են տանում հիվանդությունը, եւ այս պահին մենք ունենք ծավալված մոտ 2600 մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են: Բայց պետք է հասկանալ, որ այս ռեսուրսը անսահման չէ, եւ պետք է ամեն ինչ անենք, որ դրսում մնացած պացիենտներ չունենանք»,- նշել է նա: Վերջինս կարեւորել է պատվաստումների միջոցով իրավիճակը փոխելու անհրաժեշտությունը եւ նշել, որ այն որոշակի հույս եւ հնարավորություն կտա բնականոն կյանքի վերադառնալուն:

«Հիվանդացությունն ունի անկանխատեսելի ընթացք, եւ ինչքան էլ որ բժշկական օգնությունը տրամադրվի, ինչքան էլ որ մահճակալային ֆոնդը, առողջապահական համակարգը իր բոլոր ռեսուրսների գերլարումով սպասարկի հիվանդներին, այնուամենայնիվ, մենք ունենք ծայրահեղ ծանր ընթացքի բավական համամասնություն, եւ զգոնությունը, հիվանդության նկատմամբ վերաբերմունքը միանշանակ պետք է լինի բավական լուրջ: Սրանով է պայմանավորված նաեւ մեր երկրում պատվաստման գործընթացի կազմակերպման ճիշտ ընթացքի կարեւորությունը: Եթե անգամ մեր երիտասարդները եւ այլք վարակվելու պարագայում հույս ունեն բավականին թեթեւ անցկացնել, բայց, միեւնույնն է, պետք է հասկանանք, որ այն բավական լուրջ հիվանդություն է, առողջանալուց հետո նույնիսկ թողնում է որոշակի հետեւանքներ»,- նկատել է նախարարը:

Անդրադառնալով պատվաստանյութերին՝ Ավանեսյանն ասել է. «Այս պահին մենք ավարտական փուլին ենք հասցնում «Նովովակս» պատվաստանյութի ձեռքբերումը։ Մենք վարում ենք երկկողմանի բանակցություններ եւ ունենք երկկողմանի պայմանագրեր, արդեն իսկ կնքված պայմանագրի արդյունքում ՌԴ-ից ՀՀ է բերվել 15 000 դեղաչափ, եւ պիտի շարունակաբար պայմանագրեր կնքվեն, եւ նոր խմբաքանակներ ժամանեն։ Մենք մեր ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքային կապի մեջ ենք եւ հույս ունենք, որ առաջիկայում կկնքվեն նոր խմբաքանակների համաձայնագրերը, եւ կունենանք նոր ներմուծումներ»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ Չինաստանի կառավարության հետ կա նախնական համաձայնություն, որ Հայաստանի Հանրապետության դոնորության շրջանակում կտրամադրվի պատվաստանյութ, որն առաջիկայում եւս կժամանի ՀՀ։

«Այսինքն՝ ունենալու ենք մի շարք տարբերակներ, որոնք պիտի օգտագործվեն մեր երկրում: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված եզրակացությունները, եւ որոշում կայացրինք, որ «AstraZeneca»-ով պատվաստման համար եւս կսահմանենք տարիքային շեմ. պատվաստում կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Լրացուցիչ անվտանգության համար կիրառվել է «AstraZeneca»-ի պատվաստման տարիքային սահմանափակում»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել նշված պատվաստանյութի 24 000 դեղաչափ՝ 12 000 քաղաքացու համար։

 

 

 

 

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակման միջոցով «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել Իջեւան, Թալին, Սիսիան, Ալավերդի, Ապարան, Վարդենիս, Ամասիա եւ Նոյեմբերյան քաղաքներում։ «Տրամադրվող ծառայություններից օգտվում է 1,200 շահառու. պետական բյուջեից 2021 թվականի համար տրամադրվել է շուրջ 71 մլն 760 հազար դրամ։ Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչեւ 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Երեխաներին եւ նրանց ընտանիքներին տրամադրվում է նաեւ առողջապահական, սոցիալական եւ կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաեւ կանխելով նրանց մուտքը հաստատություններ: Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաեւ առաջարկությունների ներկայացման հնարավորություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

Հանրապետության տարածքում ապրիլի 12-14-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում՝ ապրիլի 13-ի գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ապրիլի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 




Լրահոս