Ազգային Անվտանգության ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Ջերմուկի քաղաքապետի գործողությունների մասով:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ է ստացել, որ Վարդան Հովհաննիսյանը, լինելով Ջերմուկ համայնքի ղեկավար, Ջերմուկ քաղաքի հրշեջ մասի և Ձախափնյակ թաղամասի 27-րդ բնակելի շենքի միջև գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 80.000 քմ մակերեսով հողամասը 20.422.500 դրամով վաճառել է Նինա Մուշկամբարյանին: Կողմերի միջև կնքված պայմանագրի 7-րդ կետով նախատեսվել է էական պայման կառուցապատման աշխատանքներն ավարտել 5 տարվա ընթացքում, այն ինչ հողամասի կառուցապատում ընդհանրապես չի իրականացվել, իսկ համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյանը չի կատարել տեղական ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքի 43 հոդվածի 4-րդ մասով նախատեսված իր լիազորությունները, միջոցներ չի ձեռնարկել պայմանագիրն առոչինչ ճանաչելու, հողամասը համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու ուղղությամբ, որի արդյունքում համայնքի շահերին անզգուշությամբ պատճառվել է էական վնաս: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում :
Ավելին, երեկ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ ոստիկանության Ջերմուկի բաժնում ՀՀ քր օր-ի 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Ջերմուկի քաղաքապետ, 59-ամյա Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ:
Ըստ տեղեկությունների՝ Հովհաննիսյանը իր անվամբ հաշվառված BMW մակնիշի 70 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորություններն այս տարվա մարտի 3-ի դրությամբ կազմել է մոտ 375 հազար դրամ: Նա կազմել և իր ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել է ավտոմեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ զրոյական կեղծ տեղեկանք:
ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացել նաև, որ նշված տեղեկանքը Վ. Հովհաննիսյանը իր որդու՝ Ջերմուկի բնակիչ, 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանի կողմից այս տարվա մարտին ներկայացրել է ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ավտոմեքենան օտարվել և հանվել է հաշվառումից:
ԱԱԾ-ում, մեկ այլ տեղեկություններով, Ջերմուկի քաղաքապետը կասկածվում է պաշտոնական դիրքն օգտագործելով իր կնոջ՝ Ջերմուկի բնակիչ, 55-ամյա Գայանե Հովհաննիսյանի Ջերմուկ քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող Երևանյան խճուղի 3/1 հասցեում որպես «Գայանե Հովհաննիսյան» ԱՁ գործող ռեստորանը 2016 թ.-ի դեկտեմբերից մինչև 2020 թ.-ի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում չի գրանցել որպես էլեկտրաէներգիա սպառող առանձին բաժանորդ եւ ռեստորանի էլեկտրամատակարարումն ապահովելով համայնքային ենթակայության տակ գործող Ջերմուկի ճոպանուղին սնուցող էլեկտրաէնեգիայից, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է մոտ 1մլն 650 հազար դրամի գույքային վնաս:
Վերոնշյալ տեղեկությունների մասով փորձեցինք զրուցել Ջերմուկի քաղաքպետի հետ՝ հայտնելով, որ Ազգային անվտանգության ծառայությունում եւ ոստիկանությունում իր գործողությունների մասով քննություն է սկսվել, քաղաքպետը, լսելով հարցը, հայտնեց, որ շատ զբաղված է, հիմա չի կարող խոսել:
ArmLur.am-ը պատրաստ է լսել նաեւ քաղաքպետին, երբ նա ազատ ժամանակ գտնի:
Քնար Մանուկյան