Այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 30 միլիոն 916 հազար դոլար: Նկատենք, որ հունվար ամսվա համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 1 միլիոն 393 հազար դոլարով:
Իսկ ահա նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ նվազումը կազմել է 34 մլն 760 հազար դոլար: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ փետրվարին տրանսֆերտները շարունակել են նախորդ տարվա դեկտեմբերի եւ այս տարվա հունվարի համեմատ նվազել: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը փետրվար ամսին կազմել է 23 մլն 434 հազար դոլար։
Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Այն հունվար ամսվա համեմատ 4 մլն 529 հազար դոլարով ավելացել է:
Մասնագետների խոսքերով, այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը փետրվարի 1-ից մեկնել են ՌԴ արտագնա աշխատանքի եւ արդեն կարողանում գումար ուղարկել հարազատներին:
Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա հունվարին այն կազմել է 18 մլն 668 հազար դոլար, ապա փետրվարին դարձել է 23 մլն 146 հազար դոլար։