Նոր նախարարություն է ստեղծվում. կառավարության որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի այսօրվա օրակարգի չզեկուցվող նախագծերի թվում ընդգրկված է նաեւ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը: Այս նախագծերի փաթեթով կառավարության կազմում կավելանա եւս մեկ նախարարություն՝ ներքին գործերի նախարարությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը կայացվել է ելնելով Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրից: Ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունները կիրականացվի նախարարության կողմից։ Նշվում է, որ գործառույթների նման տարանջատումը կհանգեցնի նաև ոստիկանության կողմից կոնկրետ մասնագիտական խնդիրների կատարման վրա շեշտադրմանը։

Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ Նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև Նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Նախատեսվում է Նախարարության կազմում ներառել հետևյալ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները՝

  • Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն,
  • Միջազգային համագործակցության վարչություն,
  • Հանրային ծառայությունների որակի ապահովման վարչություն,
  • Հակակոռուպցիոն վարչություն։

Նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել հետևյալ աջակցող ստորաբաժանումները՝

  • Իրավաբանական վարչություն,
  • Ֆինանսաբյուջետային վարչություն,
  • Տնտեսական վարչություն,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն,
  • Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն,
  • Գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն,
  • Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն։




Լրահոս