ՊԱՐՏԱԴԻՐ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի 2021 թվականի մայիսից առցանց եղանակով: Այս մասին տեղեկացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: Հայտագրման եւ թեստավորման հստակ ժամկետները եւ ընթացակարգերը կհայտարարվեն լրացուցիչ: Կամավոր ատեստավորման գործընթացի ավարտին 80 եւ ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան աշխատավարձի հավելավճար` իրենց աշխատավարձի 30-50 տոկոսի չափով:

 

Կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս եւ ավելի միավոր ստացած ուսուցիչները կստանան 50 տոկոս հավելավճար, 80-89 տոկոս միավոր հավաքելու դեպքում  ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչեւ 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի, նրան կառաջարկվի  պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

«Շատ կարեւոր է, որ ատեստավորման գործընթացը կամավոր է, որին ուսուցիչները պետք է մասնակցեն իրենց նախաձեռնությամբ: Նրանք պետք է առցանց դիմում-հայտ լրացնեն, մասնակցեն իրենց դասավանդած առարկայի թեստավորմանը եւ, ըստ իրենց հավաքած միավորների, հավելավճարի հնարավորություն ստանան»,- նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ ծրագրի ներդրմամբ նախարարությունը որեւէ ուսուցչի պատժելու նպատակ չի հետապնդում:

«Նպատակը լավ պատրաստված եւ մասնագիտական զարգացման բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներին խրախուսելն է, նրանց հավելյալ վարձատրություն տալը: Փորձնական ատեստավորումը կարող է նաեւ նպաստել վերապատրաստման ավելի թիրախային ծրագրերի իրականացմանը»,- փաստել է Ժ. Անդրեասյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են կամավոր եւ հերթական պարտադիր ատեստավորման տարբերությունները, նախարարի տեղակալը նշում է, որ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին զուգահեռ՝ շարունակվելու է ուսուցիչների պարտադիր ատեստավորումը, որը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Ըստ այդմ, զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացվում է հերթական ատեստավորում, որը պարտադիր է հանրակրթական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչների համար:

Կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցիչները սեփական նախաձեռնությամբ անցնում են թեստավորում մասնագիտական առարկայական գիտելիքներ ստուգելու նպատակով եւ, ըստ իրենց գրանցած արդյունքի, ստանում 30-50 տոկոս հավելավճար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը կազմում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը համապատասխան առարկայի ծրագրային նյութերի շրջանակում: Փոխնախարարի հավաստմամբ` թեստեր կազմելու գործընթացում ներգրավված են բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցչական համակազմի ներկայացուցիչներ:

Կամավոր ատեստավորման ծրագրի փորձարկման արդյունքների վերլուծությունից հետո, հնարավոր է, որ մասնագիտական գիտելիքների թեստավորման եղանակը՝ որպես ատեստավորման ձեւ, դառնա պարտադիր եւ կիրառվի ողջ համակարգի համար` միասնական ձեւաչափով՝ որպես հիմք ուսուցչի մասնագիտական ստանդարտի որոշման համար:

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի հանձնաժողովի նախագահ Պիեռ Ալան Ֆրիդեզը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետեւանքով գերեվարված եւ անհետ կորած անձանց ճակատագրով:  Այս մասին նա հայտարարել է հանձնաժողովում այս թեմայով քննարկումների արդյունքում: Միգրացիայի հանձնաժողովի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված ժամկետները՝ ներկայացնելու տվյալներ՝ իրենց մոտ պահվող անձանց վերաբերյալ:

«Ադրբեջանը պարտավոր է լիարժեքորեն համագործակցել դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկատվություն՝ ցուցակում ընդգրկված անձանց գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ՝ վստահեցնելով, որ նրանք առանց որեւէ հապաղման հետ են վերադարձվելու՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի»,- հայտարարել է Պիեռ Ալան Ֆրիդեզը: Նա նշել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ԿԽՄԿ աջակցությամբ պետք է համագործակցեն առանց նախապայմանների եւ բարեխղճորեն՝ լուծում գտնելու անհետ կորած անձանց խնդրի համար եւ կազմակերպելու գերիների արագ ազատումը: Պիեռ Ալան Ֆրիդեզը հայտարարել է, որ Միգրացիայի հանձնաժողովը պատրաստակամ է աջակցել երկու երկրներին՝ լուծելու երկարատեւ հակամարտության հետեւանքով ի հայտ եկած հումանիտար խնդիրները: Ներկայում հանձնաժողովի անդամ, զեկուցող Պոլ Գավանը զեկույց է պատրաստում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքները» խորագրով:

 

 

ԼՌՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱԼ

Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Այս մասին ֆրանսիական «Le Figaro»-ում հրապարակված սյունակում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավիե Բելամին, որն օրերս այցելել էր Հայաստան: Նա ընդգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով 2020 թվականի պատերազմում Հայաստանը հազարավոր զոհեր եւ վիրավորներ ունեցավ: Միաժամանակ, նա ընթերցողների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վրա՝ նշելով, որ ադրբեջանական կողմի այդպիսի անմարդկային շանտաժը չպետք է երկար շարունակվի, եւ Եվրոպան պետք է ցույց տա, որ ամբողջովին չի կորցրել իր սկզբունքները։

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ 

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները երեկ փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքը: Նրանք հայտարարել են, որ այլեւս Երեւան չեն գնալու, վարչապետին ու նախարարին սպասում են Գյումրիում, որպեսզի գան եւ հստակ կամ թեկուզ մոտավոր ժամկետ ասեն, թե երբ իրենց երեխաները կվերադարձվեն։ Եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի եւ Հին Թաղերի հատվածից գերեվարվել են 64 պահեստազորայիններ, որոնցից անցած ամիսներին հայրենիք են վերադարձվել 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։ Նրանց հարազատները նախորդ շաբաթ շուրջ 13 ժամ փակ են պահել մարզ տանող ճանապարհները:

 

 




Լրահոս