Կառավարության անդամները պարտադիր պետք է բանավոր պատասխանեն հարցերի. անկախ պատգամավորների նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսփյանը եւ Գոռ Գևորգյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում:

Մասնավորապես, նրանք առաջարկում են ամրագրել, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարության անդամները պարտադիր կերպով պետք է մոտենան Ազգային ժողովի ամբիոնին եւ բանավոր պատասխանեն պատգամավորների հարցերին:

Ինչպես հայտնի է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Սակայն գործնականում Կառավարության անդամները, գտնվելով ԱԺ նիստերի դահլիճում, երբեմն բանավոր չեն պատասխանում պատգամավորների բանավոր հարցերին՝ փոխարենը նիստը վարողի միջոցով առաջարկելով հարցը ներկայացնել գրավոր: Ընդ որում, Կառավարության անդամները շատ հաճախ նույնիսկ չեն ներկայացնում հիմնավորում՝ պատգամավորների ներկայացրած բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների վերաբերյալ:

Նկատենք, վերջին շրջանում կառավարության անդամները սկսել են պատգամավորների հարցերին պատասխանել նաեւ ընտրողաբար եւ միտում է նկատվում, որ անկախ պատգամավորների հարցերին խուսափում են պատասխանել: Եվ ահա այս նախագծով պատգամավորները ցանկանում են ամրագրել պարտադիր պահանջ Կառավարության անդամների համար՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարտադիր մոտենալ ԱԺ ամբիոնին եւ բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին կամ բանավոր ներկայացնել հիմնավորում՝ պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին:




Լրահոս