Armenian text to speach

Սահմանափակումից հետո առցանց խաղամոլների թիվը եռապատկվել է. փոփոխությունը կվնասի միայն լրատվամիջոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Շահումով խաղերի գովազդը լրատվամիջոցներում, այդ թվում՝ կայքերում արգելելու մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է,  էականորեն կվնասի օրինական դաշտում աշխատող լրատվամիջոցներին ու գրեթե չի ծառայի իր նպատակին: Ամեն դեպքում այդ մասին են խոսում առկա փաստերը:

Նշենք, որ այս պահին շրջանառության մեջ է դրված «Գովազդի մասին» ՀՀ օրենքի փոփոխության երկու նախագիծ, որոնցից առաջինը նպատակ ունի լրատվական կայքերում սահմանափակել վիճակախաղերի գովազդը` թույլատրելով միայն 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երկրորդը` ընդհանրապես արգելում է տոտալիզատորների գովազդը: Առաջին նախագիծն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցման, իսկ երկրորդը դեռևս հանրային քննարկման փուլում է: Նախագծերի ընդունումը բերելու է ավելի անբարենպաստ հետևանքի` մամուլի ազատության սահմանափակմանը, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում:

1. Հայկական լրատվական կայքերը զրկվում են եկամտի մոտ վաթսուն տոկոսից՝ տնտեսական ներկա իրավիճակում հնարավորություն չունենալով լրացնել գովազդային բացը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի գովազդի գնի անկմանը, և լրատվամիջոցները այլևս չեն կարողանա ֆինանսապես ինքնաբավ լինել։ Գովազդի շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության խախտումը կբերի գովազդի գնագոյացման մեջ փոփոխությունների, կառաջանան գործող տնտեսվարողների համար ֆինանսական ռիսկեր:

2. Ոլորտի աշխատատեղերի կրճատում:

3. Ժամային սահմանափակումն իրականացնելու համար կայքերը պետք է ունենան լրացուցիչ աշխատողներ, ինչը մանավանդ եկամուտների կրճատման ֆոնին ավելի է դժվարացնելու լրատվամիջոցների գոյատևումը։

Նախագծերում չկա որևէ հիմնավորում, որը կփաստի գովազդի ազդեցությունը խաղադրույքների ծավալի ավելացման վրա, այդ թվում` հենց լրատվական կայքերով գովազդի ազդեցությանը վերաբերող, չկա որևէ հաշվարկ, հարցում, սոցիալական հետազոտություն: Բացի դրանից, պետությունը չունի որևէ լծակ, որպեսզի վերահսկի օտարերկրյա կայքերով և սոցիալական ցանցերով տարածվող գովազդը:Այսինքն, ամեն դեպքում սահմանափակումը պիտանի չէ, քանի որ դրա արդյունքը չի լինելու խաղադրույքների թվի նվազեցումը: Ավելին՝ ըստ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի՝ նախորդ սահմանափակումից հետո առցանց խաղամոլների թիվը եռապատկվել է:

Զուտ գովազդի սահմանափակումը ներկայիս իրավիճակում որևէ դրական արդյունք չի տալու, սակայն մեծ հարված է հասցնելու անկախ մամուլին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս