ԱԱԾ-Ն ԶԲԱՂՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐՑՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Ջերմուկի քաղաքապետի գործողությունների մասով:

 

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ է ստացել, որ Վարդան Հովհաննիսյանը, լինելով Ջերմուկ համայնքի ղեկավար, Ջերմուկ քաղաքի հրշեջ մասի եւ Ձախափնյակ թաղամասի 27-րդ բնակելի շենքի միջեւ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 80.000 քմ մակերեսով հողամասը 20.422.500 դրամով վաճառել է Նինա Մուշկամբարյանին: Կողմերի միջեւ կնքված պայմանագրի 7-րդ կետով նախատեսվել է էական պայման կառուցապատման աշխատանքներն ավարտել 5 տարվա ընթացքում, այնինչ հողամասի կառուցապատում ընդհանրապես չի իրականացվել, իսկ համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյանը չի կատարել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածի 4-րդ մասով նախատեսված իր լիազորությունները, միջոցներ չի ձեռնարկել պայմանագիրն առոչինչ ճանաչելու, հողամասը համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու ուղղությամբ, որի արդյունքում համայնքի շահերին անզգուշությամբ պատճառվել է էական վնաս: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավելին, երեկ shamshyan.com-ը գրել էր, որ ոստիկանության Ջերմուկի բաժնում ՀՀ քր օր-ի 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Ջերմուկի քաղաքապետ, 59-ամյա Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ:

Ըստ տեղեկությունների՝ Հովհաննիսյանի՝ իր անվամբ հաշվառված BMW մակնիշի 70 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորություններն այս տարվա մարտի 3-ի դրությամբ կազմել են մոտ 375 հազար դրամ: Նա կազմել եւ իր ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել է ավտոմեքենայի գույքահարկի գծով հարկային պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ զրոյական կեղծ տեղեկանք:

ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացել նաեւ, որ նշված տեղեկանքը Վ. Հովհաննիսյանն իր որդու՝ Ջերմուկի բնակիչ, 37-ամյա Գեւորգ Հովհաննիսյանի կողմից այս տարվա մարտին ներկայացրել է ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ավտոմեքենան օտարվել եւ հանվել է հաշվառումից:

ԱԱԾ-ում, մեկ այլ տեղեկություններով, Ջերմուկի քաղաքապետը կասկածվում է, որ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ իր կնոջ՝ Ջերմուկի բնակիչ, 55-ամյա Գայանե Հովհաննիսյանի՝ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու հարեւանությամբ գտնվող, Երեւանյան խճուղի 3/1 հասցեում որպես «Գայանե Հովհաննիսյան» ԱՁ գործող ռեստորանը 2016 թ.-ի դեկտեմբերից մինչեւ 2020 թ.-ի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում չի գրանցել որպես էլեկտրաէներգիա սպառող առանձին բաժանորդ եւ ռեստորանի էլեկտրամատակարարումն ապահովել է համայնքային ենթակայության տակ գործող, Ջերմուկի ճոպանուղին սնուցող էլեկտրաէնեգիայից, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է մոտ 1մլն 650 հազար դրամի գույքային վնաս: Վերոնշյալ տեղեկությունների մասով փորձեցինք զրուցել Ջերմուկի քաղաքապետի հետ՝ հայտնելով, որ Ազգային անվտանգության ծառայությունում եւ ոստիկանությունում իր գործողությունների մասով քննություն է սկսվել: Քաղաքապետը, լսելով հարցը, հայտնեց, որ շատ զբաղված է, հիմա չի կարող խոսել:

ArmLur.am-ը պատրաստ է լսել նաեւ քաղաքապետին, երբ նա ազատ ժամանակ գտնի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

Արմավիրի մարզում վճարահաշվարկային տերմինալ սարքերից կատարված գողության մի շարք դեպքեր են բացահայտվել։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

 

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 34-ամյա եւ 36-ամյա երկու բնակիչներ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ տարբեր օրերի, 34-ամյա տղամարդու կողմից վարվող ավտոմեքենայով, Արմավիրի մարզում տեղադրված թվով 3 վճարահաշվարկային տերմինալ սարքերը գողանալով, դրանք տեղավորել են ավտոմեքենայի սրահում եւ տեղափոխել: Այնուհետեւ վնասելու ուղղակի դիտավորությամբ՝ միասին պտուտակահանի եւ լինգի գործադրմամբ ճկել-բացելու եղանակով բացել են վճարահաշվարկային տերմինալ սարքի գումարների պահոցի դուռը եւ այնտեղից գողացել մետաղադրամներ եւ թղթադրամներ՝ պատճառելով զգալի եւ խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, վերոհիշյալ երկու տղամարդիկ կրկին ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2020թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 03.40-ի սահմաններում, 34-ամյա տղամարդու կողմից վարվող ավտոմեքենայով գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղ, կոտրել գյուղի 5-րդ փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալ սարքը եւ հափշտակել գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Բացի այդ, 34-ամյա տղամարդը 2020թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, միայնակ իր կողմից վարվող ավտոմեքենայով գնացել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղ եւ նախապես վերցրած պտուտակահանի գործադրմամբ ճկել-բացելու եղանակով բացել է Մայրաքաղաքային փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալ սարքի գումարների պահոցի դուռը եւ այնտեղից հափշտակել գումարներ՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 36-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ «ԳԱԶԵԼԻ» ՄԵՋ

Երեկ սպանություն է տեղի ունեցել Երեւանում. ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, դիակ կա։ Ժամանել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սեւան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաեւ ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ՝ հետևի նստարանին, հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղեւորի կրծքավանդակին, որը տեղում մահացել է։

Դեպքի վայրի զննություն են կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Հայրապետյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ս. Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Խմբի ղեկավար, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ, ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաեւ Կենտրոն վարչական շրջանի դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։ Ժամանել են նաեւ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիների խոսքով՝ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած այդ քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։

 




Լրահոս