ԵԼԵՆԱ ԱՐՇԱԿՅԱՆԸ՝ ՆՈՐ՝ «ՕՋԱԽԻ ԵՐԳԸ» ՍԵՐԻԱԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «ATV» հեռուստատեսությամբ 21:00-ին  եթեր է հեռարձակվել ռեժիսոր Ելենա Արշակյանի «Օջախի երգը» նոր հեռուստասերիալը, որը բաղկացած է լինելու 132 մասից:

 

ArmLur.am-ի հետ զրույցում Ելենա Արշակյանը բացահայտել է հեռուստանովելի հետ կապված հետաքրքիր դրվագներ:

Նախագծում խաղում են դերասաններ Կարեն Ասլանյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Վարդան Հովսեփյանը, Եվա Բաղդասարյանը, Իրինա Հարությունյանը, Տիգրան Գասպարյանը, Արտակ Այվազյանը եւ այլք։

«Այսօր մեզ համար շատ պատասխանատու օր է, քանի որ հենց այսօր է տեղի ունենալու պրեմիերան: «Օջախի երգը» հեռուստասերիալը պատմում է մի հայ ընտանիքի ողբերգական պատմության մասին: Այս նախագծով անդրադառնում ենք մեր ընտանեկան արժեքներին, որոնք այժմյան երիտասարդության մեջ  չկան կամ պակասել են: Մեսսիջը շատ պարզ է. մենք խոսելու ենք հայի, հայի օջախը պահպանելու եւ արժեքների մասին, այնպիսի ոչ մի բանի մասին չենք խոսելու, ինչը խորթ է մեր հասարակությանը, հեռուստադիտողին: Խոսելու ենք մի ընտանիքի մասին, որտեղ կան խնդիրներ, որտեղ ընտանիքի գլուխը փորձում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել եւ շատ հաճախ իր անձնական ամբիցիաները մի կողմ թողնելով՝ պահպանում է հայ տղամարդուն վայել դրսեւորումներով եւ արժեքներով»,- պատմում է մեր զրուցակիցը:

Ելենա Արշակյանի խոսքով՝ նկարահանումներն այս պահին տեղի են ունենում միայն Հայաստանի Հանրապետությունում, բայց նկարահանումներ տեղի են ունենալու նաեւ այլ երկրներում. «Անկեղծ ասած, այս պահին շատ փակագծեր չեմ ուզում բացել: Այս պահին մենք նկարահանումների ենք մեկնել Մոսկվայում, բայց դեռ չեմ ուզում շատ բաներ խոսել այդ մասին: Սերիալում գործողությունները սկսվում են 97-98 թվականներից, հետո գալիս ենք մեր օրեր։ Պատմությունն Արշակի ընտանիքի մասին է,  ունի երեք երեխա՝ Խոսրովը, Բակուրը եւ Աշխենը։ Հերոսների համար միտումնավոր ենք թագավորական անուններ ընտրել։ Նրանց մարմնավորում են Կարեն Ասլանյանը, Վարդան Հովսեփյանը եւ երիտասարդ դերասանուհի Արմինե Ալեքսանյանը»:

Անդրադառնալով հեռուստասերիալի գլխավոր դերակատարներին՝ ռեժիսորն ընդգծում է, որ, որպես այդպիսին, գլխավոր դերակատարներ չկան, կա ընտանիք, որի շուրջ կատարվում եւ հյուսվում է գործողությունների մի ամբողջ հետաքրքիր շղթա:

Ելենա Արշակյանի փոխանցմամբ՝ սցենարի ավարտը դեռեւս հայտնի չէ.  «Հայտնի չէ այն առումով, որ սցենարը դեռ գրված էլ չէ: Ես չեմ ուզում իմ հեռուստադիտողին խաբել  եւ ասել, թե 132 սերիալը նկարահանված է: Սցենարը գրվում է, իսկ թե ինչ ավարտ այն կունենա, դեռ չեմ կարող ասել: Միայն կցանկանամ իմ հեռուստադիտողին մաղթել հաճելի դիտում»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ

Հասարակության զարգացման գործում գրքի եւ գրադարանների դերն ու նշանակությունն ընդգծելու, կարեւորելու նպատակով ապրիլի 12-19-ը Հայաստանում կանցկացվի Ազգային գրադարանային շաբաթը:

 

«Գիրքը՝ բալասան»  խորագրով շաբաթվա մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հիշեցրել է, որ Գրադարանային շաբաթն անցկացվում է հոբելյանական 20-րդ անգամ։  Ըստ նրա՝ նախաձեռնության շրջանակում կազմակերպվող միջոցառումները պետք է միտված լինեն  գրադարանների գործունեության իրազեկմանը:

«Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի միջոցառումների այս տարվա «Բարի գալուստ քո գրադարան» խորագիրը մտածելու տեղիք տվեց. պարզվեց, որ մեր համայնքների բնակիչներից շատերն անգամ չգիտեն, որ իրենց համայնքներում կան գրադարաններ, չգիտեն, թե ինչով են զբաղված գրադարանները, ինչ ծառայություններ են մատուցում: Այս խնդիրը դարձավ պատճառ, որ Ազգային գրադարանը շաբաթը նշի «Յոթ օր, յոթ  գրադարան»  խորագրով եւ ներկայացնի Երեւանի համայնքային գրադարաններից յոթը»,-տեղեկացրեց Չուլյանը:

Նրա խոսքով՝ Ազգային գրադարանը շաբաթվա ընթացքում փորձել է ներգրավել  տարբեր գրադարանների գրադարանավարների եւ ընթերցողների: «Մենք կարեւորել ենք Հայաստանի համահավաք գրացուցակի հնարավորությունը եւ դրա կարգավորումները: Բոլորս գիտենք, որ գրացուցակն այսօր մեծ դեր ունի ոլորտում որպես տեղեկատվական որոնման, ֆոնդերի ու շտեմարանների հասանելիությունն ապահովող գործիք: Պատրաստել ենք վեբինարներ, լինելու է դասընթաց ընթերցողների համար: Դասընթացի շրջանակում ներկայացվելու է, թե ինչպես պետք է օգտվել գրացուցակից, ինչպես գիրքը պատվիրել առցանց, ինչպես գրանցվել  եւ այլն: Մենք ունենք նաեւ դասընթաց մեր գրադարանավարների համար: Իրազեկման շաբաթը պետք է լինի փորձի փոխանակման շաբաթ»,- նշել է Չուլյանը:

Ապրիլի 19-ին գրադարանի մեծ ընթերցասրահում բացվելու է ամերիկյան  գրականության անկյուն, տարվա հոբելյաններին նվիրված միջոցառումներ են կազմակերպվելու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող ոչ նյութական  մշակութային ժառանգության մաս կազմող արժեքներին վերաբերող տարբեր զեկուցումներ են ներկայացվել:

Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպում եւ անցկացնում է Հայկական գրադարանային ասոցիացիան 2002 թվականից:

 

 

 

ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի հնգակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը չի միանա Հայաստանի հավաքականին: Այդ մասին հայտնել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: 2020թ. փետրվարին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել էր 97 կգ քաշային կարգում Ռուսաստանի հավաքականից Հայաստանի հավաքական տեղափոխված Հաջիմուրադ Գացալովին: Հաբթենակ Կուրղինյանի խոսքով՝ 38-ամյա Գացալովը վնասվածք ունի եւ նրա սպորտային քաղաքացիության փոփոխությունը տեղի չի ունենա: «Գացալովը հավաքականին չի միանա: Նա լուրջ վնասվածք ունի եւ այլեւս չի ներկայացնի Հայաստանի հավաքականը: Նա միայն քաղաքացիություն ստացավ: Իմ տեղեկություններով՝ սպորտային քաղաքացիությունը փոխելու համար մեր երկրի կողմից որեւէ վճարում չի եղել, Գացալովն ինքն էլ գումար չի ստացել Հայաստանի հավաքական տեղափոխվելու համար: Ո՞վ կմտածեր, որ Օլիմպիական խաղերը մեկ տարով կհետաձգվեն, Գացալովն էլ լուրջ վնասվածք կունենա: Այդ քաշային կարգում ներկայացուցիչ չունենք եւ վարկանիշային մրցաշարում էլ չենք ունենա: Բարձր քաշում ուղեգրի համար կպայքարի միայն Լեւան Բերիանիձեն: 97 կգ քաշային կարգում մասնակից չունեինք նույնիսկ Հայաստանի առաջնությունում: Այս քաշը մեզ մոտ խնդիր է»,- նշել է Հաբեթնակ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ Հաջիմուրադ Գացալովը Ռուսաստանի հավաքականում հանդես է եկել 84 կգ, 96 կգ եւ գերծանր քաշային կարգերում: Նա մրցագորգից բացակայում էր 2016 թվականից, սակայն 2019 թվականին որոշել էր վերսկսել ելույթները:

 

 

ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ

«Գլենտորանի» հարձակվող Ռորի Դոնելին հաղթական դուբլի հեղինակ է դարձել «Դանգենոն Սվիֆտսի» դեմ ֆուտբոլի Հյուսիսային Իռլանդիայի առաջնության 30-րդ տուրի խաղում: Գոլերից մեկը 29-ամյա ֆուտբոլիստը 36 մետրից խփել է գլխի հարվածով՝ օգտվելով հյուրերի դարպասապահ Ռոյ Քերոլի սխալից: 43-ամյա Քերոլը 2001-2005-ը հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 72 հանդիպում եւ բաց թողել 46 գոլ:

 

 




Լրահոս