Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալներն աճել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 2 մլն 750 հազար 600 դոլարի օգնություն: Նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացել է 2 մլն 313 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն:
ArmLur.am-ը տեղեկացավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնության ձեռք մեկնել Հայաստանին: Նշենք, որ այդ թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 169 հազար դոլարի օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 173 հազար 900 դոլարի:
Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-փետրվարին Հայաստան եկել է 129 հազար 300 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 2 ամիսներին Հայաստանը Շվեյցարիայից 10 հազար դոլարի մարդասիրական օգնություն է ստացել: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Շվեյցարիայից Հայաստան եկել է 84 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ԱՊՀ երկրներից Հայաստանը 0 դոլարի մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ ահա նախորդ տարվա հունվար-փետրվարին Ռուսսաստանից ՀՀ եկել է 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Այս տարի՝ 0 դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ Չինաստանն է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին՝ 470 հազար 700 դոլարի չափով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱՄՆ-ից նախորդ տարվա հունվար փետրվար ամիսներին ՀՀ ուղարկվել է 389 հազար դոլար, իսկ այս տարվա երկու ամիսներին՝ 757 հազար 500 դոլար մարդասիրական օգնություն:
Այս տարի եւս Հնդկաստանից Հայաստան մարդասիրական օգնություն է եկել. այս տարվա հունվար-փետրվարին ստացվել է 46 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` զգալի պակասել է: Ասել է թե՝ 2019 թվականից աշխարհում տարածված կորոնավիրուս վարակն իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ Հայաստան ստացվող մարդասիրական օգնության ծավալների վրա: Թեեւ ծավալները փոքր-ինչ ավելացել են, բայց կան երկրներ, որոնք նախորդ տարվա համեմատ զգալի նվազեցրել են Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.