ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանից ArmLur.am-ը փորձել է պարզել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր եղբորը որ արժանիքի համար է նշանակել Տավուշի մարզպետ: Մենք փորձեցինք Ղալումյանից պարզել նաեւ՝ արդյոք դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք քավոր-սանիկական հարաբերություններ ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մեր զրուցակցից փորձել ենք պարզել նաեւ, թե Տավուշի մարզում իրենք ինչպիսի վարկանիշ ունեն:

 

-Պարո՛ն Ղալումյան, Ձեր եղբայրը նշանակվել է Տավուշի մարզպետ, սակայն մինչեւ այդ Իջեւանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էր: Ինչո՞ւ այնտեղ ընտրություն այդպես էլ տեղի չունեցավ: Ինչո՞ւ իշխանությունները ընտրություն չեն անցկացնում:

-Իշխանությունները չեն գնում ընտրության, քանի որ համավարակ էր, ապա պատերազմական իրավիճակ եւ ռազմական դրություն:

-Պարո՛ն Ղալումյան, սակայն տեղեկություններ կան, որ Իջեւանում իշխանությունը չի վայելում վստահություն, եւ հենց դա է պատճառը:

-Բացարձակապես այդ կարծիքին չեմ:

-Շփվո՞ւմ եք հանրության հետ:

-Իհարկե, դրական դիրքորոշում: Միայն դրական չի կարող լինել, մենք ունենք ընդդիմություն խորհրդարանական եւ նաեւ արտախորհրդարանական:

-Ձեր եղբորը ո՞ր արժանիքի համար նշանակեցին մարզպետ: Միայն նրա համա՞ր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ են առկա:

-Այդ հարաբերությունները բացարձակապես կապ չունեն: Դրանք ընտանեկան կապեր են, եւ այդ հարաբերությունները միայն լրացուցիչ պատասխանատվություն են առաջացնում:

-Իսկ գո՞հ են Ղալումյաններից Տավուշի մարզում:

-Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով, եւ ես կարծում եմ, որ մեր վարկանիշը մարզում բավարար է: Պետք է առաջիկայում գնանք Իջեւանի համայնքի ղեկավարի ընտրությունների: Որոշ ժամանակ ընտրությունները նաեւ համայնքների խոշորացման ծրագիրն էին հետ գցել: Այս պահին կարծում եմ՝ համապետական ընտրություններից հետո կնախաձեռնվի նաեւ այդ ընտրությունը: Ես մարզում մշտապես այցելություններ անում եմ, շաբաթական 2-3 անգամ այնտեղ եմ լինում:

-Իսկ հանրությունն ի՞նչ է ասում: Պե՞տք էր արդյոք այս փուլում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

-Հանրությունն ամբողջությամբ այդ կարծիքը չունի, բայց քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար քաղաքական ուժերն են այդ ճանապարհը ընտրել, բայց ես կարծում եմ, որ հանրությունն ամբողջովին չի կիսում այդ տեսակետը: Հանրության մեջ կա մի հատված, որ կարծում են՝ արտահերթ ընտրություններ կազմակերպել պետք չէ:

-Իսկ ընդդիմությունը Ձեր մարզում վարկանիշ ունի՞: Խոսքը, օրինակ, Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի, Ռոբերտ Քոչարյանի մասին է:

-Միանշանակ որոշակի վարկանիշ կունենա, բայց արդյոք դա կբավարարի խորհրդարան մտնելու համար, թե ոչ, ցույց կտան ընտրությունները:

– Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի՞:

-Իհարկե,  նա մեծ վարկանիշ ունի Տավուշի մարզում: Այժմ մարզում շտաբեր բացելու գործընթաց չի սկսել, բայց հանդիպումներ պարբերաբար լինում են: Պատերազմից հետո իշխող քաղաքական  ուժի հանդեպ վստահություն կա, եւ ես կարծում եմ, որ մեզ կրկին վստահելու են, եւ մենք առաջիկայում կրկին իշխանություն ենք լինելու: Ես վստահ եմ: Ես չեմ նկատել մշտական բողոք մեր իշխանությունից: Մենք արտահերթ ընտրությունների գնում ենք պատերազմից հետո, իսկ տնտեսական գործունեությունը տեսնելու համար պետք է նայել 2019 թվականի տվյալները: Մենք խոստումներ տվել ենք հինգ տարիների համար, եւ բնականաբար դրանցից շատերը չեն կատարվել: Մենք մասնակցելու ենք ընտրություններին հենց այդ խոստումները կատարելու համար, բայց իրավիճակը դրական եմ համարում, եւ ահագին բան արվել է:

-Բայց ընդդիմությունն ասում է, թե իրենք են լինելու հաջորդ իշխանությունը:

-Ընդդիմությունն իր ասելիքը ապացուցելու հնարավորություն կունենա: Պատերազմից հետո բազմաթիվ անհիմն մեղադրանքներ են մեզ ուղղել, եւ ժողովուրդն այդ ամենը գնահատելու է: Ոչ մի հիմք չկա մեզ մեղադրել վարչական ռեսուրս կիրառելու կամ ընտրակեղծիք իրականացնելու մեջ:

-Դուք հաջորդ իշխանությո՞ւն եք:

-Դա կորոշի ժողովուրդը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԿԱՆԱԴԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

Կանադան դադարեցնում է ռազմական այն տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, որոնք կիրառվել էին Ղարաբաղյան վերջին պատերազմում։ Խոսքը, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի համար օգտագործվող դետալների մասին է, որոնց մատակարարումը սառեցվել էր դեռ պատերազմի օրերին, բայց՝ ժամանակավորապես։ Երեկ արտգործնախարար Մարկ Գարնոն հրապարակեց վերջնական որոշումը՝ ընդգծելով՝ այն կայացվել է Պաշտպանության նախարության հետ անցկացված մանրազնին հետաքննության արդյունքում, որը վստահելի ապացույցներ է գտել Լեռնային Ղարաբաղում կանադական սարքավորումների օգտագործման մասին։

 

Հետաքննությունը սկսվել էր պատերազմի օրերին, երբ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares-ը, հաղորդել էր, թե Ղարաբաղի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են թիրախավորման եւ նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Wescam ընկերությունը։ Լրատվամիջոցներն իրենց հերթին պարզել էին, որ կանադական այդ ընկերությունը Ղարաբաղյան պատերազմի մեկնարկից առաջ նմանատիպ 7 համակարգ էր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: Հաղորդումները մեծ աղմուկ էին բարձրացրել երկրում, վարչապետ Ջասթին Թրյուդոն փաստել էր՝ Կանադայի ներմուծման եւ արտահանման ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Պաշտոնական Անկարան դեռ այն ժամանակ էր բողոքարկել եւ պնդել, թե Օտտավան ոտնահարում է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած հանձնառություններն ու սպասարկում հայկական սփյուռքի շահերը։ «Ակնկալում ենք, որ Կանադան երկակի ստանդարտներ չի կիրառի եւ զերծ կմնա իր երկրի ներսում հակաթուրքական շրջանակների ազդեցությունից ու նեղ քաղաքական շահերի գերին դառնալուց»,- անցած հոկտեմբերին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարությունը։

Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հարկ էր համարել այս դիրքորոշումը վերահաստատել նաեւ երեկ կանադացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։ «Նախարարն իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի հանդեպ սահմանված էմբարգոյի կապակցությամբ եւ հորդորել է Կանադային վերանայել այդ որոշումը», – Anadolu գործակալությանն ասել էր թուրք դիվանագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Օտտավան մինչդեռ ոչ միայն չվերանայեց, այլեւ է՛լ ավելի խստացրեց դիրքորոշումը. երեկվա արգելանքը, ըստ լրատվամիջոցների, տարածվում է ռազմական ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման մոտ երեք տասնյակ արտոնագրերի վրա։

Արտգործնախարար Մարկ Գարնոն հաստատել էր՝ որոշումը հրապարակելուց առաջ խոսել է թուրք գործընկերոջ հետ։ «Ես վերահաստատեցի Կանադայի ցանկությունը երկխոսություն սկսել եւ մեխանիզմներ գտնել, որոնք կերաշխավորեն, որ ապագայում Թուրքիա մատակարարված կանադական սարքավորումները երրորդ երկրում չեն հայտնվելու», – հաղորդել է Գարնոն։

Ն.Հ.

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

ՀՀ հաշվեքննիչ պալատը դիմել է գլխավոր դատախազություն: Պատճառը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքներով առեւերույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերը ուղարկել դատախազություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգվել է 2019թ. հունվարի 1-ից մինչեւ 2019-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ժամանակահատվածում սոցապնախարարը Զարուհի Բաթոյանն է եղել (Բաթոյանը նախարար նշանակվել է 2019-ի հունվարի 18-ին, իսկ մինչ այդ՝ փոխնախարար): Հաշվեքննության ընթացքում իրականացվել են ստուգումներ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», «Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» եւ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ներում: Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թվով 45 աշխատակիցներ հանդիսանում են նաեւ այլ կազմակերպությունների աշխատակիցներ, ընդ որում՝ թվով 14 աշխատակիցների միաժամանակ աշխատում են 3 եւ ավելի գործատուների մոտ: Բացի այս, Պալատը ռիսկեր է տեսել պայմանագրով սահմանված թվով 220 խնամվողի համար, որոշ ապրանքատեսակների ձեռքբերման քանակի դեպքում, մասնավորապես՝ եթե «Սվիտեր բրդյա 7-18տ. երեխաների համար» գնել են 300 հատ, ապա «Սպորտային հագուստ աղջկա»՝ 30 հատ, «Վարտիկ տղամարդու»՝ 300 հատ, իսկ «Ձմեռային կոշիկ տղայի»՝ 10 զույգ, «Ներքնակի երես փոքր» 20 հատ: Թե ինչու է Պալատը դիմել Գլխավոր դատախազություն, փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ նախարարությունից, սակայն արձագանք չկա: Միայն փաստենք, որ ողջ կյանքում կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարձրաձայնած Զարուհի Բաթոյանն ու իր ՀԿ սեկտորի ընկերները փաստացի այս կամ այն կերպ առնչվում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող պատմության հետ։

 

 

ԹԱՆԿԱՆՈՒՄ Է

ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թեկնածու Լեւոն Բունիաթյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է, թե արդյոք ընտրվելու դեպքում շահերի բախման խնդիր չի ունենալու՝ նկատի ունենալով, որ նա նախկինում աշխատել է ՀԷՑ-ում։ Պատգամավորը հիշեցրել է, որ խոշոր սպառողների համար գազի գինը թանկացել է, եւ հիմա խոսակցություններ կան, որ նաեւ շարքային բնակիչների համար է գազի գնի բարձրացման հայտ ներկայացվելու։ Լ. Բունաթյանը վստահեցրել է, որ որեւէ «շահախնդրություն» դեպի ՀՀ էեկտրական ցանցերը իր աշխատանքում չի լինելու, քանի որ 2016թ.-ից չի աշխատում այդ հիմնարկում եւ գործելու է օրենքով: «Ես չիմացա Ձեր պատկերացումները, թե ինչ եք անելու: Ես ուզում եմ արձանագրել, որ կյանքը Հայաստանում օրեցօր թանկանում է, եւ այդ թանկացումը հիմա տարածվում են նաեւ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի խողովակով անցնող ջրի, գազի, լույսի վարձավճարների մասով: Հիմա եթե չունեք պատկերացում՝ այդ թանկացումները կանխելու, ո՞նց եք գնում այնտեղ կանխելու, հանրային շահ ներկայացնելու»,- ասել է Թ. Թովմասյանը:

 

 




Լրահոս