ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՆԵՐԻՆ. ՎԵՐՋ ԹԱՎԻՇԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը հասավ իր նպատակին. երեկ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի ստորագրությամբ կասեցվեցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, եւ ԲԴԽ նախագահի պարտականությունները այսուհետ կկատարի Գագիկ Ջհանգիրյանը։ Այս փոփոխությունը պատահական չէր, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր քրեական գործերի սպառնալիքներով հասնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականին։ Հիշեցնենք, որ նաեւ Վարդազարյանի կնոջը հրավիրել էին ՀՔԾ մի քրեական գործով, որը հարուցված էր իր հայտարարագրի ուսումնասիրության հիման վրա։ Դրանից բացի, Ռուբեն Վարդազարյանի հետ կապված երկու քրեական գործ կա հարուցված: Եվ ստացվում է՝ իշխանությունները չեն բավարարվել խորհրդարանում նրա դեմ արշավով եւ անցել են պատժի այլ մեթոդի: Ռուբեն Վարդազարյանի դեմ արշավը վաղուց էր սկսվել. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականի հունիսի 10-ի իր համարում գրել էր, որ իշխանությունները պահանջ են դրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում գրի եւ հեռանա համակարգից: Պատճառն էլ այն էր, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Գրել էինք, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանից հետո հաջորդը լինելու է հենց Վարդազարյանը։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունների հաջորդ թիրախը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։ Նկատենք, որ թեեւ Գագիկ Ջհանգիրյանի տարիքը չի համապատասխանում ԲԴԽ անդամ ընտրվելու համար, սակայն օրենքները շրջանցելով՝ նրան ուղարկեցին ԲԴԽ, որպեսզի բոլոր անհնազանդ դատավորներին իր բուռը հավաքի։ Իհարկե, իշխանությունները ԲԴԽ նախագահի պաշտոնը խոստացել են Ջհանգիրյանին։

Այսպիսով, մաքրություն եւ անաչառություն քարոզող իշխանությունները, ում դուր չէին գալիս Ռուբեն Վարդազարյանի անցյալը եւ ընկերական կապերը, ԲԴԽ նախագահ դարձրին մի մարդու, ում՝ զինդատախազ եղած տարիների՝ դաժանություններով ուղղորդված  ապօրինությունների մասին բազամաթիվ աղմկահարույց գործեր կան։ Ամենաուշագրավը Մատաղիսի գործն է, երբ Ջհանգիրյանի մեղքով մի խումբ անմեղ երիտասարդներ շուրջ վեց տարի անցկացրին բանտում, այնուհետեւ արդարացվեցին, իսկ Հայաստանը պարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

 

 

 

Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն արդեն հարց է ներկայացրել Եվրահանձնաժողովին, որ պատշաճ արձագանքեն Ադրբեջանի կողմից «պուրակի»  բացմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆուրլասը նշեց. «Սա աննախադեպ սադրանք եւ վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ, որն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Հագնելով զինվորական համազգեստ եւ կեցվածք ընդունելով ճակատամարտում զոհված հայ զինվորների հարյուրավոր սաղավարտների առջեւ՝ նա տպավորություն է ստեղծում, որ պատերազմն ավարտված չէ, եւ ատելություն է սերմանում ժողովուրդների միջեւ: Ես արդեն հարց եմ ներկայացրել Եվրահանձնաժողովին, թե ինչպես է գործնականում մտադիր արձագանքել Ադրբեջանի նախագահի նողկալի գործողությանը: Դատապարտումը պետք է լինի հավաքական եւ տա ԵՄ միասնության ուղերձը: Բայց, դրանից դուրս, այն պետք է լինի գործնական եւ արդյունավետ»: Ապրիլի 12-ին նա՝ որպես զեկուցող, մասնակցել է Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման եւ վերադարձի հարցով քննարկմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ֆուրլասը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով քննարկմանը, նշեց, որ անհայտ կորածների ողբերգությունը պետք է անհապաղ ավարտվի: «Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների արագ վերադարձը: Հայ գերիների պահումը եւ վատ վերաբերմունքը պատերազմական հանցագործություն է, քանի որ բոլոր հայ գերիները օրինականորեն համարվում են «ռազմագերիներ»», – նշեց Եվրախորհրդարանի պատգամավորը։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ամբիոնից պատերազմի, արված օպերացիաների, թերացումների մասին հայտարարությունը մի շարք գեներալների, գնդապետների խիստ մտահոգել է, թե ինչու էր այդ մասին ԱԺ ամբիոնից վարչապետը հրապարակավ ասում: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ բարձրաստիճան զինվորականները քննարկել են, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի եւ վարչապետի այս հրապարակային վեճը լավ տեղ չի տանի ու բանակին նոր մարտահրավերներ կնետի: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ մարտի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ հրամկազմին է ներկայացրել Արտակ Դավթյանին, փակ քննարկման ժամանակ գեներալներից շատերը հետաքրքրվել են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, արդյոք իրենք 44-օրյա պատերազմի հետ կապված ինչ-որ քրեական գործերով են անցնելու կամ դատվելու: Փաշինյանը վստահեցրել է, որ ոչ մի փաստահավաք խումբ չի ստեղծվելու, որեւէ քննություն չի իրականացվելու, բոլորը կարող են իրենց գործառույթները հանգիստ իրականացնել: Ավելին, ըստ նույն տեղեկությունների՝ Փաշինյանը նշել էր, թե իրենք կարող են ներքին քննարկումներ իրականացնել ու իրենց մեջ որոշել՝ որտեղ ով ինչպես սխալվեց, հետեւություն անեն: ԶՈւ հրամկազմն էլ, վստահ լինելով, որ ամեն ինչ լավ է, խաղաղվել ու անցել էր իր գործին: Բայց նախօրեին վարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ կազմը, կարելի է ասել, տագնապի մեջ են, քանի որ առաջիկայում հնարավոր են կտրուկ շրջադարձեր:

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է Հայաստանում ստեղծել  Խուզարկուների միություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովին է ներկայացրել  «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Հիմնավորման մեջ դատախազությունը նշում է, թե մասնավոր խուզարկուական գործունեության հետ կապված չկան իրավական կարգավորումներ, եւ դատախազությունը որոշել է օրենքով Հայաստանում թույլատրել մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնել՝ միեւնույն ժամանակ սահմանելով այդպիսի գործունեության թույլատրելի սահմաններն ու դրսեւորումները: Նշվում է, որ օրենքի մշակման շրջանակներում ուսումնասիրվել է նաեւ տվյալ ոլորտում միջազգային իրավական փորձը, այդ թվում՝ ուսումնասիրվել են Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ այլ երկներում գործող իրավական ակտերը, որոնց կարգավորումները եւս հիմք են ընդունվել նախագիծը մշակելիս: Օրինակ՝ մասնավոր խուզարկուն կարող է տեղեկություններ հավաքագրել գույքի ծագման՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով օրինականության վերաբերյալ, որոնել այն ֆիզիկական անձանց, ում վերաբերյալ նրանց բնակության վայրում որոնումը սկսելուն նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում տեղեկություններ չեն ստացվել: Նշենք, որ Խուզարկուների միության նախագահն ընտրվելու է 4 տարի ժամկետով: Կարճ ասած, մտադիր են ստեղծել մարդկանց կյանքի մեջ քիթները մտցնողների միություն, որը մեծապես կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով եւ պաշտոնյաներով։

 




Լրահոս