ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության 2020 թվականի գործունեության հաշվետվությունը, բայց ավելի շատ ինքնապաշտպանական քարոզչական ելույթ էր, որից հետո պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին եւ մի քանի ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ: Վարչապետը մանրամասն պատմեց արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին, եւ հենց այդտեղ էլ թաքնված էին վրիպակները: Ընդ որում, նկատենք՝ Փաշինյանը ելույթ ունենալիս օգտվում էր թերթիկից, այսինքն՝ ելույթի տեքստը գրված էր նախապես, բայց դա չխանգարեց, որ, օրինակ, իր խոսքում նա ասի «Ֆրանսիայի նախագահ Պուտին», «2021 թվականի 44-օրյա պատերազմ» եւ այլն: Իհարկե, Փաշինյանը վրիպակներից հետո փորձում էր իրեն ուղղել: Փաշինյանի մեկ այլ հայտարարություն եւս հետաքրքիր էր: Խոսքը այն հայտարարության մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանը «Ադրբեջանի տարածքներ» անվանեց Արցախի ազատագրված շրջանները՝ ասելով, որ հոկտեմբերի 19-ին պատրաստ է եղել վերադարձնել դրանք: «Ես զանգահարել եմ ՌԴ նախագահին եւ ասել եմ, որ մենք հրադադար ենք ուզում՝ Ադրբեջանի տարածքները վերադարձնել՝ 5+2 ձեւաչափի պայմանով»,-ասաց նա: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետն իսկապե՞ս այդպես է մտածում, այդ տարածքները Ադրբեջանի՞նն է համարում, թե՞, այսպես ասած, խոսքի սայթաքում էր: Ապա արդարացնելով սեփական ձախողումը՝ նա հերթական անգամ ԱԺ ամբիոնից հորինած պատմություն պատմեց՝ ասելով. «Կարո՞ղ է զանգել ասել են՝ տանկերը քշեք Երեւան, ձեր թշամին հրապարակում է»: Նշենք, որ նմանօրինակ կեղծիքի տարածումը նա իրականացրել է անգամ պատերազմի ժամանակ՝ գրելով, թե օդում կախված տեղեկություններ ունի, իբր, ընդդիմադիրներից ոմանք զորքին հորդորել են չկռվել, մինչդեռ ԱԱԾ-ն հայտնեց, որ նման բան չի եղել: Փաշինյանը նաեւ անդրադարձավ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված իրավիճակին եւ արեց մի հայտարարություն, որը Գասպարյանն ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց: Մասնավորապես, ըստ Փաշինյանի՝ նիստին ԶՈՒ ԳՇ պետը ասել է՝ հակառակորդը առաջխաղացում չունի, բանակը կատարում է իր խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի։ «Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան։ Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված»։ Նա ավելի ուշ, պատասխանելով նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, ասաց անգամ, թե կարող են համապատասխան ձայնագրություն հրապարակել: Ավելի ուշ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց՝  վերահաստատում է նախկինում արած իր հայտարարությունը, իսկ Փաշինյանին մեղադրել է իրականությունը խեղաթյուրելու եւ իշխանական լծակները օգտագործելով հանրությանը մոլորության մեջ գցելու համար։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս երբ փորձել է ստուգումներ իրականացնել Երեւանի քաղաքապետարանում, դիմադրության է հանդիպել: ՊՎԾ աշխատողներին, այսպես ասած, դուրս են հանել քաղաքապետարանից եւ չեն թողել, որ նրանք ստուգումներ իրականացնեն։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարանին եւ փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ, ինչու է ՊՎԾ-ն ստուգումներ սկսել, եւ ինչու են քաղաքային իշխանությունները դիմադրել, սակայն այնտեղից, մեր հարցին ի պատասխան, նշեցին. «Ձեր հարցման պատասխանն առաջարկում ենք ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումներ եւ ուսումնասիրություններ իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմիններից»: Իսկ, ահա, Պետական վերահսկողական ծառայությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով, թե չեն մեկնաբանում լուրը:  Նկատենք, որ քաղաքապետարանում ստուգումներն իրականացնել, ըստ էության, չի հաջողվել, քանի որ հանդիպել են անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի դիմադրությանը, եւ վերջինս ասել է, թե իրավունք չունեն իրենց ստուգելու: Նշենք, որ քաղաքապետարանում ստուգումներ անելու հրահանգը տվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, քանի որ Հայկ Մարությանն այլեւս չի շփվում իմքայլականների հետ եւ վերահսկողությունից դուրս է եկել:  Վերջում հավելենք, որ, չնայած այդ դիմադրությանը, ՊՎԾ աշխատակիցները շարունակում են ստուգումները:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 16-ին նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովը կրկին տեղի չի ունենա, եւ օրակարգում ներառված հարցերն այդպես էլ չեն քննարկվի: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 26-ին եւս պետք է տեղի ունենար Դատավորների ընդհանուր ժողով, սակայն այն տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով: Այդ ժամանակ օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրություն եւ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի անդամի ընտրություն, սակայն, ինչպես նշեցինք, նիստը չկայացավ:  Եվ, ահա, չնայած որոշվել էր, որ այն պետք է տեղի ունենար այս ամիս, սակայն մենք տեղեկացանք, որ այն կրկին չի կայանա։ Սակայն հետաքրքիր է, որ դատավորներին անգամ զգուշացրել են՝ եթե չգան նիստին, ապա նրանց նկատմամբ կարող են կարգապահական վարույթներ հարուցել: Եվ արդյունքում դատավորներն արդեն նամակներ են գրել Բարձրագույն դատական խորհրդին եւ տարբեր պատճառներ ներկայացրել, թե ինչու չեն կարող ներկայանալ նիստին եւ, օրինակ, նշել են վատառողջ լինելու, կորոնավիրուսով հիվանդ լինելու կամ այլ գործ ունենալու հանգամանքը: Եվ ստացվում է այնպես, որ դատավորներին չեն կարողանում մի վայրում հավաքել, որպեսզի քննարկեն այդ մի քանի հարցերը, եւ հիմա անհայտ է, թե երբ կկայանա հաջորդ քննարկումը:

 

 

 

 

Հայաստանում գրեթե բոլոր ապրանքատեսակների գներն օր օրի բարձրանում են: Ասել է թե՝ գնաճային ճնշումն արդեն մի քանի ամիս է՝ չի նահանջում: Իշխանությունն ասում է, թե թանկացումները հիմնականում ԵԱՏՄ մաքսային կանոններով են թելադրված։ Բայց կայուն գնաճի ֆոնին չի բարձրանում մարդկանց ո՛չ աշխատավարձը եւ ո՛չ էլ կենսաթոշակը: Սա դեռ հարցի մի կողմն է։ Պարզվում է՝ Երեւանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներն ավելի թանկ են վաճառվում, քան, օրինակ, Ռուսաստանի հարավում գտնվող Կրասնոդարում։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց տեղի մեր հայրենակիցներից ճշտել որոշ ապրանքատեսակների գներ. ըստ այդմ՝ մեկ հատիկ հավկիթը ՌԴ Կրասնոդարի շրջանում արժե 70-75 դրամ, իսկ մեզ մոտ այն խանութների մեծ մասում 90 դրամից չի նվազում՝ հասնելով 110-120 դրամի։ Նույն պատկերն է նաեւ թռչնամսի ոլորտում. Կրասնոդարի խանութներում մեկ կգ հավի միսը վաճառվում է 945-1050 դրամով, իսկ Երեւանում այն արժե 1300-1400 դրամ։ 1 լիտր ձեթի գինը Կրասնոդարում կազմում է 1050 դրամ, բայց հայաստանյան խանութներում այն գերազանցում է 1200-1300 դրամը։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ Հայաստանում ապրանքները կարող են ավելի թանկ լինել, որովհետեւ մեր վերամշակումները էներգակիրների առումով թանկ են վարում, քան Ռուսաստանում։ «Մեր ապրանքների մի մասի ներմուծումը պայմանավորված է դրսի գներով, հետո Ռուսաստանն ինքնաբավ պետություն է, Կրասնոդարի գյուղատնտեսությունը հարուստ է։ Հաշվի առեք տրանսպորտային բարձր գները, մանավանդ հիմա, երբ դոլարի փոխարժեքը բարձրացել է, եւ տրանսպորտի գները, միջազգային փոխադրումները նույնպես թանկացել են։ Երբեք ԵԱՏՄ անդամ երկիր լինելը չի նշանակում, որ բոլոր տեղերում գները պետք է նույնը լինեն։ Հետո հարկային քաղաքականությունն է տարբեր, բերում ենք ԵԱՏՄ անդամ երկրներից, ճիշտ է, մաքսատուրք չենք վճարում, բայց ավելացված արժեքի հարկը բարձր է, իսկ Ռուսաստանում դրանք դիֆերենցված են»,- պարզաբանեց մասնագետը։ Իսկ, ահա, մեկ այլ տնտեսագետի՝ Թաթուլ Մանսերյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական շուկա է եւ ճգնաժամային, այդ թվում նաեւ պարենային ճգնաժամի երեւույթներ են լինում, ապա անդամ երկրները իրար հետ համագործակցելու եւ բացը լրացնելու որեւէ խնդիր չպետք է ունենան. «Նույն ձեւով Հայաստանը կարող է թռչնամիս արտահանել այն ժամանակ, երբ ավելցուկ կլինի, եւ առաջին հերթին մյուս գործընկերները պետք է սպառեն։ Եթե այսպիսի թռիչք են ապրում գները, եւ վերահսկողական գործառույթ չի իրականացնում պետությունը, ապա պետք է հաշվի առնել՝ գոնե այդ գործարար առումով գրագիտությունը կամ իրազեկվածությունը պետք է բարձր լինի, որ մարդիկ կարողանան օպերատիվ այդ հարցը կարգավորել»։

 




Լրահոս