ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի ընթացքում զենքերն ու ռազմամթերքը ապօրինի փոխադրելու գործով կալանավորված անձինք ուշագրավ ցուցմունքներ են տվել,  եւ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ այս գործով դատարանը կայացրել է դատավճիռ:

 

Armlur.am-ը հայտնել էր, որ Զոհրաբ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք եւ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու շուրջ նախնական համաձայնության գալով Հարութ Միրումյանի եւ Մեսրոպ Գասպարյանի հետ, 2020թ. հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետությունից գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ եւ պայթուցիկ սարք հանդիսացող Ֆ-1 տեսակի 1 նռնակ, որոնք ապօրինի պահելով Հարութ Միրումյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում՝ Արցախի Հանրապետության Աղավնո անցակետով դեպի Տեղ եւ Գորիս երթեւեկելու փոխարեն զենքերն ու ռազմամթերքը ապօրինի փոխադրել են Խոզնավար-Վերիշեն-Գորիս ավտոճանապարհով։ 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Վերիշեն բնակավայրում տեղակայված ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության անշարժ հենակետում հիշյալ ավտոմեքենան կայանելուց հետո կատարված զննությամբ ինքնաձիգները հայտնաբերվել են ավտոմեքենայի բեռնախցիկից, 60 փամփուշտները՝ հետեւի ուղեւորի դռան գրպանից, իսկ նռնակն ու 17 փամփուշտները Մեսրոպ Գասպարյանը ներկայացրել է իր հագին եղած բաճկոնի գրպանից:

Armlur.am-ին հայտնի է դարձել, թե գործով կալանավորված անձինք ինչ ցուցմունք   են տվել իրավապահներին, ինչու են զենք, ռազմամթերք պատերազմի դաշտից իրենց հետ  փորձել բերել Երեւան: Մասնավորապես,  գործով կալանավորված Զոհրաբ Գալստյանը  ցուցմունք է տվել եւ հայտնել. «Ես միտումնավոր ոչ մի բան չեմ  արել, վախից դրդված են այդ ամենը արել։ Զենքը չէի հանձնելու Գորիսում, քանի որ պետք է հետ դառնայի Հադրութ»։ Կալանավորված անձանցից Հարութ Միրումյանն էլ ցուցմունք է տվել եւ հայտնել՝  իրեն մեղավոր չի ճանաչում, 2020 թվականի հոկտեմբերի 23-ին Զոհրաբը Մեսրոպի հետ եկել է իր տուն։ Այդ օրը մնացել են իրենց տանը։ Հաջորդ օրը Զոհրաբին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով որոշել են գնալ Արցախ զինվորներին իրեր տանելու նպատակով։ Քաշաթաղից իրենց հետ են տվել։ Այդ օրը մնացել են իր տանը եւ հաջորդ օրը ճանապարհվել Արցախ։ Հասել են Մատաղիսի զորամաս, զինվորներին տարբեր իրեր փոխանցել եւ այդ օրը մնացել զինվորների հետ։ Հաջորդ օրը գնացել են զորամասի ավտոպարկ, իրենց ավտոմեքենայի անվադողերը տվել զինվորներին եւ վերցրել զինվորական շտապօգնության մեքենայի անվադողերը։ Ժամը 13։00-ից 14։00-ի սահմաններում շարժվել են Մատաղիսից։

Մեքենան վարել է ինքը, քանի որ Զոհրաբը հոգնած էր։ Ստեփանակերտում մեքենան գազ են լիցքավորել։ Ճանապարհին Զոհրաբն ասել է, որ ավտոմեքենայում զենք կա, որը վերցրել է ինքնապաշտպանության նպատակով։ Այդ ժամանակ ասում էին, որ Քաշաթաղում դիվերսիոն խումբ կա։ Վերիշեն գյուղում գտնվող անցակետում իրենց կանգնեցրել են ԱԱԾ եւ ոստիկանության ծառայողները։ Նրանք ներկայացել են եւ ասել, որ բացեն բեռնախցիկը։ Համաձայնել են, եւ  բեռնախցիկը բացելուց հետո ԱԱԾ ու ոստիկանության ծառայողները գազի բալոնի վրա հայտնաբերել են ինքնաձիգ, իսկ մեքենայի սալոնից՝ փամփուշտներ։ Նշված զենքը բերում էին հանձնելու նպատակով եւ ցանկանում էին այն հանձնել Գորիսի ոստիկանություն։ Մեսրոպ Գասպարյանը Զոհրաբ Գալստյանի հետ առերես հարցաքննվելիս ցուցմունք է տվել, որ Մատաղիսում գտնվելու ընթացքում՝ իրենց հասած օրը, ասել են, որ Արցախ դիվերսիա է մտել։ Տղաները նույնիսկ զարմացել են, որ իրենք առանց զենքի ռիսկ են արել գնալ այնտեղ։ Զոհրաբը նրանց ասել է, թե արդյոք զենք կա իրենց տալու համար, ինչին պատասխանել են, որ անտառի մեջ լիքը զենք եւ ռազմամթերք կա թափված։ Նրանք բերել են երկու ինքնաձիգ եւ փամփշտատուփեր։ Ինչքան հիշում է, այդ ժամանակ Հարութը մեքենայի մոտ էր, եւ նա է բացել բեռնախցիկը, ու զինվորները զենքերը դրել են այդտեղ:  Դատավոր Նապոլեոն Օհանյանը, լսելով մեղադրյալներին, դատավճիռ է կայացրել եւ Զոհրաբ  Գալստյանին ազատազրկման է դատապարտել  2 տարի ժամկետով, Մեսրոպ Գասպարյանի ազատազրկման է դատապարտել  4 տարի ժամկետով, Հարութ Միրումյանին՝ 2 տարվա ազատազրկման:

 

 

 

ՀՈՏՆԿԱՅՍ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ

«Ես արել եմ այն, ինչ արել եմ, բայց հիմա գտնվում եմ Ազգային ժողովում որպես անկախ պատգամավոր եւ ուզում եմ՝ խմբակցությունից իմ դուրս գալու հարցը մեկընդմիշտ փակվի եւ այլեւս չշահարկվի…Ես խորհրդարան եկել եմ «Իմ քայլը խմբակցության ընտրացուցակով եւ ուզում եմ մի բան ասել. առաջին ընտրական ցուցակում ներկայացված են եղել մի խումբ թեկնածուներ, որոնցից մեկը ես եմ, եւ ի տարբերություն ինձ՝ ով կուսակցական երբեւէ չի եղել, ես այդ նույն ընտրատարածքում ավելի շատ ձայն եմ հավաքել, քան հնաբնակները»,- ասաց Գոռ Գեւորգյանը:

Պատգամավորը նաեւ ընդգծել է, թե չի հասկանում, թե ինչու են այդ հարցի շրջանակներում այդքան լայն քննարկումներ ծավալվում:

«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ պետք է լինի հանդուրժողականություն, հարգանք, եւ ուզում եմ հասկանալ՝ մի՞թե իմ՝ խմբակցությունից դուրս գալը կամ մյուս պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալն ամենամեծ բեռն է եւ ծանրագույն ողբերգությունը, որի շուրջ այսքան քննարկումներ են ծավալվում»,- նշել է նա:

Գոռ Գեւորգյանն անդրադարձել է հանգամանքին՝ Ազգային ժողովի պատգամավորները հոտնկայս ծափահարել են Նիկոլ Փաշինյանին վերջինիս ելույթի ժամանակ։ Պատգամավորն ընդգծել է, որ հոտնկայս ծափահարությունները նման իրավիճակում առնվազն անընդունելի են: «Ես իմ հայտարարություններում որեւէ մեկին չեմ ցանկացել թիրախավորել, ես ուղղակիորեն մեկնաբանել եմ՝ ասելով, որ հոտնկայս ծափահարություններն ինձ համար եղել են անընդունելի, եւ ես պարզապես ասել եմ իմ կարծիքը  եւ գնահատականներ չեմ տվել»,- ասել է պատգամավորը:

 

 

14 ԶՈՀ, 3 ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ

Նոյեմբերյան քաղաքը եւ  սահմանամերձ Բերդավան, Դովեղ, Ջուջեւան, Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան գյուղերը ներառող Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհվել են Նոյեմբերյան համայնքի 14 բնակիչ, ովքեր հուղարկավորվել են։ Համայնքի 3 բնակիչ՝ 2-ը Նոյեմբերյան քաղաքից, Կոթիի բնակիչ,  համարվում են անհետ կորած։

 

 

 

ԵՐԹԵՎԵԿԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ՞

Միջպետական ավտոճանապարհի հատվածում հաճախ խցանումներ են առաջանում: 2015թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ Իջեւանի շուկայի դիմաց մեքենաների  երթեւեկն  ապահովելու համար արգելապատնեշ տեղադրվեց, ինչը նվազեցրեց խցանումները, սակայն հետիոտների անցման համար նախատեսված տեղով  բնակիչները, մեկ-մեկ հատելով, միջպետական ճանապարհին խոչընդոտներ են ստեղծում մեքենաների երթեւեկի համար:  Մարզպետ Հ. Աբովյանը նախատեսում էր  2017թ. հետիոտների ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցել, բետոնե  արգելապատնեշների երկարությունը ավելացնել, սակայն դրանք չիրականացան։  2017թ. մայիսի 10-ին Իջեւանի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին միջպետական ավտոճանապարհը. նրանց պահանջներից մեկը նշված բետնոնյա արգելապատնեշները հանելն էր։ Իջեւան համայնքի  ավագանին 2021թ. մարտի 4-ի նիստում որոշել է քաղաքային շուկայի դիմաց երթեւեկությունը կարգավորող լուսացույցներ տեղադրել եւ Իջեւանի փողոցներում գծանշումներ կատարել։

 

 

 

ԿԻՍԱՏ Է

Տավուշի մարզի Նոյեմբերյանի  սահմանամերձ Կողբ գյուղում «Թումո» կենտրոնի շինարարությունը կիսատ է: Այժմ շինարարական աշխատանքներ չեն կատարվում։ Պատճառը թերի ֆինանսավորման պատճառով շինարարական մրցույթներ չանցկացնելն է։ Շինարարական աշխատանքների մեծ մասը կատարվել է, մնում են շենքի կառուցապատման որոշ աշխատանքներ, նաեւ շենքի  ներսի հարդարման գործը։ Կողբում «Թումո» կենտրոնի շինարարությունը սկսվել է գրեթե  4 տարի առաջ՝ 2017թ. հունիսի 7-ին։ Բացման արարողությանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, «Թումո»-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանը, տեղական դպրոցների, ինչպես նաեւ տեղի զորամասի ներկայացուցիչները։ Կենտրոնը կկարողանա ընդունել 600-1000 պատանիների Կողբից, ինչպես նաեւ հարեւան Նոյեմբերյան քաղաքից եւ սահմանամերձ  Բերդավան գյուղից։ «Թումո Կողբ» կենտրոնի դիզայնը ներառելու է դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոդահլիճ եւ բացօթյա տարածք մարզական ու  ժամանցային գործունեության համար։ Կենտրոնում նաեւ անցկացվելու է «Թումո  Բանակ» ծրագիրը, որի շրջանակներում մոտակա զորամասի ժամկետային  զինծառայողները  նույնպես  կհմտանան «Թումո»-ի ոլորտներում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս