Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվեց արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր եւ զոհված հայ զինվորականների սաղավարտներ:
Երեկ խորհրդարանում տարբեր հարցերի քննարկման ընթացքում թիվ մեկ թեման ալիեւյան «պուրակն» էր, եւ պատգամավորները դատապարտեցին Իլհամ Ալիեւի նման վարգագիծը, հայտարարություններ տարածեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ եւ Արցախի ԱԳՆ-ները: «Միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին եւ պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»,- հայտարարում է Արցախի օմբուդսմենը: Իսկ ի՞նչ է ասում աշխարհը. Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ» խմբակցության անդամ Վիտալիյ Միլոնովը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ նաեւ Արցախ էր այցելել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս քայլով Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատերազմի ընթացքն իր համար հաջողություն է համարում: «Ադրբեջանը հպարտանում է պատերազմով եւ դա չի ընդունում որպես ողբերգություն, որը տեղի է ունեցել երկու ազգերի միջեւ: Պարոն Ալիեւը փորձում է իր եւ հայերի սպանությունն օգտագործել որպես քաղաքական քայլ: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Ալիեւն այս պատերազմում շարժվել է Էրդողանի խորհրդով, եւ ինձ համար շատ ողբերգական է, որ հենց նա է սկսել այս ամենը»: Խոսելով միջազգային հանրության լռության մասին՝ նա նշեց. «Իսկ մի՞թե միջազգային հանրությունը կանգնեցրել է Թուրքիային եւ Ադրբեջանին, երբ նրանք ռմբահարում էին Արցախը. իհարկե ոչ: Ես կարծում եմ, որ Թուրքիան եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանին ընկալում է միայն որպես իրեն հպատակ երկիր»: Հավելենք, որ նախօրեին այս եւ առհասարակ հայ ռազմագերիների վերադարձի հարցով մեծ քննարկում է տեղի ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչեւ ԱԺ հավանական արտահերթ ընտրությունները հանդիպում ունենալ իր թիմի յուրաքանչյուր անդամի հետ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն այժմ հանդիպումներ է ունենում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին: Վարչապետը փորձում է իր թիմակիցներից մեկ առ մեկ պարզել, թե ով ինչ խնդիր ունի: Փաշինյանը նաեւ փորձում է հասկանալ՝ եթե այս կամ այն պատգամավորը հաջորդ խորհրդարանում չլինի, ապա իրեն որ ոլորտում է պատկերացնում, որ գերատեսչությունում կցանկանա աշխատել եւ ինչ նպատակներ ունի: Նա խոստանում է կատարել բոլորի նպատակները՝ հորդորելով հանգիստ լինել, պատրաստվել ընտրությունների եւ մնալ «Իմ քայլը» խմբակցությունում։Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դնում պատգամավորների գլխի տակ ու հավաստիացնում, որ եթե ԱԺ-ում չլինեն, ապա իրենց համար ցանկալի ոլորտում կլինեն: Մենք տեղեկացանք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հավաստիացրել է, թե վստահ է՝ իրենք 50 տոկոս ձայն են հավաքելու, առանց որեւէ կեղծիքի նորից ընտրվելու են ու իշխանության գան: Պատգամավորների մեծ մասը երջանկացել է, որ հնարավորություն է ունեցել 3 տարվա մեջ գոնե մի անգամ դեմ առ դեմ հանդիպել վարչապետին եւ նրանից հավաստիացում ստանալ, որ ընտրություններից հետո անգործ չեն մնալու:
Վճռաբեկ դատարանը գործի է անցել եւ իր որոշումներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իշխանություններին եւ պատրաստ է նրանց քիմքին հաճո որոշումներ կայացնել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատի հավաքները սկսվում են իշխանությունների, հատկապես՝ վարչապետի մասին գովեստի խոսքերով: Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը 10 օրվա ընթացքում կայացրել է արդեն երկու որոշում, որով դատարկ տաշտակի առաջ չթողեց ՀՀ գլխավոր դատախազությանը եւ բավարարեց ՀՀ իշխանությունների ցանկությունները: Եվ դա ամենեւին էլ պատահական չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը՝ Լիլիթ Թադեւոսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջանքերով եւ իր առանձնասենյակում հաճախ շփվում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։ Եվ քաղաքական պաշտոնյայի ցուցումներով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից հայտնի գործերով մեկը մյուսի հետեւից կալանավորումների որոշումներ են կայացվում։ Դրանցից մեկը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության, Ազգային ժողովի շենքեր ներխուժելու դեպքերին, որից հետո 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվեց։ Իսկ արդեն ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը բավարարեց արդեն Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը եւ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, կալանավորեց: Սա իշխանությունները համարում են իրենց հաղթանակը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները: Ընդ որում, դա արվում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ՝ բանակը շատ մեծ ռեսուրս է, եւ պետք է իշխանությունը վստահ լինի, որ կարող է անհրաժեշտ ձայներ ապահովել: Հենց դա է պատճառը, որ այժմ ԳՇ-ից կանչում են զինվորականներին, մասնավորապես՝ զորամասերի հրամանատարներին, եւ նրանց խոստումներով կերակրում, թե կլուծեն նրանց հարցերը, օրինակ՝ կմարեն վարկերը կամ կներեն նախկինում արված ինչ-որ սխալներ, կօգնեն անտոկոս վարկեր ստանալ, հողամաս ձեռք բերել կադաստրային էժան գներով։ Եվ այս ֆոնին շարունակվում են նաեւ հետապնդումներն Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականների նկատմամբ. նրանք, ովքեր չեն ենթարկվում, բացի կաշառելու դեպքերից, նաեւ սպառնում ու վախեցնում են հնարավոր քրգործերով։ Մի խոսքով, բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ, այլ ոչ հայոց բանակի մարտունակությունն են բարձրացնում կամ վերազինում։