Ցավալի է, սակայն փաստ է, որ Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա ներկայանալով՝ պատերազմի մասնակից զինվորների ծնողներից գումար են շորթում: Մեզ հայտնի դարձավ, որ Հովիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, տեղեկանալով, որ զինծառայող Հայկ Մաթեւոսյանը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ, խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ Հայկ Մաթեւոսյանի ազգական Արամ Մանուկյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ եւ պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել Հայկ Մաթեւոսյանի որոնողական աշխատանքներով:
Հովիկ Բաբայանը 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Արամ Մանուկյանից նախ պահանջել եւ ստացել է 100 հազար ՀՀ դրամ, այնուհետեւ՝ 2020 թվականի նոյեմբերի 1-ին, Արամ Մանուկյանին հայտնել է, թե, իբր, զինծառայող Հայկ Մաթեւոսյանը գերության մեջ է գտնվում Ադրբեջանի Հանրապետության Դաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին, եւ պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու եւ Հայկ Մաթեւոսյանին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հովիկ Բաբայանը մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է խոշոր չափերով՝ 1 միլիոն 480 հազար 800 ՀՀ դրամին համարժեք եւս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Արամ Մանուկյանի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Հովիկ Բաբայանը, տեղեկանալով, որ զինծառայող, 2002 թվականին ծնված Վանուշ Հարությունյանը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմին, անհետ կորել է, կրկին նույն եղանակով կաշառք ստանալու պատրվակով Վանուշ Հարությունյանի ազգական Արմինե Փիլոյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ եւ պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհետ կորած զինծառայող Վանուշ Հարությունյանի որոնողական աշխատանքներով:
Հովիկ Բաբայանը 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ճանապարհածախսի պատրվակով Արմինե Փիլոյանից նախ պահանջել եւ ստացել է 70.000 հազար ՀՀ դրամ, այնուհետեւ վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով, իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Արմինե Փիլոյանին հայտնել է, թե, իբր, զինծառայող Վանուշ Հարությունյանը ողջ է, սակայն գերության մեջ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունում, եւ ինքը կփորձի իր կապերի միջոցով Վանուշ Հարությունյանին վերադարձնել ՀՀ:
Այնուհետեւ Վանուշ Հարությունյանին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով Ադերբեջանից Չեչնիայի Հանրապետություն, այնտեղից՝ Դաղստան, որից հետո ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաք տեղափոխելը կազմակերպելու համար մաս-մաս վճարելու պայմանով պահանջել եւ խաբեությամբ ստացել է խոշոր չափերով՝ եւս 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք 1.131.400 ՀՀ դրամ՝ Ա.Փիլոյանին պատճառելով խոշոր չափերով՝ 1.201.400 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ՝ ՀՈԱԿ-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունում տեղի ունեցած ողբերգական դեպքի գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել դատարան:
Նորիկ Ներսեսյանը աշխատել է Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունում որպես վարորդ եւ իրեն ամրակցված «թԸիՏվ NEXT» մակնիշի, 653 ԼՍ 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով 2020 թվականն մայիսի 21-ին Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում իրականացրել է հնձված եւ կուտակված խոտերի բեռնափոխադրում, որի ընթացքում հիշյալ կազմակերպության աշխատակիցներ Հովիկ Հախվերդյանը, Գարուն Պետրոսյանը եւ Խաչիկ Առաքելյանը իրականացրել են խոտը ավտոմեքենա բեռնելու աշխատանքներ:
Արդյունքում ժամը 15:30-ի սահմաններում վերոհիշյալ անձինք հնձված եւ կուտակված խոտերը տեղափոխելու նպատակով գտնվել են Երեւան քաղաքի Միկոյան 1 հասցեի շենքի դիմացի հատվածում, որտեղ Հովիկ Հախվերդյանը արդեն իսկ բեռնված խոտը հավասարաչափ տեղաբաշխելու նպատակով գտնվել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկում: Նույն ժամանակ Նորիկ Ներսեսյանը ցանկացել է ավտոմեքենայում բեռնված խոտը խտացնել, ինչի մասին հայտնել է Հ. Հախվերդյանին եւ կարգադրել դուրս գալ բեռնախցիկից, սակայն առանց ստուգելու բեռնախցիկը եւ համոզված լինելու, որ Հ. Հախվերդյանը դուրս է եկել բեռնախցիկից, աշխատացրել է բեռը խտացնելու համար նախատեսված յուղաճնշիչ սարքի միջոցով աշխատող մամլիչ սարքը, որի ժամանակ Հ. Հախվերդյանի գլուխը մնացել նշված՝ բեռը խտացնելու համար նախատեսված մամլիչ սարքի եւ բեռնախցիկի կողային մետաղական պատի միջնամասի հատվածում, որի հետեւանքով նա վերջինիս անփութորեն պատճառել է «Գլխի մասնակի տրավմատիկ անդամահատում» ձեւով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք, եւ Հ. Հախվերդյանը ստացած վնասվածքներից մահացել է:
Նորիկ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ մասին առաջին մասի հատկանիշներով՝ անզգուշությամբ մահ պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ք. Մ.
ԿԱՆԵՎՍԿՈՅԸ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ
2019 նոյեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի այն հարցին, թե արդյոք միայն իրավական կարգավորումները բավարար են քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու գործում, վարչապետը հայտնել էր. «Կծեփենք պատերին, կփռենք ասֆալտին»: Ահա այս հայտարարությունից հետո սկսվեց «Կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին», օպերացիան, որի արդյունքում մի շարք անձինք հայտնվեցին իրավապահների տեսադաշտում: Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովին ապօրինի զենքի կասկածանքով պառկեցրեցին ասֆալտին, որ նա էլ, ըստ էության, ականջին օղ անի, եւ ապօրինի զենք պահելու մասով հարուցված քրեական գործը ուղարկել էին դատարան, որտեղ դատավոր Մնացական Մարտիրոսյանը արդարացրեց նրան: Ըստ մեղադրանքի՝ Կանեւսկոյը իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներով։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանը տեղեկացրել էր, որ դատախազը միջնորդել է իր պաշտպանյալին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, չի մատնանշել մեղմացնող եւ ծանրացնող որեւէ հանգամանք՝ նշելով, որ այդպիսիք չկան։ Իսկ, ահա, փաստաբանը միջնորդել էր արդարացնել Հարությունովին։ Նրա խոսքով՝ Հարությունովի արարքում հանցակազմ չկա, որի մասին ինքը պատրաստվում է խոսել պաշտպանական ճառում։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ հրապարակել է որոշում եւ արդարացրել է քրեական հեղինակությանը: Ասել է թե՝ ՀՀ վարչապետի՝ ասֆալտին փռելու օպերացիան դատարանում փլուզվեց, եւ քրեական մշակույթի դեմ պայքարը մտել է ձախողման փուլ:
Ք.Մ.
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ
Առաջնորդվելով Սահմանադրության եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021թ. ապրիլի 7-ին հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում հանրապետության նախագահը չի ստորագրել Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված նախագիծը եւ այն առարկություններով չի վերադարձրել Նիկոլ Փաշինյանին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին: