Պատերազմի ընթացքում զենքերն ու ռազմամթերքն ապօրինի փոխադրելու գործով կալանավորված անձինք ուշագրավ ցուցմունքներ են տվել: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս գործով դատարանը կայացրել է վճիռ:
Ինչպես հայտնի է, Զոհրաբ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինի կերպով զենք, ռազմամթերք և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու և փոխադրելու շուրջ նախնական համաձայնության գալով Հարութ Միրումյանի և Մեսրոպ Գասպարյանի հետ 2020թ. հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետությունից գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք են բերել հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ և պայթուցիկ սարք հանդիսացող Ֆ-1 տեսակի 1 նռնակ, որոնք ապօրինի պահելով Հարութ Միրումյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում Արցախի Հանրապետության Աղավնո անցակետով դեպի Տեղ և Գորիս երթևեկելու փոխարեն զենքերն ու ռազմամթերքը ապօրինի փոխադրել են Խոզնավար-Վերիշեն-Գորիս ավտոճանապարհով։ 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Վերիշեն բնակավայրում տեղակայված ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության անշարժ հենակետում հիշյալ ավտոմեքենան կայանելուց հետո կատարված զննությամբ ինքնաձիգները հայտնաբերվել են ավտոմեքենայի բեռնախցիկից, 60 փամփուշտները՝ հետևի ուղևորի դռան գրպանից, իսկ նռնակն ու 17 փամփուշտները՝ Մեսրոպ Գասպարյանը ներկայացրել է իր հագին եղած բաճկոնի գրպանից: Վերոնշյալ անձինք կալանավորված են:
Ինչեւէ, ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե գործով կալանավորված անձինք ինչ ցուցմունք են տվել իրավապահներին, ինչու են զենք -ռազմամթերք պատերազմի դաշտից իրենց հետ փորձել բերել Երևան:
Մասնավորապես, գործով կալանավորված Զոհրաբ Գալստյանը ցուցմունք է տվել եւ հայտնել.
«Ես միտումնավոր ոչ մի բան չեմ արել, վախից դրդված են այդ ամենը արել։ Զենքը չէի հանձնելու Գորիսում, քանի որ պետք է հետ դառնայի Հադրութ»։
Կալանավորված անձանցից Հարութ Միրումյանն էլ ցուցմունք է տվել եւ հայտնել՝ իրեն մեղավոր չի ճանաչում 2020 թվականի հոկտեմբերի 23-ին Զոհրաբը Մեսրոպի հետ եկել է իր տուն։ Այդ օրը մնացել են իրենց տանը։ Հաջորդ օրը Զոհրաբին պատկանող “ՈՒԱԶ” մակնիշի ավտոմեքենայով որոշել են գնալ Արցախ՝ զինվորներին իրեր տանելու նպատակով։ Քաշաթաղից իրենց հետ են տվել։ Այդ օրը մնացել են իր տանը և հաջորդ օրը ճանապարհվել Արցախ։ Հասել են Մատաղիսի զորամաս, զինվորներին տարբեր իրեր փոխանցել և այդ օրը մնացել զինվորների հետ։ Հաջորդ օրը գնացել են զորամասի ավտոպարկ, իրենց ավտոմեքենայի անվադողերը տվել զինվորներին և վերցրել զինվորական շտապօգնության մեքենայի անվադողերը։ Ժամը 13։00-ից 14։00-ի սահմաններում շարժվել են Մադաղիսից։ Մեքենան վարել է ինքը, քանի որ Զոհրաբը հոգնած էր։ Ստեփանակերտում մեքենան գազ են լիցքավորել։ Ճանապարհին Զոհրաբն ասել է, որ ավտոմեքենայում զենք կա, որը վերցրել է ինքնապաշտպանության նպատակով։ Այդ ժամանակ ասում էին, որ Քաշաթաղում դիվերսիոն խումբ կա։ Վերիշեն գյուղում գտնվող անցակետում իրենց կանգնեցրել են ԱԱԾ և ոստիկանության ծառայողները։ Նրանք ներկայացել են և ասել, որ բացեն բեռնախցիկը։ Համաձայնվել են և բեռնախցիկը բացելուց հետո ԱԱԾ ու ոստիկանության ծառայողները գազի բալոնի վրա հայտնաբերել են ինքնաձիգ, իսկ մեքենայի սալոնից՝ փամփուշտներ։
Նշված զենքը բերում էին հանձնելու նպատակով և ցանկանում էին այն հանձնել Գորիսի ոստիկանություն։
Մեսրոպ Գասպարյանն էլ իր ցուցմունքում հայտնել է, որ «Մադաղիսում գտնվելու ընթացքում՝ իրենց հասած օրը, ասել են, որ Արցախ դիվերսիա է մտել։ Տղաները նույնիսկ զարմացել են, որ իրենք առանց զենքի ռիսկ են արել գնալ այնտեղ։ Զոհրաբը նրանց ասել է, թե արդյոք զենք կա իրենց տալու համար, ինչին պատասխանել են, որ անտառի մեջ լիքը զենք և ռազմամթերք կա թափված։ Նրանք բերել են երկու ինքնաձիգ և փամփշտատուփեր։ Ինչքան հիշում է, այդ ժամանակ Հարութը մեքենայի մոտ էր և նա է բացել բեռնախցիկը ու զինվորները զենքերը դրել են այդտեղ: Արդյունքում , դատավոր նապոլեոն Օհանյանը լսելով մեղադրյալներին դատավճիռ է կայացրել եւ
Զոհրաբ Գալստյանին ազատազրկման է դատապարտել 2 տարի ժամկետով:
Մեսրոպ Գասպարյանի ազատազրկման է դատապարտել 4 տարի ժամկետով:
Հարութ Միրումյանին 2 տարվա ազատազրկում :
Այս դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան:
Քնար Մանուկյան