ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՎՐԴՈՎԵՑՐԵԼ Է ԱԼԻԵՎԻ ԱՐԱՐՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես-պուրակ»: «Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով:

 

«Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը: Նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում: Ադրբեջանական իշխանությունները բացված «պուրակում» ցուցադրել են նաեւ հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք:

Միջազգային լրագրողները վրդովմունքով ու զզվանքով են արձագանքել Ադրբեջանում, այսպես կոչված, «ավարային այգու» բացմանը, որին մասնակցել է նախագահ Իլհամ Ալիեւը: Հայ զինվորների սաղավարտների ֆոնին «համարձակ» քայլող Ադրբեջանի առաջնորդի դեմքի ինքնագոհ արտահայտությունը մեծամասնության մոտ Հիտլերի եւ Սադամ Հուսեյնի հետ ասոցիացիա է առաջացրել:

«Սա խորապես նողկալի է եւ հիշեցնում է Բաղդադում «Հաղթանակի կամարի» հիմքում սաղավարտների հավաքածուն, որը, Սադամի պմդմամբ, պատկանում է 1980-88 թվականների պատերազմում զոհված իրանցի զինվորներին»,- գրել է Bloomberg-ի լրագրող Բոբի Գոշը:

«Ես համարյա դադարել եմ Twitter-ում մեկնաբանել Հայաստան-Ադրբեջան թեման (երկու կողմերից չափազանց շատ են լինչի դատաստանի կողմնակիցները), բայց դա իսկապես հուսահատեցնող է: Կրակոցները դադարել են, բայց «հաղթանակի մտածողությունը = մյուսի նվաստացմանը» շարունակում է ապրել»,- ասել է Թոմաս դե Վաալը:

«Զարմանալի չէ, որ այդքան շատ ադրբեջանցի զինվորներ փաստել են իրենց դաժան ռազմական հանցագործությունները: Այլասերվածության այս տեսակը խրախուսվում եւ նշվում է պետական մակարդակով»,- ասել է հետաքննող լրագրող Լինդսի Սնելը:

The Times-ի եւ The Sunday Times-ի սյունակագիր Ալեքս Մասին այս կապակցությամբ մեջբերել է Ջոն Բյուքենին. «Դուք կարծում եք, թե պատը նույնքան ամուր, որքան հողը բաժանում է քաղաքակրթությունը բարբարոսությունից։ Ես ասում եմ ձեզ, որ բաժանումը թել է: Հպում այստեղ, մղում այնտեղ, եւ դուք հետ եք բերում Սատուրնի տիրապետությունը»:

«Սա խելահեղություն է»,- գրում է BuzzFeedNews-ի թղթակից Քրիստոֆեր Միլլերը:

«Ահա թե ինչ տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները. Ադրբեջանի նախագահ Ալիեւը Բաքվում կառուցել է սեփական զվարճանքի այգին՝ հայ զինվորների սաղավարտներ, հայկական համազգեստով մոմե տիկնիկներ եւ խանութ… Սիրտս խառնում է»,- ասել է գերմանացի կինոռեժիսոր եւ իրավապաշտպան Դյունեզ Թեկկալը:

«Պատերազմի ավարտից հինգ ամիս անց Ալիեւը դեռ զինվորական համազգեստ է կրում, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ իրենք շատ են աշխատում հաշտեցման ուղղությամբ… Հիմնականում սա օրինակ է, թե ինչու է հիմարություն կարծել, թե երբեւէ հայ-ադրբեջանական հաշտեցումը հնարավոր է, քանի դեռ Ալիեւն իշխանության գլուխ է…

Եւ, իհարկե, այն դառնում է է՛լ ավելի խելահեղ: Այստեղ Ալիեւը ուսումնասիրում է հայ զինծառայողների մոմե կերպարները…»,- թվիթների շարքում գրել է Guardian-ի եւ CNN-ի լրագրող Նիլ Հաուերը:

Ն.Հ.

 

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԽԱԽՏԱԾ ԴԵՂԱՏՆԵՐԸ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ

Հայաստանի վարչապետի աշխատակազն առաջարկում է լրացում կատարել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

 

Պարզվում է՝ դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնելիս առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը բախվել է մի իրավիճակի, երբ դեղերի մանրածախ իրացում իրականացնող դեղատունը դեղն իրացրել է չսահմանված ձեւաթղթի վրա գրված դեղատոմսի առկայությամբ: Բացի այս, եղել են դեպքեր, երբ դեղերի շրջանառությունը դադարեցնելուց կամ շրջանառությունից հանելուց հետո հետկանչ իրականացնող կազմակերպությունը նշված դեղն իրացրել է այլ կազմակերպության։ Թեեւ արարքն իր մեջ պարունակում է հանրային վտանգավորություն, սակայն թե՛ «Դեղերի մասին» օրենքը, թե՛ ենթաօրենսդրական իրավական ակտերը, թե՛ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն այս առումով որեւէ արգելք, պատասխանատվության միջոց չեն նախատեսում։ Մեզ հայտնի դարձավ, որ նման արարքը կատարելու համար այսուհետ կտուգանվեն:

Այսպես, դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացումը դեղատնից ՀՀ օրենսդրությամբ չսահմանված ձեւաթղթի վրա գրված դեղատոմսով առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար 10000 դրամի չափով: Դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացումը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ լրացված դեղատոմսով առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար 5000 դրամի չափով:

Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Հայաստանում չգրանցված, որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած, գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի շրջանառությունը դադարեցնելուց կամ շրջանառությունից հանելուց հետո դրանց արտահանման նպատակով իրացումն իրականացվում է Լիազոր մարմնի թույլտվության առկայության դեպքում։ Թույլտվության տրամադրման դեպքերը եւ կարգը կսահմանի կառավարությունը։

Ս.Հ.

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ապրիլի 9-ին շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար՝ տարածքային կառավարման եւ ենթակուցվածների  նախարար Սուրեն Պապիկյանը  հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում է՛լ ավելի կամրապնդվի Տավուշի մարզը՝ միաժամանակ հորդորելով աշխատակազմին աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը եւ, որպես պետական կառավարման կարեւորագույն օղակի ներկայացուցիչներ, նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին: Ս. Պապիկյանը կարեւորել է նաեւ Իջեւան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները եւ  դրանց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: Իջեւանի համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաղաքի առջեւ  ծառացած բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում:

 

 

 

ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբերյանի քաքաղաքապետարանից հայտնում են, որ 2021 թվականի ապրիլի 17-ից արգելվում է գյուղնշանակության խոտհարքերի եւ այգիների արածեցումը: Խնդրում եւ հորդորում են  անասուններին չթողնել առանց հսկողության եւ հեռու պահել խոտհարքերից եւ  այգիներից: Հեռագնա սարերում (Կարմիր գյուղ) կարգը ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Նոյեմբերյանի համայնքապետարանը լրացուցիչ հայտնում է, որ անհատ հողատերերը իրենց սեփական հողամասերում կատարում են կրծողների դեմ պայքար թունաքիմիկատներով:

 

 

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2020թ. արցախյան պատերազմում նահատակված ոստիկանության ծառայողների հիշատակին էր նվիրված Իջեւանում կազմակերպված ֆուտբոլի առաջնությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Մինչ մրցումները սկսելը ծաղկեպսակ է դրվել ու ծաղիկներ են խոնարհվել  տավուշցի ոստիկանների հուշաքարին։ Մրցումները տեղի են ունեցել թիվ 1 դպրոցի հարակից դաշտում։ Առաջնությանը մասնակցել են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի եւ  Տավուշի մարզի ոստիկանական թիմերը։ Համառ պայքարի արդյունքում 1-ին տեղում Լոռու մարզի թիմն էր, 2-րդ տեղում՝ Շիրակը, 3-րդ եւ 4-րդ տեղերը գրավել են  Տավուշի եւ Գեղարքունիքի թիմերը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս