«ՉԿԱՐՈՂԱՑԱ ԶՍՊԵԼ ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ». ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին տեղի է ունեցել երգչուհի Իվետա Մուկուչյանի մենահամերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որը նվիրված էր Մայրության եւ գեղեցկության տոնին: Համերգի մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ:

 

«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաջ հերոսներին, որոնց շնորհիվ մենք այսօր հնարավարություն ունենք հանդիպելու եւ միասին նշելու այս օրը, այն հերոսներին, ովքեր հանուն այսօրվա եւ վաղվա՝ զոհեցին ամեն ինչ, անգամ ամենաթանկը՝ իրենց կյանքը: Խոնարհվում եմ նրանց առաջ: Դահլիճում ներկա են եղել նաեւ մեր հերոսները»,-մեզ հետ զրույցում նշել է երգչուհին:

Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում խոստովանում է, որ հուզվել է «Մարտիկի երգը» երգելիս՝ չկարողանալով զսպել արցունքները, հուզվել է նաեւ համերգի ավարտից հետո. «Հետաքրքիր է՝ միշտ երգել եմ «Մարտիկի երգը», բայց պատերազմից հետո, երբ հասնում եմ «Հայրենիքն իմ սրտում, թե չընկնեմ ես մարտում» տողին, այլեւս չեմ կարողանում շարունակել, դժվարանում եմ ինձ հավաքել…»: Շատ էի անհանգստանում, որ բարձր երաժշտությունը եւ լույսերը կարող են խանգարել դահլիճում ներկա գտնվող տարբեր վնասվածքներ ստացած զինվորներին, սակայն համերգի ավարտից հետո ինձ մոտեցավ մի զինվոր իր փոքրիկ տղայի հետ: Նա ասաց, որ վերջին իրադարձություններից հետո միակ ուրախ օրն էր իր համար, չկարողացա զսպել արցունքներս, առհասարակ, անդադար հուզվում էի… Սա նվազագույնն էր, որ կարող էինք անել նրանց համար»:

Նշենք, որ համերգային ծրագրի ընթացքում եղել են  նաեւ անակնկալներ թե՛ երգչուհու եւ թե՛ երկրպագուների կողմից: Երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Էլվինա Մակարյանի «Յարո՛ ջան» եւ «Առանց քեզ չկա գարուն» երգերը:

Ի դեպ, վերջին երգը կատարելիս Իվետան անակնկալի է բերել դահլիճում նստած Գրիշա Աղախանյանին՝ խնդրելով նրան բեմ բարձրանալ եւ միասին կատարել այդ սիրված ստեղծագործությունը:

Հավելենք նաեւ, որ երգչուհու հետ բեմում պարում էին «Ամարաս» պարային համույթի աղջիկները, իսկ պարային փորձերը տեղի են ունեցել մեկ-երկու օրվա ընթացքում, քանի որ Իվետան ԱՄՆ-ից վերադարձել էր երկու օր առաջ, հետեւաբար, համերգի փորձերն էլ ստիպված է եղել իրականացնել սուղ ժամանակահատվածում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲՐԵՆԴԻՆԳԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

2021 թվականի ապրիլի 8-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ, մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի «Բրենդի կառավարում» բրենդինգի ոլորտում առաջին հայալեզու մասնագիտական գրքի շնորհանդեսը։

 

Գրքում ներկայացվում են բրենդ հայեցակարգի առանցքային յուրահատկություններն ու կառուցվածքը, ծագման պատմական նախադրյալներն ու զարգացման ընթացքը, ինչպես նաեւ բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու կառավարման ուղիները: Այս դիտանկյունից վերլուծվել են բրենդ-ինքնության հիմնական կառուցվածքային բաղադրիչները՝

ա) բրենդի վիզուալ ինքնություն (դրական կազմակերպական իմիջի ստեղծում լոգոտիպերի ու խորհրդանիշների օժանդակությամբ),

բ) բրենդի վերբալ ինքնություն (ներառում է այնպիսի հիմնական տարրեր, ինչպիսիք են անվանումը, կարգախոսը, պատմությունների օգտագործումը, բրենդի լեզուն տարբերվող դարձնելու ձգտումը), ինչպես նաեւ բրենդի դիրքավորման մոտեցումներն ու բրենդային քաղաքականության առանձնահատկությունները:

Գիրքը նախատեսված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների ու նշված կամ հարակից բնագավառներում առարկաներ դասավանդող դասախոսների համար, ինչպես նաեւ բիզնես խորհրդատվության, մարքեթինգի, բրենդինգի, PR տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների համար:

Լիլիթ Շաքարյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: 2009 թ-ից Լ. Շաքարյանը հանդիսանում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք եւ սոցիալական տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս։ Նա Բրենդինգի հիմունքներ, ԶԼՄ սոցիոլոգիա, Ժամանակակից PR տեխնոլոգիաներ դասընթացների առաջին նախաձեռնողը, մշակողն ու դասավանդողն է։ Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ակադեմիական գործունեությունից բացի իրականացնում է բիզնես դասընթացներ եւ բրենդի կառավարման խորհրդատվական աշխատանքներ։ Լ. Շաքարյանը մի քանի առաջատար հայրենական արտադրողների բրենդի ճիշտ դիրքավորման եւ յուրահատուկ բրենդ-իմիջի ձեւավորման գործընթացում իր ուրույն ներդրումն ունի։

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԽԱՂԱԴԱՇՏ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Բոլոնիայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձավ մոտ մեկամսյա դադարից հետո: «Տեսնենք, թե ինչպես իրեն կզգա Մխիթարյանը: Նա մեզ հետ մարզվել էր միայն շաբաթ եւ մի քանի րոպե խաղաց այսօր: Գլխավորն այն է, որ նա պատրաստ լինի «Այաքսի» դեմ հանդիպմանը»,- ասել է պորտուգալացի մասնագետը: Հիշեցնենք, որ «Բոլոնիայի» դեմ խաղում Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 68-րդ րոպեին: Ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ստացած վնասվածքի պատճառով 32-ամյա ֆուտբոլիստը մարտի 12-ից բացակայում էր խաղադաշտից: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Ռոմայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 11 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

 

ՏՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ

«Օլիմպիակոսը» ֆուտբոլի Հունաստանի առաջնության 29-րդ տուրում 3:1 հաշվով տնային հաղթանակ է տարել «Պանատինաիկոսի» նկատմամբ եւ ժամանակից շուտ ապահովել չեմպիոնի տիտղոսը: Պիրեի թիմը հավաքել է 76 միավոր եւ անհասանելի դարձել երկրորդ տեղում գտնվող «Արիսի» համար: «Օլիմպիակոսը» պաշտպանեց տիտղոսը եւ 46-րդ անգամ դարձավ Հունաստանի չեմպիոն:

 

 

ՀԱՂԹԵԼ Է

Ֆուտբոլի Սլովակիայի առաջնության 26-րդ տուրում «Ժիլինան» մրցակցի խաղադաշտում 3:2 հաշվով հաղթել է «Տրենչինին»: Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին եւ մեկ րոպե անց դարձել գոլային փոխանցման հեղինակ: «Ժիլինան» 45 միավորով երրորդ տեղում է եւ 17 միավոր հետ է առաջատար «Սլովանից»:

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցն անդրադարձել է 17-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանին, որը գոլի հեղինակ էր դարձել Եկատերինբուրգի «Ուրալի» դեմ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի խաղում (2:2): «Այդ ֆուտբոլիստը շատ կարեւոր է մեզ համար: Զախարյանը կարող է լավ խաղ ցուցադրել ինչպես վինգերի դիրքում, այնպես էլ 8 համարի: Մենք շատ ուրախ ենք, որ նրա պես ֆուտբոլիստը մեծացել է մեր ակադեմիայում»,-ասել է գերմանացի մասնագետը:  Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը մասնակցել է 8 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

 

 




Լրահոս