2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին տտեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նույն օրը՝ ժամը 10:35-ին, շտապօգնության Կենտրոն ենթակայանից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի վերոնշյալ խաչմերուկում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննությունը: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: