Ժողովրդավարությունը պաշարման մեջ է։ Մինչ 2020-ին մահաբեր համավարակը, տնտեսական եւ ֆիզիկական անապահովությունը եւ դաժան հակամարտությունները հոշոտում էին աշխարհը, ժողովրդավարության պաշտպաններն ավտորիտար թշնամիների դեմ պայքարում նոր՝ ծանր կորուստներ ունեցան՝ միջազգային հավասարակշռությունը փոխելով՝ հօգուտ բռնատիրության. «Ազատությունն աշխարհում 2021»-ի (Freedom in the World 2021) զեկույցում գրում է Freedom House-ը։ Ինչպես նշվում է զեկույցում, «ժողովրդավարական անկումը խորանում է ամբողջ աշխարհում, եւ այս ջախջախիչ հարվածները նշանավորում է 15-րդ տարին անընդմեջ գլոբալ ազատությունների անկումը, որն արձանագրվում է 2006 թվականից ի վեր»։ Նշվում է, որ ժողովրդավարության երկարաժամկետ անկման հետեւանքները գնալով ավելի գլոբալ բնույթ են ստանում: Աշխարհի բնակչության գրեթե 75 տոկոսն ապրում է երկրներում, որտեղ անցյալ տարի ժողովրդավարությունը հետընթաց է գրանցել, իսկ շարունակվող անկումն առաջ է բերել ժողովրդավարության թերարժեքության մասին պնդումներ։
«Ավտորիտար կառավարման ընդլայնումը, զուգորդված միջազգային ժողովրդավարության հիմնական ասպարեզում մարող եւ անհամապատասխան ներկայությամբ, ինչպես նաեւ քաղաքական վեճերը լուծելու համար ռազմական ուժին հաճախակի դիմելը շոշափելի ազդեցություն են ունեցել մարդու կյանքի եւ անվտանգության վրա: Մինչ երկարատեւ հակամարտությունները բորբոքվում էին այնպիսի վայրերում, ինչպիսիք են Լիբիան եւ Եմենը, Եթովպիայի եւ Ադրբեջանի առաջնորդներն անցյալ տարի պատերազմներ են սանձազերծել համապատասխանաբար Տիգրայի եւ Լեռնային Ղարաբաղի շրջաններում՝ հենվելով Էրիտրեայի եւ Թուրքիայի ավտորիտար հարեւանների աջակցության վրա եւ ապակայունացնելով հարակից շրջանները: Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքներն ի չիք են դարձրել Հայաստանում բարեփոխումների հույսերը։
Ավտորիտար պետությունների կողմից ռազմական ուժի կիրառումը, որը ժողովրդավարական նորմերի գլոբալ փլուզման եւս մեկ ախտանիշ է, նախորդ տարի տեսանելի դարձավ Լեռնային Ղարաբաղում։ Նոր ռազմական գործողությունները սկսվեցին սեպտեմբերին, երբ ադրբեջանական ռեժիմը, Թուրքիայի վճռական աջակցությամբ, հարձակվեց ԼՂ-ի վրա՝ կարգավորելու տարածքային վեճը, որը տարիներ շարունակ դիվանագիտությունը Հայաստանի հետ չկարողացավ լուծել»,- ասված է զեկույցում։
Նշվում է, որ ԼՂ-ում հակամարտության հետեւանքով զոհվել է 6500 զինվոր եւ հարյուրավոր քաղաքացիական անձինք, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։
«Բացակայում էր միջազգային նշանակալից ներգրավվածությունը, եւ պատերազմը դադարեց միայն այն ժամանակ, երբ Մոսկվան երկու կողմերին պարտադրեց խաղաղարար ծրագիր՝ ամրագրելով ադրբեջանական զինուժի տարածքային ձեռքբերումները, բայց շատ այլ հարցեր թողնելով անպատասխան։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները բացասական ազդեցություն են ունեցել ժողովրդավարության վրա։ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիեւի իշխանության ամրապնդումից զատ, հակամարտությունը սպառնում է ապակայունացնել Հայաստանում կառավարությունը»,- գրում է Freedom House-ը։
Նշվում է՝ «Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան պատերազմում բուռն արձագանք է առաջացրել որոշ ընդդիմախոսների շրջանում», որոնք նոյեմբերին ներխուժել են խորհրդարան եւ ֆիզիկապես հարձակվել խոսնակի վրա։ Նման անկարգությունը սպառնում է երկրի՝ դժվարությամբ նվաճած առաջընթացին եւ կարող է հանգեցնել իրադարձությունների շղթայի, որոնք Հայաստանին կմոտեցնեն իր հարեւանների ավտոկրատական միտումներին»։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ Բելառուսում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրությունից հետո սկսված բողոքի զանգվածային ակցիաներին։ Նշվում է՝ դրանց հետեւանքով Բելառուսում ավելացել են դաժան ճնշումները, զանգվածային ձերբակալությունները եւ խոշտանգումները, իսկ քաղաքական իրավունքները եւ քաղաքացիական ազատությունները դարձել են ավելի սահմանափակ։ Խոսվում է նաեւ Չինաստանի մասին, որտեղ, ըստ Freedom House-ի, առկա է աշխարհում ամենահայտնի բռնապետությունը։ Նշվում է նաեւ, որ Չինաստանն ամրապնդել է իր գլոբալ ապատեղեկատվության եւ գրաքննության արշավը։
Ն.Հ.
ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:
ԱԼԻԵՎԸ ՊԵՏՔ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ
Իլհամ կեղծարարը հայոց պատմությունն ու մշակույթը լկտիաբար կեղծելու, հայ ժողովրդի պատմական բնօրրան Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաքով սեփականաշնորհելու փորձերից հետո որոշել է իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել եւ իբրեւ ուղիղ մեջբերումներ՝ ցիտել այդ հորինվածքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը: «Եթե Սերժ Սարգսյանը երբեւէ որեւէ բան խոստացել է Իլհամ Ալիեւին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները՝ Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան եւ հուսալի ցամաքային սահմանի եւ ԼՂՀ՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման ուղղությամբ: Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր որ սուտն է ավելի «ճիշտ»:
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է երեկվա դատական նիստը։ Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է Քովիդ-19-ի թեստ։ Նախագահը շփում է ունեցել քովիդ-հիվանդի հետ եւ այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել թեստի հանձնումը հաստատող բժշկական փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ Դատավորը տեղեկացրել է, որ ապրիլի 27-ից գտնվելու է իր ամենամյա արձակուրդի մեջ։ Դատական նիստը հետաձգվել է մինչեւ մայիսի 4-ը՝ ժամը 13։00-ն։
ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը, եւ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը կկալանավորվի: ArmLur.am-ը գրել էր, որ Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը պատերազմ է հայտարարել Սերժ Սարգսյանի եղբորորդու դեմ եւ նրա խափանման միջոցը գրավով փոխարինելու դեմ ՀՀ վճռաբեկ դատարան դիմում է ներկայացրել: Վճռաբեկ դատարանը Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը վարույթ էր ընդունել, եւ ապրիլի 12-ին հրապարակվել է դատական ակտը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, եւ քրեական գործը ուղարկվել Է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում եւ ժամանակահատվածում անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ եւ ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետեւ դրանք թաքցնելով պայուսակների մեջ` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել եւ պահել իր կողմից նախապես վարձակալած, Երեւան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՎԱՐՈՒՄ
Ռուսաստանի եւ Ադրբեջանի զինվորականները Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեմայով սերտ երկխոսություն են վարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Զինվորականների գծով սերտ երկխոսություն է ընթանում, որի ժամանակ քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բարձրացվել է «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման թեման Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցի ժամանակ: