
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ապրիլի 17-ին կազմակերպում են շաբաթօրյակ։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, մաքրվելու է Հրազդանի կիրճը՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Սկիզբը՝ ժամը 10։00։
Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։
Մեկնարկային կետերն են՝
• Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից)
• Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք
• Դավթաշեն կամրջի տակ (Հալաբյան փողոցի կողմից)
Մասնակիցները կընտրեն իրենց հարմար վայրը, կմոտենան տեղում գտնվող մեր աշխատակիցներին, կստանան անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։ Հավաքված աղբից տեղում կտեսակավորվի թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկվի վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր: